Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթյունը և այն որակել որպես ավերիչ պատերազմի հետևանքներից մեկը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 6 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
«Սա այս դաժան, ավերիչ պատերազմի հետևանքներից մեկն է, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում։ Սա նորություն չէ։ Հիմա Կախովկա ՀԷԿ-ը ձեզ զարմացրեց, բայց Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը ավերվել է, քաղաքներն ու գյուղերը հողին են հավասարվել։ Կախովկա ՀԷԿ-ը դրանցից մեկն է, և դա այն է, ինչի մասին է խոսքը, երբ մենք ամեն օր մատնանշում ենք խաղաղության կարևորությունը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ խաղաղությունն այլընտրանք չունի, թեև չի տեսնում պատերազմի ավարտի իրական փորձեր կամ բանակցությունների կոչեր։
«Ընդհակառակը, մենք տեսնում ենք ավելի մեծ էսկալացիա, ավելի շատ ագրեսիա. սա դրսևորումներից մեկն է, և մինչ օրս հիշեցնում եմ, որ Ուկրաինայի այս ավերիչ պատերազմի արդյունքում, նորից եմ կրկնում, տարածքի 20%-ը օկուպացված է։ Սա է այսօրվա իրականությունը։ Ասում են՝ տրիլիոն դոլարը Ուկրաինային հասցված վնասն է։ Մարդկային կորուստները՝ ավելի քան 500 երեխա է մահացել, տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։ Սա աղետ է, աղետ, որին պետք է վերջ տալ։ Ես կարծում եմ, որ բոլորը պետք է ջանք գործադրեն նստելու և խաղաղ բանակցային գործընթաց սկսելու համար։ Սրան այլընտրանք չկա։ Այսօր նշեցիք ՀԷԿ-ը, վաղը կարող է ավելի մեծ դժբախտություններ լինել, մարդկանց սպանությունը պետք է դադարեցվի։ Սա մեր դիրքորոշումն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետից առաջ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում արձագանքել է ամբարտակի պայթյունին՝ այն անվանելով Ռուսաստանի կողմից իրականացված հերթական ռազմական հանցագործություն։
«Ես կտրականապես դատապարտում եմ Ռուսաստանի կողմից իրականացված հերթական ծանր ռազմական հանցագործությունը։ Սարսափելի հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ Նովա Կախովկայի ամբարտակի վրա, ևս մեկ անգամ ցույց է տալիս Ռուսաստանի դաժան մարտավարությունը։ Այս ռազմական հանցագործություններին պետք է օրինական պատասխան տրվի»,- գրել է Վրաստանի նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ողջ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի կողքին։
Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ հունիսի 6-ի գիշերը ռուսական օկուպացիոն ուժերը պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որը գտնվում է Խերսոնի շրջանի բռնակցված մասում։ Կատարվածի հետևանքով Դնեպր գետում ջրի մակարդակը բարձրանում է և հեղեղում բնակեցված տարածքները։
Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը առաջնորդվում է ուկրաինական պաշտպանական ուժերի առաջխաղացումը կասեցնելու, պարտության մատնելու և խայտառակությունից խուսափելու խելագար նպատակով։ Նրա գնահատմամբ՝ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ոչնչացումը աշխարհում տեղի ունեցած ամենամեծ արհեստական և տեխնածին աղետն է վերջին տասնամյակների ընթացքում, որը կկործանի շրջակա միջավայրը և բացասաբար կանդրադառնա հարյուր հազարավոր մարդկանց վրա մոտակա տարիներին:
Ռուսական կողմը պնդում է, որ ամբարտակը փլուզվել է ուկրաինական կողմի հասցրած հարվածների արդյունքում։ Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ 80 բնակավայր գտնվում է ջրհեղեղի վտանգի տակ։