Ադրբեջանական լրատվամիջոցները, հենվելով դիվանագիտական աղբյուրների վրա, գրում են, որ «3+3» ձևաչափի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը։
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «3+3» ձևաչափի հանդիպումը։ Ըստ Մոսկվայի՝ կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները հարթակի գործունեության վերաբերյալ և պայմանավորվել շարունակել շփումները։
Արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Վրաստանը չի մասնակցի Թեհրանում տարածաշրջանային այլ տերությունների հետ «3+3» ձևաչափով հանդիպմանը։
Այս ձևաչափով մեկ հանդիպում արդեն կայացել է առանց վրացական կողմի։ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տարածաշրջանային հարցեր են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի փոխարտգործնախարարները։
«3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնության մասին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով՝ կայուն խաղաղությունը հնարավոր է Հարավային Կովկասի տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների միջև անվտանգության վրա հիմնված փոխադարձ համագործակցության միջոցով։
