Վրաստանի խորհրդարանում պատգամավորներին հակաարևմտյան և հակասեմական գրականություն է բաժանվել։ «Լելո» կուսակցության անդամ Լանա Գալդավայի խոսքով՝ դավադրության տեսություններով հագեցած «Լյուցիֆերի բացահայտում» 400 էջանոց գիրքը ստացել են երեկ՝ մարտի 14-ին, երբ ռուսամետ «Ալտ-Ինֆո» կուսակցությունը ցույց է անցկացրել խորհրդարանի դիմաց և այրել ԵՄ դրոշը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Ընդդիմության անդամները կարծում են, որ նշված գրքի մուտքը խորհրդարան համաձայնեցված է եղել իշխող կուսակցության հետ, քանի որ տարբեր ժամանակներում իրենք խնդիրներ են ունեցել օրենսդիր մարմին նկարներ, շապիկներ և այլ նյութեր բերելու հետ կապված։ Բացի այդ, նրանց կարծիքով, այս ծավալի գրականության ընդգրկումն առանց թույլտվության չէր կարող կատարվել։
«Այն դեպքում, երբ ես անցել եմ անվտանգության հինգ փուլ՝ սեփական գրասենյակումս Գելաթիի և Վարձիայի որմնանկարների նկարները բերելու և կախելու համար, ահա այսպես բերում են ու մեր սեղաններին են թողնում մի գիրք, որը դեմ է մեր երկրի եվրաատլանտյան ուղղությանը»,- ասել է Գալդավան։
«Ուզում էի Ամբրոսի Խելաիայի պատկերով տպագրված 10 շապիկ բերել այստեղ, բայց մեզ հնարավորություն չտրվեց։ Պետք է մի քանի շապիկներ հագնեինք ու այդպես ներս մտնեինք։ Ինձ նման շապիկ ներս բերել թույլ չտվեցին ու ինչ-որ անհասկանալի գրականություն են բերել»,- ասել է «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» անդամ Պաատա Մանջգալաձեն։
«Այս օրերին խորհրդարանի շենքի մուտքերից մեկի մոտ համեմատաբար մեծ թուղթ էի բերել հետս։ Սկսեցին կարդալ ու ծանոթանալ, թե ինչ եմ բերում խորհրդարան։ Մնացածը կթողնեմ ձեզ»,- լրագրողներին ասել է «Հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավոր Աննա Բուչուկուրին։
Անցած շաբաթներին, երբ խորհրդարանը քննարկում էր «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը, անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չէին տալիս անգամ բողոքի պաստառներ բերել օրենսդիր մարմին։
Խորհրդարանի ապարատը հերքում է գրքերի բաժանման հետ կապը և նշում, որ ապարատի գործառույթը չէ սեփական նախաձեռնությամբ խորհրդարանի անդամներին և աշխատակիցներին գրքեր կամ այլ նվերներ բաժանելը։ Ինչպես պարզաբանում են նրանք, քաղաքացի Ալեքսանդր Քոչիաշվիլիի կողմից հրատարակված գիրքը հասցեատերերին է ուղարկել խորհրդարանի ապարատի գրասենյակը։ «Հասցեատերերը եղել են խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաև քաղաքական խմբերի անդամները։ Վրաստանի խորհրդարանի գրասենյակը չի ընտրում նամակագրությունները, չի զտում հասցեատերերին և կատարում է իրեն վերապահված պարտականությունը»,- ասված է խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։
«Լյուցիֆերի բացահայտում» գրքի հեղինակն է Ալքոչարիան (Ալեքսանդր Քոչիաշվիլի)։ Գիրքը լույս է տեսել 2022 թվականին, չնայած հրատարակության վրա նշված չէ հրատարակչի անունը։ «Վրաստանում վրացի մարդու համար երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ԱՄՆ-ի պրոտեկտորատը գոյություն ունի մեր վրա՝ իր անտեսանելի կառավարող կառավարությամբ, որը ցանկանում է ապագայում մեր երկիրը դարձնել Իսրայելի մաս, բայց առանց մեզ։ Եվ քանի դեռ սրան չեն հասել, մենք անընդհատ լինելու ենք բարեփոխման ռեժիմում, որպեսզի մի կերպ ստիպեն մեզ կորցնել այն ամենը, ինչ թանկ է, որը կազմում է մեր ինքնությունը»,- առաջաբանում գրում է հեղինակը։
Ալեքսանդր Քոչիաշվիլին նաև կարծիք է հայտնում, որ Վրաստանում քաղաքացիական հասարակությունները «ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Եվրամիության ամերիկանացված գաղափարախոսության տարածման մեխանիզմներ են», պատճառում են ապակայունացում, և «բոլորը պետք է ճանաչվեն որպես օտար երկրի գործակալներ»։
Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ 2018-2022 թվականներին Ալեքսանդր Քոչիաշվիլին հրատարակել է նաև գրքեր՝ «Դավադիրների» աշխարհառազմավարությունը և Հայաստանը», «Վրացական կազուսը և իմ դատաստանը», «Հրեական աստվածաշնչյան դավադրություն, վտանգներ», «Եկեք մերժենք ստի թիկնոցը և շրջապատենք մեզ ճշմարտության զրահով»: Գրքերից մեկում հեղինակն իր մասին գրում է, որ ինքը Վրաստանի կազակական միության գեներալ-մայոր է, քաղաքագետ, իրավաբան, գիտությունների ակադեմիայի անդամ-թղթակից և ակադեմիկոս։
