«Ռուսաստան-Սոխումի» փորձնական չվերթը սպասվում է արդեն այս տարի․ Վոլվաչ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսաստանից Սոխումիի օդանավակայան փորձնական թռիչքը սպասվում է տարեվերջին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը, ով նախարարության պատվիրակության հետ եռօրյա այցով ժամանել է օկուպացված Աբխազիա։ Վրաստանի կառավարությունը չի արձագանքել այս տեղեկությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպում է տեղի ունեցել Սոխումիի օդանավակայանի վերաբերյալ, որտեղ քննարկվել են ավիաընկերությունների օդանավակայանի հարկերն ու սակագները, հողատարածքների փոխանցումը ներդրողին, անցակետերի սարքավորումների ֆինանսավորման աղբյուրները և մանրամասն ճանապարհային քարտեզի հաստատումը։

«Կարևոր է նշել, որ Սոխումիի օդանավակայանի վերակառուցման նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է ռուս մասնավոր ներդրողի բյուջեով։ Ռուսաստանի համար նոր օդանավակայանը կվերացնի Սոչիի օդանավակայանի և Ադլերի անցակետի գերբեռնվածությունը, որոնք ներկայում Ռուսաստանի քաղաքացիների համար Աբխազիա մուտքի միակ կետերն են։ Աբխազիայի համար դա կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը և կակտիվացնի հանրապետության բիզնես հատվածի զարգացումը։ Վերակառուցված օդանավակայանում այս տարեվերջին Ռուսաստանից փորձնական թռիչքի ենք սպասում»,- նշել է Դմիտրի Վոլվաչը։

Դե ֆակտո հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Աստամուր Բարցիցը մայիսին ասել էր, որ իրենք ակնկալում են այս տարի Աբխազիայում ընդունել 1․7 մլն ռուս զբոսաշրջիկի։ Նրա տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանի օկուպացված շրջան է այցելել շուրջ 1․4 մլն կազմակերպված ռուս զբոսաշրջիկ։

«Վլադիսլավ Արձինբայի անվան Սոխումիի միջազգային օդանավակայանի» վերականգնման մասին Ռուսաստանի և դե ֆակտո Աբխազիայի կառավարությունների միջև այսպես կոչված համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսին։ Օդանավակայանը կվերականգնի Ռուսաստանի ներքին գործերի նախկին նախարար, ներկայում Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի որդու՝ Ռաշիդ Նուրգալիևի (կրտսեր) ընկերությունը՝ «Ենթակառուցվածքային զարգացում» ՍՊԸ-ն։ Ընկերությունը ստեղծվել է 2023 թվականի հուլիսի 10-ին և գրանցված է Մոսկվայում։ Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը օդանավակայանը 49 տարով հանձնել է ռուս ներդրողին։

Սոխումիի օդանավակայանը բացվել է 1960-ականներին և գտնվում է Սոխումիից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաբուշարա գյուղում։ Այն փակվել է 1993 թվականին Աբխազիայում ընթացող հակամարտության պատճառով։ Օդանավակայանը հավաստագրված չէ Վրաստանի ավիացիոն մարմնի կողմից և նրան չի հատկացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) քառանիշ տեղանքի կոդը: Ուստի այնտեղ միջազգային թռիչքներ չեն կարող իրականացվել։ ICAO-ն Աբխազիան ճանաչում է որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս, և ծածկագիրը կտրվի միայն լիազորված ավիացիոն մարմնի միջնորդության հիման վրա։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։