Վրաստանի կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 479 որոշման համաձայն՝ Սագարեջոյի շրջանի Բոգդանովկա գյուղում 50 տարի ժամկետով ստեղծվում է ազատ արդյունաբերական գոտի (Սագարեջո ԱԱԳ)։ Սագարեջո ԱԱԳ-ի կազմակերպիչ/ադմինիստրատորը լինելու է «Ասի Գրուպ Ջորջիա» ՍՊԸ-ն, որին պատկանում է 1 117 450 քառակուսի մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Սագարեջոյի ազատ արդյունաբերական գոտին պետք է սկսի գործել ոչ ուշ, քան 2023 թվականի սեպտեմբերի 1-ը։
«Ասի Գրուպ Ջորջիա» ՍՊԸ-ին հանձնարարվել է կազմակերպել մաքսակետ Բոգդանովկա գյուղում՝ Սագարեջոյի ԱԱԳ մուտքի և ելքի մոտ, այն համալրել համապատասխան ենթակառուցվածքներով և տեխնիկայով։
Կառավարության որոշման համաձայն՝ Սագարեջոյի ԱԱԳ-ի մաքսակետով թույլատրվելու է միայն ապրանքների, ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների անցումը։
Ընկերությունը պարտավոր է մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը մշակել Ազատ արդյունաբերական գոտու զարգացման մանրամասն պլան և ներկայացնել Տարածական և քաղաքաշինական գործակալության հաստատմանը։
«Ասի Գրուպ Ջորջիա» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերն ու տնօրենը Հորդանանի քաղաքացի Ոսամա Ի.Մ. Ալ Շանտիան է:
«Ասի Գրուպ Ջորջիա» ՍՊԸ-ն կապված է «Ասի Գրուպ Հոթելս Ջորջիա» ՍՊԸ-ի հետ, որը օգոստոսին կայացած աճուրդում ձեռք է բերել Ծղալտուբոյում գտնվող «Մեդեա» առողջարանը։
«Ասի Գրուպ Հոթելս Ջորջիա» ՍՊԸ-ն գրանցված է 2021 թվականի դեկտեմբերին և նրա միակ սեփականատերը Եգիպտոսի քաղաքացի Խալեդ Մոհամեդ Աբդելմոնեբ Կանդիլն է։ Ընկերության տնօրենը Վրաստանի քաղաքացի Դուրմիշխան Թիգիշվիլին է, ով, ըստ փաստաթղթերի, նաև «Ասի Գրուպ Ջորջիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչն է։
Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ նշված գյուղի անունը Վրաստանի նախագահի 2012 թվականի փետրվարի 3-ի N82 հրամանագրով փոխվել է՝ Բոգդանովկայի փոխարեն անվանակոչվելով Մզիսգուլի։
Ազատ արդյունաբերական գոտին Վրաստանի մաքսային օրենսգրքով նախատեսված ազատ գոտու տեսակ է, որտեղ գործում են լրացուցիչ պայմաններ և հարկային արտոնություններ։ Այստեղ գրանցված ձեռնարկությունները ազատված են ԱԱՀ-ից, շահույթի, գույքի, ներմուծման և արտահանման հարկերից։ ԱԱԳ-ում վճարումները կարելի է կատարել ցանկացած արժույթով:
Դրանց ստեղծման նպատակն է ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, խրախուսել տնտեսական ակտիվությունը որոշակի տարածաշրջանում, նվազեցնել գործազրկությունը կամ բարելավել տեխնոլոգիական հմտությունները:
Խորհրդարանը 2007 թվականին է ընդունել ազատ արդյունաբերական գոտիների մասին օրենքը, իսկ 2008 թվականին Վրաստանում ստեղծվել է առաջին ազատ արդյունաբերական գոտին։
Ներկայումս երկրում գործում է չորս ազատ արդյունաբերական գոտի, չորսն էլ կառավարվում են տարբեր ընկերությունների կողմից. China Energy Company Limited (CFFC) – Փոթիի ԱԱԳ, Georgian International Holding – Քութայիսիի ԱԱԳ, GEORGIAN HUASHUN INTERNATIONAL INDUSTRIAL INVESTMENT GROUP – Քութայիսիի Հուալինգի ԱԱԳ և BitFury դուստր ձեռնարկություն Georgian Technology Park – Թբիլիսիի ԱԱԳ:
