«Վրացական երազանք» կուսակցությունը հերթական անգամ սկսում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթաց։ Ինչպես հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, սահմանադրական նոր առաջարկը մինչև խորհրդարանական ընտրությունները կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար
- 2 Պուտինի որոշմամբ Վրաստանի քաղաքացիների համար ընդլայնվել է առանց վիզայի ռեժիմը
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 5 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 6 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
«2023 թվականի հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչեց Սահմանադրությունը խախտող և հաստատեց Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածով սահմանված կարգը, որ նախագահն իրավունք ունի կատարել արտասահմանյան այց միայն Վրաստանի կառավարության համաձայնությամբ։
Սահմանադրության խախտման փաստը հաստատելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլին նախագահի պաշտոնը պահպանեց միայն արմատական ընդդիմությունը ներկայացնող խորհրդարանականների աջակցության հաշվին։ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրության խախտման հարցում անձեռնմխելիության երաշխիք է ստացել արմատական ընդդիմությունից, իսկ ավելի ուշ շարունակել է խախտել Վրաստանի Սահմանադրությունը։ Մասնավորապես, նույնիսկ իմպիչմենտի ընթացակարգի ավարտից հետո նա մի քանի արտասահմանյան այցեր է կատարել առանց Վրաստանի կառավարության համաձայնության, այդ թվում՝ անցած շաբաթ եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Բելգիայում»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահի խոսքով՝ օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների ղեկավարների կողմից Սալոմե Զուրաբիշվիլիին ընդունելն առանց Վրաստանի կառավարության պարտադիր համաձայնության՝ «վրաց ժողովրդի և նրա սահմանադրական դասավորության միտումնավոր անհարգալից վերաբերմունքի հետ մեկտեղ երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի խախտում է և դեմ է մեր ընդհանուր եվրոպական արժեքներին»։
«Մեր Սահմանադրությունը այն հիմնական ակտն է, որում հատուկ արտացոլում է գտնում վրաց ժողովրդի կամքը, հետևաբար դրա միտումնավոր, բացահայտ և լկտի խախտումը չի կարող անարձագանք մնալ։
Ուստի խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել վերսկսել իմպիչմենտի ընթացակարգը և պատրաստել սահմանադրական նոր դիմում, որը կներկայացվի Վրաստանի Սահմանադրական դատարանին մինչև խորհրդարանական ընտրությունները։
Վրաստանի Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության խախտման հաստատումից հետո նոր գումարման խորհրդարանը առաջին իսկ նիստերում՝ առնվազն 100 ձայնով, իմպիչմենտի միջոցով պաշտոնանկ է անելու Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ինչպես գիտեք, Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարի։ Ըստ այդմ, նրան իմպիչմենտ անելով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը պետք է կրճատվի առավելագույնը մեկ ամսով։ Ուստի իմպիչմենտով նրա պաշտոնանկությունը, պաշտոնավարման ժամկետի առումով, մեծ մասամբ խորհրդանշական ծանրաբեռնվածություն ունի, թեև այս որոշման իրավաքաղաքական ծանրաբեռնվածությունը խիստ սկզբունքային է։
Մենք չենք կարող անպատիժ թողնել վրաց ժողովրդի հիմնական օրենքի միտումնավոր, կոպիտ և համակարգված խախտումը։
Սահմանադրությունը խախտող Սալոմե Զուրաբիշվիլին պետք է մնա ոչ թե նախկին նախագահ, այլ պաշտոնանկ արված նախագահը, ինչը, որպես նախադեպ, կարևոր կանխարգելիչ դեր կխաղա ապագայում նման կամայականությունները կանխելու և վրացական ժողովրդավարության ամրապնդման գործում»,- ասել է Պապուաշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլին անցյալ շաբաթ Եվրոպայում էր։ Նա մասնակցել է Վարշավայի անվտանգության ֆորումին և հանդիպել Ֆրանսիայի, Լեհաստանի, Գերմանիայի նախագահների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։
«Վրացական երազանքը» մեկ տարի առաջ նույնպես փորձեց իմպիչմենտի ենթարկել Սալոմե Զուրաբիշվիլիին, սակայն միայն 86 պատգամավոր է սատարել այդ հարցին։ Նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ էր 100 ձայն, որը իշխող կուսակցությունը չկարողացավ հավաքել տասներորդ գումարման խորհրդարանում։