«Վրաստանի բնակչությունը չի հասկանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ մերժումը և նման ծանր իրավիճակում իրեն Եվրոպայի կողմից լքված կհամարի»,- Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ժամանակ Անալենա Բերբոքի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին առնչվող հարցեր։ Նախագահն ընդգծել է գործընկեր երկրի արտաքին գործերի նախարարի այցի կարևորությունը՝ որպես Վրաստանի անկախությանն ու եվրաինտեգրմանը Գերմանիայի շարունակական աջակցության արտահայտում։
«ԱՄՆ իմ վերջին այցի ժամանակ ես հեռախոսազրույց ունեցա Գերմանիայի նախագահի հետ, ով ինձ հաստատեց իր անսասան աջակցությունը Վրաստանին, և ձեր ներկայությունն այստեղ դրա հստակ հաստատումն է»,- դիմել է Բերբոքին Զուրաբիշվիլին։
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, մյուս կողմից, Անալենա Բերբոքը նշել է, որ ինքը Վրաստանում է հենց այն պատճառով, որ ցանկանում է Վրաստանն ու նրա բնակչությանը տեսնել Եվրամիությունում։
«Դրա համար ես այստեղ եմ, և դա այն է, ինչին աջակցում է իմ կառավարությունը: Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- ասել է Բերբոքը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել մարտի 23-ին, ուշ գիշերը։ Գերմանական Spiegel հրատարակության տեղեկություններով՝ Բերբոքի ինքնաթիռը Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարելիս խնդրի է բախվել։ Անալենա Բերբոքին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Խաթունա Թոթլաձեն։ Այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում առաջին հանդիպումն անցկացրել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, որից հետո հանդիպել է ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիին և պատասխանել լրագրողների հարցերին։
«Վրաստանը Եվրամիություն է: Սրանում մենք համոզվեցինք ոչ միայն անցած շաբաթների, այլև անցած տարիների ընթացքում։ Վրաստանի բնակչության տեղը Եվրամիությունում է։ Այդ իսկ պատճառով ես Վրաստան եմ եկել շատ կոնկրետ ուղերձով: Մեզ համար շատ կարևոր է ընդգծել, որ ցանկանում ենք Վրաստանը տեսնել Եվրամիության կազմում։ Մենք ցանկանում ենք, որ վրացիները հարստացնեն Եվրամիությունը, մենք ձեզ կաջակցենք այս ճանապարհին։ Դուք ունեք ընկերներ Բրյուսելում և Բեռլինում, որոնց վրա կարող եք հույս դնել, որ հավասարապես և անկեղծորեն կաջակցեն ձեզ ԵՄ անդամակցության ճանապարհին»,- ասել է Բերբոքը Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Նա արդեն մեկնել է Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի օկուպացիոն գծի մոտ։
Մինչ Թբիլիսի ժամանելը Անալենա Բերբոքն ասել էր, որ տեսնում է Վրաստանի եվրոպական կուրսից շեղվելու փորձեր, և այցելելով Թբիլիսի՝ ցանկանում է ցույց տալ, որ Գերմանիան լիովին աջակցում է երկրի եվրոպական հեռանկարին։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրահանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարականներ, որոնցից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման լուծումը, դատական բարեփոխումները, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը։ Եվրահանձնաժողովը 2023 թվականի աշնանը Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատական կպատրաստի։