Թեթրիծղարոյի դատավորը չեղարկել է 30 տեղամասի արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թեթրիծղարոյի շրջանային դատարանի դատավոր Վլադիմիր Խուճուան հաստատել է քվեարկության գաղտնիության խախտումը և Թեթրիծղարոյի և Ծալկայի 30 ընտրական տեղամասերի (էլեկտրոնային) արդյունքները անվավեր է ճանաչել:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր կայացած նիստում դատարանը, հաշվի առնելով հայցվորների՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստանի», «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի», «Ապագայի ակադեմիայի» և «Բաց տարածություն Կովկասի» միջնորդությունը, պատահական ընտրության սկզբունքով ստուգել է Ծալկայի և Թեթրիծղարոյի ընտրատարածքների մի քանի տեղամասերի քվեաթերթիկները, որից հետո հաստատվել է, որ քվեաթերթիկների ետևի մասում երևում են մարկերի հետքեր։

Դատավորը պահանջել է նաև ձայների հաշվառման մեքենա, քվեաթերթիկ, մարկեր և շրջանակ ծրար։ Դատական ​​նիստում անցկացվել է տեխնիկական զննում, որի ընթացքում պարզվել է, որ երբ քվեաթերթիկները տեղադրվում են մեքենայի մեջ, ետևի մասում կատարված ընտրությունը տեսանելի է։

«Բոլորին հայտնի է, և դուք դահլիճում տեսաք, որ ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիությունը չի պահպանվել։ Չպետք է լինի թեկուզ տեսական շանս, որ Վրաստանի քաղաքացին, ով հանդիսանում է իշխանության, այդ թվում՝ դատական ​​իշխանության աղբյուրը, նա պետք է հստակ իմանա՝ առանց սպառնալիքների գնահատման կամ այլ մանիպուլյացիաների, որ իր ընտրությունն ազատ է լինելու, գաղտնի և կարող է ազատ արտահայտել իր կամքը առանց ցանկացած նախապայմանների։ Այսօր մենք հարցը քննարկել ենք միայն և միայն գաղտնիության հետ կապված և

դատարանը միանշանակ կարծում է, որ քննելով նիստում անցկացված ապացույցները, այս ընտրական մեքենայով, այս քվեաթերթիկով, այս ընտրական շրջանակ ծրարով, ընտրողը չի ունեցել քվեարկության անվտանգության, քվեարկության գաղտնիության երաշխիք։

Ինչ վերաբերում է Ծալկայի տարածքային հանձնաժողովին, ապա դատարանը գտել է, որ եղել են լուրջ խախտումներ, օրինակ՝ բողոքը պատշաճ կերպով չընդունել, հաստատվել է նաև որոշակի տեսակի մանիպուլյացիաներ՝ երկու անձի մուտք, դիտորդների խոչընդոտում։ Դատարանը միանշանակ գտնում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ նման վերաբերմունքն ազատ չէ, ուստի բոլոր արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»,- ասել է դատավոր Վլադիմիր Խուճուան։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նոնա Քուրդովանիձեի կարծիքով՝ դատարանի այս որոշումը նոր նախադեպ է ստեղծում ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքի պաշտպանության ուղղությամբ։

«Վրաստանը փրկվելու է. հայտնվեց մեկ պարկեշտ դատավոր, մեկ պարկեշտ դիվանագետ և բազմաթիվ անհայտ հերոսներ, չմոռանանք, որ հավատարիմ և բարեսիրտ քաղաքացուն այս երկրում ոչինչ չի պատահի։ Պաշտպանությունում, ոստիկանությունում կամ շարքային քաղաքացիների մեջ կան այն անհատները, ովքեր ստեղծել են Վրաստանը։ Այսօր բոլորը միասին ստեղծում են հսկայական ուժ, որը պաշտպանում է երկիրը և կպաշտպանի այն ընդմիշտ»,- այսպես է արձագանքել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատավոր Վլադիմիր Խուճուայի որոշմանը։

Ընտրական վարչությունը Թեթրիծղարոյի դատարանի որոշումը կբողոքարկի Թբիլիսիի վերաքննիչ դատարանում։

Անցյալ շաբաթ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան բողոքներով դիմել է 73 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և պահանջել չեղյալ համարել 2263 ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ ընտրություններն անցկացվել են էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ։ Կազմակերպությունը պնդում է, որ ընտրություններում զանգվածաբար խախտվել է քվեարկության գաղտնիության սահմանադրական իրավունքը. քվեաթերթիկների ետևի մասում մնացել են գունավոր շրջանակի հետքեր։ Բացի այդ, գրեթե բոլոր տեղամասերում տեղադրվել են «Վրացական երազանքի» տեսախցիկներ՝ ուղղված ձայների հաշվման/ընդունման ապարատին։ 73 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ոչ մեկը չի բավարարել ՎԵԻԱ-ի բողոքը։ Նրանք պատասխանատվությունը դրել են ընտրողի վրա և ասել, որ եթե պահպանվեին համապատասխան կանոնները, ապա կպահպանվեր քվեարկության գաղտնիությունը։ ՎԵԻԱ-ը հանձնաժողովների որոշումները բողոքարկել է 24 շրջանային և քաղաքային դատարաններում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։