Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա է հանձնվել։ Այս որոշման պատճառ են դարձել պրոպագանդիստ Դմիտրի Կիսիլյովի հայտարարությունները ռուսական պետական «Ռոսիա 1» հեռուստաալիքի հաղորդման ընթացքում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պարզաբանմամբ՝ հաղորդման ընթացքում «հնչել են արհեստականորեն գեներացված նարատիվներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։
«Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում համապատասխան բողոքի նոտա է հանձնվել դեսպանին»,- հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։
«Վեստի Նեդել» հաղորդման մեջ Դմիտրի Կիսիլիովն ասում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ամբողջովին անտեսել է և՛ եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, և՛ Իլհամ Ալիևի կատեգորիկ պահանջը՝ վերջնականապես բացել Զանգեզուրի միջանցքը»։
Բացի այդ, Կիսիլիովն ասել է, որ Հայաստանը սկսել է անդամակցել Եվրամիությանը, և կառավարությունն արդեն պատրաստել է համապատասխան օրինագիծ, որը Ռուսաստանում արդեն անվանել են Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթացի սկիզբ։ Կիսիլյովը նշել է, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է արտոնյալ գնով, սակայն նշված կազմակերպությունից դուրս գալուց հետո այլևս չի կարող օգտվել «նման ջերմոցային պայմաններից», բացի այդ, հայկական արտադրանքի արտահանումը կնվազի 70-80 տոկոսով։
Կիսիլիովի խոսքով՝ վարչապետը «առաջ է մղում Ռուսաստանի, ներկայիս դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները սահմանափակելու իր սեփական գիծը»։ Որպես դրա փաստարկ՝ նա բերել է Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ որի՝ հայկական պատվիրակությունը չի մեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստին և մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով։
«Կուրսը պարզ է՝ բոլոր հույսերը կապված են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ոչ մի լավ բանով չի ավարտվի, ինչպես ասում են՝ ձեր ընտրությունը»,- ասել է քարոզիչը։ Կիսիլիովը նշել է, որ Հայաստանը, հավանաբար, «մեծ քանակությամբ զենք է ստանում Ֆրանսիայից՝ ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի»։
