Ռուս օկուպանտները Կիրբալի գյուղի մոտ տեղի բնակչի են սպանել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մերձակայքում ռուս զինվորները ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ սպանել են տեղի բնակիչ Թամազ Գինտուրիին։ Թամազ Գինտուրին եղել է հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամ և 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ կրակոցները տեղի են ունեցել օկուպացված տարածքում։

«Տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ՌԴ օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել, մեկ քաղաքացի ապօրինի ձերբակալվել է», - ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։

Լևան Դոդիաշվիլին ապօրինի կերպով ձերբակալված է օկուպացիոն ուժերի կողմից։ Ենթադրաբար նրան տեղափոխել են Ցխինվալիի քննչական մեկուսարան։

Աջ կողմում՝ սպանված Թամազ Գինտուրի, ձախ կողմում՝ առևանգված Լևան Դոդիաշվիլի

Շիդա Քարթլիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Թամազ Գինտուրիի սպանության և Լևան Դոդիաշվիլիի առևանգման փաստով Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ և 143-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են դիտավորյալ սպանությանը և ապօրինի ազատազրկմանը։

«Կիրբալի գյուղի մոտ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության ծանր միջավայրը տեղում և խոսում է օկուպացիայի ծանր հետևանքների մասին, որոնց դեմ, ցավոք, Վրաստանի իշխանության հետ միասին, դիմակայում են նաև խաղաղ բնակիչները»,- այսպես է անդրադարձել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կիրբալի գյուղում ռուս զինվորականների կողմից տեղի բնակչի սպանությանը։

«Ցավակցում եմ մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին այս ծանրագույն ողբերգության համար։ Պետությունն այս դժվարին պահերին նրանց կողքին է։ Նշված միջադեպի կապակցությամբ գործարկվել են բոլոր համապատասխան մեխանիզմները, տեղեկացվել են միջազգային գործընկերները։ Ակտիվ աշխատանքներ են տարվում օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Վրաստանի ևս մեկ քաղաքացու շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական ​​տալ և արձագանքել տեղի ունեցածին, ինչպես նաև օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներին՝ համագործակցել բոլոր կողմերի հետ՝ մեղավորին բացահայտելու և պատժելու համար»,- նշում է վարչապետը։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես արձագանքել է Վրաստանի քաղաքացու սպանությանը. «Ես խորապես վրդովված եմ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալման ժամանակ Վրաստանի քաղաքացու սպանությունից։

Վրացական պետականության վրա այս կոպիտ հարձակումը հերթական անգամ բացահայտում է «նույնադավան եղբոր» իրական դեմքը։

Ես շտապ կոչ եմ անում միջազգային հանրությանը միանշանակ դատապարտել Ռուսաստանի գործողությունները, որը բացահայտ և անամոթաբար խախտում է բոլոր միջազգային նորմերը»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին X-ի միկրոբլոգում (նախկին Twitter):

Տեղացիների խոսքով՝ սպանությունը տեղի է ունեցել Լոմիսիի Սուրբ Գիորգիի եկեղեցու մոտ։ Սա հենց այն տաճարն է, որի դուռը օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները մի քանի օր առաջ թիթեղով փակել էին։ Օգոստոսի 28-ին հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան հրապարակել էր այս փաստը պատկերող լուսանկարներ։

Կիրբալիի Լումիսի Սուրբ Գիորգի եկեղեցի

Կիրբալի գյուղը գտնվում է Գորի քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, ունի մոտ 500 բնակիչ։ 2008-ի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո գյուղի գերեզմանատունը և հարյուրավոր հեկտար հողատարածքներ հայտնվել են օկուպացիոն գծից այն կողմ։

Կիրբալին համարվում է Գորիի մունիցիպալիտետի օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղերից ամենավտանգավորը։ Գյուղում գրեթե ընտանիք չի մնացել, որի անդամներից մեկին ռուս զինվորականները չեն ձերբակալել և կամ չեն տեղափոխել Ցխինվալիի մեկուսարան։ Ռուս զինվորները ձերբակալում են տեղի բնակիչներին, երբ նրանք արածեցնում են իրենց անասուններին, գնում անտառ՝ վառելափայտ բերելու կամ եկեղեցի՝ աղոթելու:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։