Դավիթ Խիդաշելի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» կոչ է անում գլխավոր դատախազությանը հետաքննություն սկսել Ռաճայի անտառների տնօրինման վերաբերյալ կառավարության ընդունած որոշման առնչությամբ։ Ըստ կազմակերպության՝ Ռաճայի անտառները Դավիթ Խիդաշելիին հանձնելով, պետությանը հասցվել է կոնկրետ ֆինանսական վնաս, և դրա պատճառը կարող է լինել կոռուպցիոն գործարքը կամ որոշում կայացնող պաշտոնյաների կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ռաճայի տարածքի մեկ երրորդում մասնավոր որսորդական տնտեսության ստեղծման լիցենզիայի տրամադրման պատճառով հնարավոր չէ ստեղծել համեմատաբար մեծ պահպանվող տարածք, որն ավելի մեծ եկամուտ կբերեր։ Մեր հաշվարկներով՝ այս կերպ պետությունը կորցնում է մոտ 2 057 593 լարիի (619 757 ԱՄՆ դոլար) ուղղակի եկամուտ։

2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում որոշում կայացնողները Ռաճայի անտառների վերաբերյալ երկու առաջարկ են քննարկել.

Մի առաջարկը պատկանում էր Ռուսաստանի հետ կապեր ունեցող գործարարին, ով չի կատարել իր նախկին պարտավորությունները պետության հանդեպ և որը մեկ հեկտարի համար առաջարկել է 11 լարի (58,7 լարի ներդրումային պարտավորությամբ),

Երկրորդը պատկանում է հեղինակավոր միջազգային հիմնադրամին, որը 8,5 մլն եվրո է ներդրել Վրաստանի բնության պահպանման համար և երաշխավորված 45 ԱՄՆ դոլար է առաջարկել մեկ հեկտարի համար (մոտ 149,2 լարի), ինչը 13 անգամ ավելի է, քան առաջին առաջարկը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պետք է հեշտ լիներ որոշում կայացնել, որը առավելագույն օգուտ կբերեր պետությանը այս երկու առաջարկներից, այն է՝ առավելագույն մեծությամբ պահպանվող տարածքի ստեղծում և միայն դրանից հետո մնացած տարածքի համար որսորդական տնտեսության լիցենզիայի տրամադրում: Ընդունված որոշմամբ պետությունը կորցրել է շուրջ 2 057 593 լարիի եկամուտ։

Գործի հանգամանքները վկայում են այն մասին, որ որոշումը, հավանաբար, կայացվել է ի հեճուկս պետության ֆինանսական շահերի՝ հօգուտ ռուսաստանյան կապեր ունեցող գործարարի շահերի, ինչի պատճառը կարող է լինել կոռուպցիոն գործարքը կամ որոշում ընդունող պաշտոնատար անձանց ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարումը»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի հայտարարության մեջ։

Կազմակերպությունը շեշտում է այն հանգամանքները, որոնց համաձայն Դավիթ Խիդաշելին սովորական գործարար չէ, և որ նա Բիձինա Իվանիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մտերիմներից է.

  • Դավիթ Խիդաշելին ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի բիզնես գործընկերն է և ընկերը։ 2007-2014 թվականներին գլխավորել է Եվտուշենկովի «Սիստեմ» ընկերությունը (ռուսական խոշորագույն կորպորացիա), որը ներգրավված է ռուսական ռազմական արդյունաբերության մեջ։ 2022 թվականի ապրիլի 13-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Եվտուշենկովի նկատմամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայում։
  • Եվտուշենկովը մտերիմ հարաբերություններ ունի նաև Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Լրատվամիջոցներում տարածված գաղտնի ձայնագրությունների համաձայն՝ ուկրաինական պատերազմից հետո Իվանիշվիլին բիզնես առաջարկ է ստացել Եվտուշենկովից և առաջարկել նրա ներկայացուցչին հանդիպել երկրի վարչապետի հետ (վարչապետ Ղարիբաշվիլին մինչև 2012 թվականը եղել է Բիձինա Իվանիշվիլիի անձնական օգնականը)։ Եվտուշենկովը հաստատել է Ղարիբաշվիլիի հետ հանդիպումը, Խիդաշելին հերքել է, բայց հաստատել է իր մասնակցությունը Եվտուշենկովի առաջարկին։
  • Դավիթ Խիդաշելին այսպես կոչված «Քարտեզագրողների» գործով գլխավոր դերակատարն է՝ հետաքննությունը սկսվել է Ռուսաստանում նրա կողմից ձեռք բերած քարտեզների հիման վրա։ Հասարակական կազմակերպությունների և հանրային պաշտպանի գնահատմամբ՝ այս գործը եզակի քաղաքական դրդապատճառներ է ունեցել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Դավիթ Խիդաշելին տեղագրական քարտեզները ձեռք է բերել ռուսական արտաքին հետախուզության գաղտնի սպա Օլեգ Մուբարաշկինի օգնությամբ։ Ինքը՝ Դավիթ Խիդաշելին նշել է, որ Բիձինա Իվանիշվիլին է խնդրել իրեն գտնել քարտեզները, ինչի համար Իվանիշվիլին հրապարակավ շնորհակալություն է հայտնել։
  • 2022 թվականի մայիսի 28-29-ը վարչապետ Ղարիբաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Հորդանանում։ Ինչպես պարզվեց, անհայտ կարգավիճակով կառավարական պատվիրակության կազմում էր նաև Դավիթ Խիդաշելին:

Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 49 տարով Դավիթ Խիդաշելիին 104 հազար 712 հեկտար անտառ փոխանցելու լուրը հանրությանը հայտնել է «Մթիս Ամբեբին», ինչը հանգեցրեց հասարակության խիստ բացասական արձագանքին։ «Կանաչ այլընտրանք»-ը և Ռաճայի համայնքային կազմակերպությունը բողոքարկել են կառավարության կայացրած որոշումները դատարանում և պահանջում են չեղարկել դրանք։ Միայն դրանից հետո կառավարությունը հայտարարեց, որ Ռաճայում ստեղծելու է 50 894 հա մակերեսով պահպանվող տարածք։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):