Օկուպացված Աբխազիայի դե ֆակտո իշխանություններին չի անհանգստացնում երրորդ երկրների արձագանքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցի վերաբերյալ։ Այս մասին ասել է այսպես կոչված արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան: Նրա խոսքով, այս այցը նոր հեռանկարներ է բացում «Հանրապետության» համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, միջազգային իրավունքի եւ աշխարհաքաղաքական իրականության սուբյեկտ։ Մենք Բելառուսը դիտարկում ենք որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն։ Նրանք մեր ընկերներն են։ Մեզ չի անհանգստացնում երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանի արձագանքն այս այցի կապակցությամբ»,- ասել է Ինալ Արձինբան։
Ալեքսանդր Լուկաշենկոն օկուպացված Աբխազիա է ժամանել սեպտեմբերի 28-ին՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։ Լուկաշենկոյին հյուրընկալել են դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան և Ինալ Արձինբան Բիչվինթայի պետական ամառանոցում, որը Ռուսաստանը պահանջում է իրեն հանձնել։ Բելառուսի նախագահը նշել է, որ մեկ օր առաջ Աբխազիայի խնդիրները քննարկել է Ռուսաստանի նախագահի և «ավագ եղբոր»՝ Վլադիմիր Պուտինի հետ։
«Մենք եկանք մեկ եզրակացության՝ Աբխազիան գոյություն ունի, այն չի կարող ջնջվել քարտեզից, ոչ մի պատժամիջոցներ չեն կարող դա անել։ Աբխազիային, ինչպես ինքն է ասում, չպետք է լքել, պետք է օգնել նրան, որպեսզի այս բարգավաճ տարածաշրջանը և այստեղ ապրող մարդիկ կարողանան նորմալ ապրել»,- ասել է Լուկաշենկոն։
Հանդիպումից հետո Բելառուսի կողմից Աբխազիայի անկախության հնարավոր ճանաչման մասին հարցին Ասլան Բժանիան պատասխանել է.
«Հենց այն փաստը, որ Բելառուսի Հանրապետության ղեկավարը ժամանել է Աբխազիա, շատ բան է ասում այն մասին, որ մեր հարաբերությունները նոր բնույթ են ստանում եւ մեր հարաբերություններին նոր թափ է տրվել։ Հուսով եմ, որ քայլ առ քայլ մենք դրան կհասնենք [ճանաչմանը]։ Ես չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս մեծ տան առաջին աղյուսն արդեն դրված է։ Փաստը տեղի է ունեցել: Ես գոհ եմ հանդիպումից»։
Ի նշան բողոքի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Վրաստանում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին և բացատրություններ պահանջել։
Լուկաշենկոյի այցը Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիա դատապարտել են Վրաստանի վարչապետը, կառավարության մյուս անդամներն ու նախագահը։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այս քայլը խախտում է օկուպացված տարածքների մասին Վրաստանի օրենքը և հակասում է ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ երկրների երկկողմ հարաբերություններին։
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից։ Սա առաջին դեպքն է, երբ նա ժամանել է օկուպացված Աբխազիա։ 2022 թվականի փետրվարի սկզբին Լուկաշենկոն հայտարարել է, որ կճանաչի Վրաստանի օկուպացված տարածքների անկախությունը, եթե Վլադիմիր Պուտինը նրան ասի, որ դրա անհրաժեշտությունը կա։