Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում, որը սահմանակից է Ուկրաինայի Սումիի մարզին, արտակարգ դրություն է հայտարարվել։ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) տվյալներով՝ օգոստոսի 7-ին Ուկրաինայի զինված ուժերի զրահամեքենաները մտել են սահմանից մոտ 10 կիլոմետր խորությամբ։ Մարտերը հիմնականում ընթանում են Սուջի շրջանում։ Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարությունը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ուկրաինայի զինված ուժերը օգոստոսի 6-ի լուսադեմին հարձակում են սկսել Կուրսկի ուղղությամբ։ Օգոստոսի 7-ին նրանք գրավել են Սումիի և Կուրսկի շրջանների սահմանին գտնվող «Սուջի» անցակետը և գերի վերցրել մի քանի տասնյակ ռուս սահմանապահների։ Բացի այդ, ըստ տեղեկությունների, նրանց ձեռքում է հայտնվել անցակետից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող «Սուջի» գազի չափիչ կայանը՝ Ռուսաստանի մայր գազատարի ենթակառուցվածքի մի մասը, որով գազը Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրոպա։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ուկրաինայում կռվող Վանո Նադիրաձեն հայտնել է, որ դեսանտային խմբերից մեկը ղեկավարել է վրացի Գիորգի Փարցվանիան։ Բացի այդ, Նադիրաձեն նաև լուսանկար է հրապարակել Facebook սոցիալական ցանցում, որտեղ Փարցվանիան պարզել է Վրաստանի դրոշը։ «20-րդ դարում Քանթարիան էր, իսկ հիմա՝ 21-րդ դարում՝ Փարցվանիան։ Վրաստանի դրոշը Ռուսաստանի տարածքում»,- գրել է Նադիրաձեն։
Տեղեկություններն այն մասին, որ Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ սպանվել է Ռուսաստանի պետական հեռարձակող ընկերության «ռազմական թղթակից» Եվգենի Պոդուբնին, չեն հաստատվել։ Քարոզիչը վիրավորվել է և այժմ բուժում է ստանում Կուրսկի հիվանդանոցում։
Ռուսաստանի առողջապահության նախարարության՝ օգոստոսի 7-ի օրվա վերջին հրապարակված տվյալների համաձայն, Կուրսկի ռմբակոծության հետևանքով տուժել է 31 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ Նրանցից 19-ը հոսպիտալացվել են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «Կիևի ռեժիմի հերթական լայնածավալ սադրանքը»։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը Պուտինին զեկուցել է, որ «օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 05:30-ին Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց թիվը հասնում է հազար մարդու, հարձակման են անցել Կուրսկի մարզի Սուջի շրջանի տարածքի մի մասը գրավելու նպատակով»։ Գերասիմովի խոսքով՝ նրանց առաջխաղացումը տարածքի խորքում Կուրսկի ուղղությամբ կասեցվել է։ «Հակառակորդի կորուստները կազմել են 315 մարդ, այդ թվում՝ առնվազն 100 սպանված և 215 վիրավոր։ Ոչնչացվել է 54 զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ»,- ասել է Գերասիմովը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայից նախնական տեղեկատվություն չի ստացել Կուրսկի մարզում որևէ գործողության մասին․ «Սակայն արտառոց չէ, որ ուկրաինացիները մեզ չեն հայտնում իրենց ստույգ մարտավարության մասին նախքան դրանք կիրառելը: Սա պատերազմ է, որը նրանք են մղում։ Մենք նրանց տեխնիկա ենք տալիս, խորհուրդներ ենք տալիս, բայց երբ խոսքը վերաբերում է առօրյա մարտավարությանը, ամենօրյա հարվածներին, որ նրանք անում են, երբեմն հաղորդակցվում ենք դրանց մասին, երբեմն՝ ոչ»:
Արտաքին քաղաքականության հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիթեր Ստանոն ասել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ Ուկրաինան օրինական իրավունք ունի պաշտպանվելու, այդ թվում՝ ագրեսորի տարածքում նրան հարվածելու։