Ռիկոթիի լեռնանցքի Խևի-Ուբիսա հատվածի կամուրջներից մեկի կառուցման վրա աշխատող բանվորներից մեկը մահացել է։ Փրկարարներն այսօր նրա դին գտել են գետում։
Մահացածը 50-ամյա Ռամազ Բարբաքաձեն է, ով Խարագաուլիի մունիցիպալիտետի Բորիթ գյուղից էր։ Տեղացիների խոսքով՝ նա երեկ ընկել է Ուբիսայի մոտ կառուցվող կամրջից, իսկ հետո նրան տարել է գետի հոսանքը։ Դին հայտնաբերվել է այսօր՝ դեպքի վայրից մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը վերաբերում է շինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի կամ այլ լուրջ հետևանքների։
Խևի-Ուբիսա 12,2 կիլոմետրանոց հատվածում կառուցվում են մի քանի կամուրջներ և անցումներ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է Ավտոճանապարհային դեպարտամենտի հայտարարած մրցույթում հաղթող չինական «Հունան ճանապարհների և կամուրջների շինարարական խումբ» (Hunan Road and Bridge Construction Group) ՍՊԸ-ն։
