«Վրացական երազանքն» առաջին ընթերցմամբ ընդունեց ռուսական օրենքը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարան 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը։ Ընդդիմությունը նիստերի դահլիճում չէր։ Նրանցից ոմանք հեռացվել են խորհրդարանի նախագահի որոշմամբ, իսկ ոմանք՝ իրենց կամքով են լքել նիստերի դահլիճը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակությանը սահմանափակող ռուսական օրենքի քննարկումը տեղի ունեցավ աղմուկի և փոխադարձ վիրավորանքների ներքո։ Ընդդիմության անդամները պահանջում էին օրինագիծը ետ կանչել և իրենց բողոքն արտահայտեցին աղմուկով։ Լսվում էին բացականչություններ՝ «ո՛չ ռուսական օրենքին», «դավաճան»։ Շալվա Պապուաշվիլին նիստերի դահլիճից հեռացրել է Լևան Խաբեիշվիլիին, Գիորգի Վաշաձեին, Թինաթին Բոկուչավային և Անա Նացվլիշվիլիին։

«Եթե Բերա Իվանիշվիլին մի հրապարակում աներ, մի ոտքի վրա կկանգնեի՞ք, ետ կկանչեի՞ք օրենքը։ Ամբողջ Վրաստանը հրապարակում արեց, ամեն մեկն իր կարծիքն արտահայտեց։ Իլիա Թոփուրիան գրել է, էլ ո՞վ պետք է գրի, ո՞ւմ կարծիքն եք ուզում։ Մարզիկներ, հասարակական գործիչներ, դերասաններ, մշակութային գործիչներ, եվրոպացի մեր գործընկերները․․․

 Դուք կանգնած եք Պուտինի, Մեդվեդևի, Լավրովի, Պեսկովի կողմը, իսկ այս կողմում է կանգնած քաղաքակիրթ աշխարհը։ Ես հարցնում եմ մարդկանց՝ Եվրոպա, թե Սոզար Սուբարիի, նրանց միջև ընտրություն պետք է արվի։ Եվրոպա, թե Մամուկա Մդինարաձե, Եվրոպա, թե Իրակլի Կոբախիձե, Եվրոպա, թե Բիձինա Իվանիշվիլի։ Սա է իսկական ընտրությունը։ Դուք հանցագործություն եք կատարում վրաց ժողովրդի դեմ»,- նիստերի դահլիճից վտարվելուց առաջ ասել է Լևան Խաբեիշվիլին և կոչ արել քաղաքացիներին այսօր ժամը 19:00-ին հավաքվել խորհրդարանի դիմաց։

Ապրիլի 15-ին և 16-ին խորհրդարանի մոտ բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել ընդդեմ ռուսական օրենքի։ Հատուկ նշանակության ջոկատի անդամները խաղաղ ցույցի մասնակիցների դեմ պղպեղի սփրեյ են օգտագործել։ Նրանք փողոց առ փողոց հետապնդել են քաղաքացիներին ու ֆիզիկական բռնության ենթարկել, ծեծել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ ստացած վնասվածքների պատճառով հոսպիտալացվել են։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 15-ի հանրահավաքի ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 14 քաղաքացի, երեկ՝ 11։

Հենց երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել։ Նրա խոսքով՝ արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի եվրոպական նկրտումներին և Վրաստանին կհեռացնի Եվրամիությունից։

«Վրացական երազանքը» վերադարձրեց այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը, որը մերժվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, հանրային լայնածավալ բողոքի ակցիաների արդյունքում։ Այն ժամանակ իշխանության կողմից եղել էր խոստում, որ օրինագիծն «անվերապահորեն, առանց որևէ պայմանի» է հետ կանչվել խորհրդարանից։ Օրենքի նախագծի տեքստը նույն է՝ միայն «օտարերկրյա ազդեցության գործակալ»-ը փոխարինվել է «օտար ուժի շահերը կրող կազմակերպություն» եզրույթով։

Որպեսզի «Վրացական երազանքի» օրինագիծը օրենք դառնա, այն պետք է ընդունվի ևս երկու ընթերցմամբ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի, սակայն «Վրացական երազանքը» կարող է հաղթահարել այն։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։