Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակայնորեն կոչ է արել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին անհապաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նախագահի խոսքով, խորհուրդը պետք է քննարկի Ռուսաստանի հետ սահմանին հսկողության խստացման, վիզային ռեժիմի վերանայման հարցերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ծանոթացա մեր Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մաթիաշվիլիի տրամադրած տեղեկատվությանը Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների մասին։ Ցավոք, ես չկարողացա անհրաժեշտ տեղեկություն ստանալ որևէ այլ պատասխանատու պետական կառույցից, ոչ էլ ներքին գործերի նախարարից, որը պատասխանատու է մեր սահմանը վերահսկելու համար, միևնույն ժամանակ, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, ընդհանուր առմամբ, պետք է տիրապետի տեղեկության և ինձ հետ կիսվի երկրի անվտանգության մասին կարևոր տեղեկություններով, ոչ էլ Պետական անվտանգության ծառայության ղեկավարից, որի ուղղություններից մեկը, համաձայն իր գերատեսչության օրենքի, երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելն է, նույնիսկ՝ հետախուզական ծառայության ղեկավարից, որն օրենքով ուղղակիորեն պատասխանատու է արտաքին սպառնալիքներն ու ռիսկերը որոշելու և երկրի պետական պաշտոնյաներին անհրաժեշտ հետախուզական տեղեկատվություն տրամադրելու համար։
Ոչ միայն տեղեկություն ստանալ չհաջողվեց, այլև հնարավոր չեղավ կապվել նրանց հետ, ինչն ինքնին տագնապալի է այս իրավիճակում, երբ աշխարհի ուշադրությունը հնարավորինս մոբիլիզացված է ընթացիկ իրադարձությունների վրա։ Ուստի, ես ստիպված եմ հրապարակավ կոչ անել վարչապետին անհապաղ հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։
Կարծում եմ, որ այսօր կան մի քանի կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն այս ձևաչափով։ Ժամանակը սպառվում է՝ մեկը սահմանային հսկողությունը խստացնելն ու վիզային ռեժիմը վերանայելն է, մյուսը՝ սահմանին պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակների կիրառումն է, որոնք կան և մեր գործընկերները վերահսկում են այդ ցուցակները։ Տեղեկատվական վակուում չպետք է ստեղծվի, քանի որ հանրությունը պետք է ժամանակին և մանրամասն ստանա իր անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը երկրի անվտանգության պաշտպանությանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումների մասին, որպեսզի չստեղծվի ոչ անհիմն մտավախություններ, ոչ էլ, ինչպես հաճախ է պատահում, տեղեկատվական վակուումի պայմաններում չտարածվեն կեղծ տեղեկություններ։
Նաև խորհուրդը պետք է հաշվի առնի Աբխազիայի և Ցխինվալիի ներկայիս արձագանքները, որպեսզի անջատողականներին թույլ չտա օգտագործել այդ իրադարձությունները բնակչության շրջանում Վրաստանի նկատմամբ անտեղի վախեր առաջացնելու համար: Մեր քաղաքականությունը չի փոխվել ու չի փոխվելու, Վրաստանը չի պատրաստվում ուժով տարածքներ վերադարձնել։ Սա պետք է ասել ու կրկնել։ Վերջապես, անհրաժեշտ է շարունակել տեղեկության փոխանակումը և սերտ շփումը մեր գործընկերների հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ստեղծված իրավիճակը վերլուծվում է, և այս փուլում Ռուսաստանի հետ սահմանը փակելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։ Մինչ այդ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ «մենք պետք է հետևենք Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներին, դա միակ բանն է, որ պետք է անենք»։ Ո՛չ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ո՛չ էլ նախարարների կաբինետի անդամները չեն արձագանքել այս թեմային։
Հունիսի 23-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «Վագների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել «արդարության երթ» սկսել։ Նրա խոսքով, 25 հազար «վագներական» պատրաստվում են պարզել, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։
«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։
Այս պահին «Վագները» վերահսկում է ռազմական օբյեկտները Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, այդ թվում՝ օդանավակայանը։ Ռուսաստանի մայրաքաղաքից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լիպեցկի շրջանում նկատվել է դեպի Մոսկվա շարժվող «վագներականների» ավտոշարասյունը։ Շրջանի նահանգապետը հորդորել է բնակիչներին չլքել տները։
Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո այսօր առավոտյան քաղաքացիներին է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Պրիգոժինի գործողությունները գնահատել է որպես «դանակի հարված թիկունքից» և խոստացել, որ բոլորը, ովքեր «բռնել են դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։
«Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու։ Կոչ եմ անում նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, չանել ճակատագրական ու ողբերգական սխալ, կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել հանցավոր գործողություններին մասնակցելը»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի կառավարությունը հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի շրջաններում։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ։