Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստից առաջ, որը նախատեսված է երկուշաբթի օրը, այսպես կոչված արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան ասել է, որ «Վրաստանի հետ պատերազմի հավանականությունը բավականին մեծ է»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, այն, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, իհարկե, Վրաստանի հետ պատերազմի հավանականությունը, ցավոք, բավականին մեծ է։ Ուստի մենք, որպես պետություն՝ պետք է ապահովենք ինքնապաշտպանությունը, ամուր կանգնենք և պաշտպանենք մեր շահերը»,- սեպտեմբերի 15-ին ասել է Ինալ Արձինբան։
Նրա խոսքով, Վրաստանի կառավարության որոշ հայտարարությունները և քայլերը տարբերվում են միմյանցից. «Փաստն այն է, որ ավելանում են մարտական և հետախուզական անօդաչու թռչող սարքերի մատակարարման պայմանագրերը, խորհրդակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի հետ, հետախուզությունն ակտիվորեն աշխատում է, ներառյալ այլ հարցերում ՆԱՏՕ-ի երկրներն օգնում են նրանց հետախուզական կառույցներին և փորձում են այստեղ տեղեկություն հավաքել»։
Սեպտեմբերի 14-ին Սոխումիում Ժնևի քննարկումների համանախագահների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ինալ Արձինբայի տեղակալ Իրակլի Տուժբան ասել է, որ իրենք ուշադիր հետևում են Վրաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին.
«Մասնավորապես, վերջերս «Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանում քննարկվում է հանրաքվե՝ «երկրորդ ճակատի» հնարավոր բացման հետ կապված։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է ենթադրվում «երկրորդ ճակատ» ասելով, և դա մեզ լուրջ անհանգստացնում է»,- ասել է Տուժբան։
Նա Ժնևի քննարկումների համանախագահներին կոչ է արել արձագանքել «նման սպառնալիքներին»՝ «տարածաշրջանում հակամարտության հետագա սրումը կանխելու համար»։ Բացի այդ, Իրակլի Տուժբան նշել է, որ անհրաժեշտ է համաձայնեցնել և ստորագրել «Վրաստանի և Աբխազիայի Հանրապետության միջև ռազմական ուժ չկիրառելու մասին» փաստաթուղթը, որը, ինչպես նա է նշել, Ժնևյան քննարկումների «առանցքային նպատակն ու խնդիրն է»։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն սեպտեմբերի 13-ին կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հերթական հայտարարությունն է արել «երկրորդ ճակատի» մասին։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են «երկրորդ ճակատ» բացել Վրաստանում և Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ.
«Սա բաց ուղերձ է։ Այս ուղերձը, հավանաբար, նաև հանրության համար է։ Մենք կարող ենք պլեբիսցիտ անցկացնել և մարդկանց հարցնել՝ արդյոք նրանք ցանկանում են, որ Վրաստանում «երկրորդ ճակատ» բացվի։ Մենք կարող ենք հետևել մարդկանց ասածներին»:
«Վրացական երազանքի» նախագահը սեպտեմբերի 14-ին պարզաբանում է տվել ու ասել, որ իր հայտարարության մեջ «իրականում սարկազմ է եղել» ու «միգուցե մի փոքր հեգնանք»։
«Երբ խոսվեց պլեբիսցիտի մասին, դրա հիմքում ընկած էր այն, որ հասարակությունը պատերազմ չի ցանկանում տարբեր պատճառներով, այդ թվում՝ հնարավոր հետևանքներով և այն, որ մենք չենք ուզում կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 30 տարի առաջ... Այն ժամանակ եղան ռուսական սադրանքներ ու դրանց հետևեց այս ամենը։ Մենք չպետք է թույլ տանք, որ պատերազմ լինի, որտեղ վրացիներն ու աբխազները, վրացիներն ու օսերը զենքը ձեռքին կրկին կբախվեն միմյանց։
Երբ, առաջին հերթին, արժեքային առումով մեզ դուր չի գալիս և անհանգստանում ենք, որ ռուսները կրակում են ուկրաինացիների վրա, հենց այս համատեքստում պետք է դիտարկել տեսական վարկածը, որ վրացին կրակում է աբխազի և օսի վրա: Մենք դա չպետք է թույլ տանք»,- ասել է Կոբախիձեն։
Այս հայտարարությունների համար ընդդիմադիր կուսակցությունները սուր քննադատության են ենթարկել Իրակլի Կոբախիձեին։ Ըստ «Լելո» կուսակցության՝ պլեբիսցիտի հայտարարությունը «Վրացական երազանքի» թշնամական և հակապետական հռետորաբանության շարունակությունն է և ռուսական օկուպացիոն ռեժիմի կողմից վերահսկվող անջատողական շրջանների (Աբխազիա, Ցխինվալիի շրջան) համեմատությունն Ուկրաինայի ինքնիշխան պետության հետ, որը կարելի է համարել Վրաստանի տարածքային ամբողջականության ժխտում: