Թբիլիսիի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սիղնաղիի շրջանային դատարանի դատավճիռը և արդարացրել է գործարար Լևան Բիձինաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Լևան Բիձինաշվիլին Ծնորի-Տիբաանի ճանապարհին ապօրինի զենք գնելու և պահելու մեղադրանքով ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերի 4-ին և 8 ամսով ազատազրկվել է։ Բիձինաշվիլին չի ընդունել մեղքը և պնդել է, որ ոստիկաններն են իր մոտ զենք տեղադրել։ Բանտից ուղարկված նամակում նա նկարագրել է, որ իր ձերբակալության իրական պատճառը եղել է իր ընտանիքի սեփականությունը հանդիսացող հողատարածքը, որից չի հրաժարվել հօգուտ բարձրաստիճան պաշտոնյաների։
«Մոտավորապես 1 տարի շարունակ խոսվում էր այդ մասին։ Ինձ մոտ էին ուղարկել ՊԱԾ-ի նախկին աշխատակցին, ով ինձ ասաց, որ Սիղնաղիի ոստիկանապետին և իր ընկերներին պետք է 200 հեկտար հող Կախեթիում, և ես պետք է հրաժարվեմ պետությանը պատկանող 70 հեկտարից: Այդ հողատարածքը 49 տարի վարձակալությամբ պատկանում էր կնոջս, որը նա որպես ժառանգություն է ստացել: Ես պետք է լռեի ու հրաժարվեի այդ հողից, ինչին համաձայն չէի։ Ինձ ասացին՝ եթե չանեի, կպատժվեի, և դա ինձ հետ արեցին այդ հանդիպումից անմիջապես հետո»,- Սիղնաղիի շրջանային դատարանում կայացած նիստում ասել է Լևան Բիձինաշվիլին։ Մեղադրյալի պարզաբանմամբ, ըստ ոստիկանների, իր մոտ հայտնաբերված ատրճանակի վրա իր ԴՆԹ-ն տեղափոխվել է թքի միջոցով։
Դատախազությունը պահանջել է Բիձինաշվիլիին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը կամ պահպանմանը և կրելուն։ Եթե Լևան Բիձինաշվիլին մեղավոր ճանաչվեր, կարող էր ազատազրկվել 4-ից 7 տարի ժամկետով։
Ութ ամիս ազատազրկումից հետո 2022 թվականի օգոստոսի 8-ին Սիղնաղիի շրջանային դատարանի դատավոր Ալեքսանդր Լոմիձեն մեղադրյալին արդարացրեց և դատարանի դահլիճից ազատ արձակեց։
Դատախազությունը դատավճիռը բողոքարկել է Թբիլիսիի վերաքննիչ դատարանում և պահանջել այն չեղարկել։ Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Վեփխիա Լոմիձեի կայացրած վճիռը հնարավոր է բողոքարկել Գերագույն դատարանում, որի որոշումը վերջնական է։
Չնայած շրջանային, այնուհետև վերաքննիչ դատարանի դատավճռին, դատախազությունը դեռ քրեական գործ չի հարուցել՝ իրավապահների կողմից լիազորությունները չարաշահելու և ապացույցներ կեղծելու համար։
