«Վրացական երազանքը» նախագահական ընտրություններ է անցկացնում ոչ լեգիտիմ խորհրդարանում։ Քվեարկությունն ընթանում է բողոքի ակցիայի և ոստիկանական ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին մասնակցում է նախագահի միայն մեկ թեկնածու։ «Վրացական երազանքը» թեկնածու է առաջադրել նախկին ֆուտբոլիստ, պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլիին, ով չունի բարձրագույն կրթություն։
Խորհրդարանի շենքի դիմաց բողոքող քաղաքացիների մի մասը եկել է դիպլոմներով ու գնդակներով։ Նրանցից մեկի խոսքով՝ այս կերպ իրենք բողոքում են այն ուղերձի դեմ, որը «ոչ լեգիտիմ իշխանությունը տվեց երիտասարդներին՝ կրթությունը գին չունի»։
Հանրահավաքին ներկա են նաև խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր միավորումների ներկայացուցիչները։ «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Լևան Ցուցքիրիձեի կարծիքով՝ «Վրացական երազանքի» կողմից ընտրված նախագահը լեգիտիմություն չի ունենա։
«Վրաց ժողովուրդը դեռևս Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանն առաջարկում է ճգնաժամի քաղաքական լուծում՝ սա նոր ընտրություններ նշանակելն է, և քանի դեռ դրա համար ժամանակ կա, նրանք պետք է ընդունեն այս առաջարկը, նշանակեն նոր ընտրություններ։ Հակառակ դեպքում այս ճգնաժամը չի թուլանա»,- լրատվամիջոցներին ասել է Ցուցքիրիձեն։
Վրաստանի վեցերորդ նախագահին անուղղակի կարգով կընտրի ընտրական կոլեգիան։ Բաց քվեարկությունը սկսվել է ժամը 09:00-ին և կավարտվի 14:00-ին։ Դրանից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի արդյունքները։
Ընտրական կոլեգիան ունի 300 անդամ։ Կոլեգիայի կազմում ընդգրկված են՝ խորհրդարանի 150 անդամ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի բոլոր անդամները՝ 21 պատգամավոր, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի 20 անդամ և սակրեբուլոների 109 անդամներ։
Տեղական ինքնակառավարման մարմինների 109 անդամներից «Վրացական երազանքը» պետք է ներկայացներ 54 անդամ, իսկ ութ ընդդիմադիր կուսակցությունները՝ 55: Քանի որ ընդդիմությունը սակրեբուլոներից ընտրական կոլեգիայի անդամներ չի նշանակել, «Վրացական երազանքը» լրացրել է նրանց համար նախատեսված 55 տեղերը, ինչի պատճառով ընտրական կոլեգիայում «Վրացական երազանքն» ունի 211 անդամ։
Աբխազիայի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ խորհրդի նախկին նախագահ Թեմուր Ցավանիան և Զուրաբ Ջղուբուրիան բոյկոտել են ընտրությունները։
Ընտրություններ անցկացնելու համար բավարար է ընտրական կոլեգիայի ամբողջական կազմի մեծամասնության՝ առնվազն 151 անդամի առկայությունը, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է կոլեգիայի առնվազն 200 անդամների ձայնը։ Ընտրական կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով։
Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը նշանակված է դեկտեմբերի 29-ին։ Պաշտոնապես այս օրվանից կդադարեցվի երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունները, ով ասում է, որ մնալու է որպես լեգիտիմ նախագահ, և նրա «մանդատը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել օրինական ընտրված խորհրդարան, որը լեգիտիմորեն կընտրի իրեն փոխարինողին»։