Օրենսդիր մարմնում մեկնարկել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որին մասնակցում են միայն «Վրացական երազանքի» անդամները։ Դահլիճում ներկա է նաև իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Քանի որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը և չի մասնակցում նիստին, նիստը գլխավորում է խորհրդարանի ավագ անդամ Լադո Կախաձեն։ Նիստին ներկա չեն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և գործընկեր երկրների դեսպանները։
«Խորհրդարանի գրասենյակի տրամադրած տեղեկատվության հիման վրա տեղեկացնում ենք, որ Վրաստանի խորհրդարանի 89 պատգամավոր գրանցվել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։ Նիստը լիազորված է սկսելու աշխատանքը»,- ասել է Կախաձեն։
«Վրացական երազանքը» պատրաստվում է քվեարկության դնել բոլոր 150 պատգամավորների լիազորությունները ճանաչելու հարցը, գրանցել խմբակցությունները, ընտրել խորհրդարանի նախագահին, նրա առաջին տեղակալին ու տեղակալներին, ինչպես նաև հանձնաժողովների նախագահներին։
Իրավաբանները կարծում են, որ քանի դեռ ընտրությունների արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, խորհրդարանը իրավասու չէ որևէ որոշում կայացնել։
«Եթե Վրաստանի խորհրդարանը ճանաչի նոր անդամների լիազորությունները, դա կխախտի Սահմանադրությունը և խորհրդարանի կանոնակարգը»,- հայտարարում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՎԵԻԱ):
Ըստ ՎԵԻԱ-ի՝ նոր խորհրդարանը լիարժեք լիազորություններ է ստանում այն պահից, երբ ճանաչվում է խորհրդարանի ամբողջական կազմի երկու երրորդը՝ 100 անդամ։ Եթե պարզվի, որ խորհրդարանի այն անդամների թիվը, որոնց լիզորությունը ճանաչվել է օրենսդիր մարմնի կողմից, պակաս է խորհրդարանի ամբողջական կազմի երկու երրորդից, լիագումար նիստը դադարեցվում է։
«Վրաստանի նախագահը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու հայցով։ Ըստ այդմ, այս հայցը վիճարկում է բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը: Այսպիսով, Վրաստանի խորհրդարանը չի կարող ճանաչել ընտրված անդամների լիազորությունները, քանի դեռ Սահմանադրական դատարանում վեճը չի ավարտվել»,- նշում է կազմակերպությունը։
ՎԵԻԱ-ն խորհրդարանին կոչ է արել ենթարկվել Վրաստանի Սահմանադրության պահանջներին, դադարեցնել նիստը և չճանաչել նոր խորհրդարանի լիազորությունները, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել նախագահի հայցի վերաբերյալ։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին ամփոփել է խորհրդարանական ընտրությունները։ ԿԸՀ արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում 150 մանդատից ստացել 89 մանդատ։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։ ԿԸՀ տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են։