Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հայտարարել է, որ ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան կառավարության հետ չի քննարկել Թբիլիսիում ռուսական օրենքի դեմ անցկացվող ակցիային ներկա լինելու հարցը։ Միաժամանակ Կայա Կալասն ասել է, որ թեկնածուի կարգավիճակ ստացած Վրաստանը գնում է սխալ ուղղությամբ, և դա արդեն միայն ներքին խնդիր չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Վարչապետը մեկնաբանել է պատգամավորի այն հարցը, թե արդյոք տեղին էր ԱԳ նախարարի մասնակցությունը Թբիլիսիի հակակառավարական ցույցին, և արդյոք նա համաձայնեցրել էր դա կառավարության հետ։
«Արտգործնախարարը քննարկե՞լ է [կառավարության հետ] հանրահավաքին մասնակցելու հարցը։ Ոչ, չի քննարկվել, բայց պարզ է, որ
այն պահից, երբ Վրաստանին տրվեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ, այդ բարեփոխումների հետ կապված քայլերը գնում են սխալ ուղղությամբ, դա արդեն ոչ թե Վրաստանի ներքին խնդիրն է, այլ, ըստ էության, վտանգված է ամբողջ Եվրամիության վստահելիությունը։
Ես չեմ դատի ելույթը։ Իհարկե, ոճը յուրաքանչյուր մարդու որոշելու խնդիրն է, բայց այն, որ մերձբալթյան երկրների և Իսլանդիայի արտգործնախարարները Վրաստան են գնացել՝ վրաց ժողովրդի հանդեպ համերաշխություն դրսևորելու համար, դա ճիշտ է։ Սա այն է, ինչ պետք է արվի՝ ցույց տալու համար, որ Եվրոպան վրաց ժողովրդի ընտրության կողքին է»,- ասել է Կալասը։
Մայիսի 15-ին՝ խորհրդարանում ռուսական օրենքի ընդունումից հետո երկրորդ օրը, Ռուսթավելիում ընթացող բողոքի ակցիայի են միացել նաև Թբիլիսի այցելած Էստոնիայի, Լիտվայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարները։ Մարգուս Ցահկնան, Գաբրիելիուս Լանդսբերգիսը և Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը բեմ են բարձրացել և դիմել հավաքվածներին։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սուր քննադատության է ենթարկել արտգործնախարարներին և նրանց գործողությունները գնահատել որպես Վրաստանի ինքնիշխանության անտեսում։ Նրա խոսքով, «Վրաստանին ընկերներ են պետք, այլ ոչ թե կեղծավորություն ու խաթարում»։
«Սա բարեկամություն չէ։ Սա ուղղակի թշնամանք է, երկրում բևեռացում հրահրելու փորձ»,- այսպես է արձագանքել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ռուսական օրենքի դեմ հանրահավաքին արտգործնախարարների ելույթը գնահատել է որպես միջամտություն երկրի ինքնիշխանությանը։
