Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում տագնապ է հայտարարվել: Ռուսական ռազմական ուժերը ռմբակոծել են Կիևը, Լվովը, Զապորոժիեն, Դնեպրոպետրովսկը, Նիկոլաևը, Ժիտոմիրը, Խմելնիցկին, Կրիվոյ Ռոգը և Խարկովը։ Ուկրաինայի ՆԳՆ տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Կիևի վրա հարձակման ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 12-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում մնալ ապաստարաններում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ հոկտեմբերի 10-ի առավոտից ռուսական ուժերը 75 հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որից ուկրաինական ուժերը խոցել են 41-ը։
«Ահաբեկչական պետությունը՝ Ռուսաստանի Դաշնությունը, զանգվածային հրթիռային և օդային հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքում, օգտագործում է անօդաչու թռչող սարքեր։ Առավոտյան ագրեսորը 75 հրթիռ է արձակել։ Դրանցից 41-ը վնասազերծվել է մեր ՀՕՊ-ի կողմից։ Զինված ուժերն ամեն ինչ անում են մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- գրել է Զալուժնին։
Ըստ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովի, պայթյունը տեղի է ունեցել կրիտիկական հաստատությունների ուղղությամբ։ Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով ՋԷԿ-ը չի աշխատում, ինչի պատճառով էլ կրճատվում է բնակչությանը տաք ջրի մատակարարումը։ Ըստ քաղաքապետի՝ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման: Հրթիռային հարձակումների սպառնալիքի պատճառով Ուկրաինայի մի քանի շրջաններում փակվել են դպրոցները։
Իվանո Ֆրանկովսկ քաղաքում դադարեցվել է տրանսպորտային երթևեկությունը: Քաղաքապետ Ռուսլան Մարցինկովը քաղաքացիներին հորդորել է ուշադրություն դարձնել օդային նախազգուշացման ազդանշանին, մնալ ապաստարաններում և շարունակել ուսումնառությունն ու հեռավար աշխատանքը։ Նրա խոսքով՝ ուկրաինական քաղաքների վրա հարձակումները կարող են «բավականին երկար» տևել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երկրի տարածքում հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
«Լայնամասշտաբ պատերազմի 229-րդ օրը: 229 օր է՝ փորձում են մեզ ոչնչացնել ու անհետացնել աշխարհի երեսից, ոչնչացնել Զապորոժիեում իրենց տներում քնած մարդկանց, սպանել Դնեպրում և Կիևում աշխատանքի գնացող մարդկանց: Խնդրում եմ չլքեք ապաստարանները։ Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին»:
Կիևի փողոցներում տեսագրված տեսանյութում Զելենսկին ասում է, որ Ռուսաստանը իրանական «Շահիդներով» է հարձակումներ իրականացրել ուկրաինական քաղաքների վրա:
«Մենք գործ ունենք ահաբեկիչների հետ։ Իրանական «Շահիդի» տասնյակ հրթիռներ են կիրառվում: Նրանք երկու թիրախ ունեն: Էներգետիկ օբյեկտները ամբողջ երկրում: Կիևի մարզ և Խմելնիցկի մարզ, Լվով և Դնեպր, Վիննիցա, Ֆրանկիվի մարզ, Զապորոժիե, Սումիի մարզ, Խարկովի մարզ, Ժիտոմիրի մարզ, Կիրովոգրադի մարզ, երկրի հարավ: Ուզում են խուճապ ու քաոս առաջացնել, ուզում են քանդել մեր էներգետիկ համակարգը։ Նրանք անհույս վիճակում են։
Երկրորդ թիրախը մարդիկ են: Հատուկ այնպիսի ժամանակ ու թիրախներ են ընտրել, որ հնարավորինս շատ վնաս պատճառեն։ Բայց մենք ուկրաինացիներ ենք, օգնում ենք միմյանց, հավատում ենք մեզ, կվերականգնենք այն ամենը, ինչ ավերվել է։
Հիմա կարող են պարբերաբար էլեկտրաէներգիայի անջատումներ լինել, բայց հաղթանակի հանդեպ մեր հավատը երբեք չի խափանվի: Ինչու՞ են նման հարվածներ իրականացվում: Թշնամին ուզում է մեզ վախեցնել, որպեսզի մարդիկ փախչեն, բայց մենք կարող ենք միայն առաջ վազել և դա ցույց ենք տալիս մարտի դաշտում։ Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի քաղաքների վրա զանգվածային հրթիռային հարձակումները սկսվել են հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից երկու օր անց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամրջի պայթյունը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ և այն մասամբ վնասվել է, որակել է ահաբեկչություն և դրա կազմակերպման համար մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Ավելի ուշ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանի պատասխանը պետք է լինի միայն «ահաբեկիչների ոչնչացումը»։ Մեդվեդևի խոսքով՝ պայթյունի պատվիրատուն և իրականացնողը Ուկրաինան է, որին նա անվանել է «չկայացած պետություն»։
«Սա ահաբեկչական գործողություն է և դիվերսիա, որը կատարվել է Կիևի հանցավոր ռեժիմի կողմից։ Կասկած չկա և երբեք չի եղել։ Բոլոր հաշվետվություններն ու եզրակացությունները արված են։ Ռուսաստանի պատասխանն այս հանցագործությանը կարող է լինել միայն ահաբեկիչների ուղղակի ոչնչացումը։ Ճիշտ այնպես, ինչպես ընդունված է աշխարհում։ Ահա թե ինչին են սպասում Ռուսաստանի քաղաքացիները»,- ասել է Մեդվեդևը «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն ի պատասխան ասել է, որ Ուկրաինային ահաբեկչության մեջ մեղադրելը չափազանց ցինիկ է նույնիսկ Ռուսաստանի համար։ Պոդոլյակի խոսքով՝ «կա միայն մեկ ահաբեկչական պետություն, և ամբողջ աշխարհը գիտի, թե որն է դա»։