Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե, իբր, Ուկրաինայում իր վարկանիշն իջել է 4%-ի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Մենք տեսել ենք այս ապատեղեկատվությունը և հասկանում ենք, որ այն գալիս է Ռուսաստանից։ Մենք դա հասկանում ենք և ապացույցներ ունենք, որ այդ թվերը քննարկվում են Ամերիկայի և Ռուսաստանի միջև։ Ցավոք սրտի, նախագահ Թրամփը, ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան որպես ամերիկյան ժողովրդի առաջնորդի, ում մենք մեծապես հարգում ենք և ով միշտ աջակցում է մեզ, ապրում է ապատեղեկատվության այս տարածության մեջ:
Հարցը այն մասին չէ, թե ինչպիսի աջակցություն ունեմ: Հարցն այն է, թե ինչն է կարևոր: Վարկանիշը, որին մենք ուշադրություն ենք դարձնում, այսօր առաջին տեղում է՝ ինչպես պաշտպանենք մեզ։ Կարծում եմ՝ սա թիվ մեկ խնդիրն է, և ես գիտեմ, որ ըստ բոլոր սոցիալական հարցումների՝ սա թիվ մեկ խնդիրն է ուկրաինացիների համար։ Հաջորդ կարևոր խնդիրը գերիների վերադարձն է»,- այսօրվա ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա ասել է, որ այս հարցերը ինչ-ինչ պատճառներով չեն բարձրացվել երեկ՝ փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայում ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպմանը։
«Այն, որ նրանք Սաուդյան Արաբիայում երկկողմանի հարցեր են քննարկում, նրանց իրավունքն է»,- նշել է Զելենսկին՝ հավելելով, որ կարծում է, որ ԱՄՆ-ն օգնում է Պուտինին դուրս գալ տարիների մեկուսացումից։
Ուկրաինայի նախագահը վկայակոչել է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի կողմից փետրվարի 4-9-ը անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն, իսկ 37%-ը՝ ոչ։
«Այնպես որ, եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխարինել ինձ հենց հիմա, դա չի ստացվի հենց հիմա»,- նշել է Վլադիմիր Զելենսկին։
Փետրվարի 18-ին Էր Ռիադում Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ պաշտոնական բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջև։
Հանդիպմանը Ռուսաստանը ներկայացրել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկովը։
Կողմերի հայտարարությունների համաձայն, հանդիպման հիմնական արդյունքներից մեկը եղել է դիվանագիտական առաքելությունների լիարժեք գործունեությունը վերսկսելու պայմանավորվածությունը։
«Ես լսել եմ, որ նրանք [ուկրաինացիները] նեղված են, որ տեղ չունեն [բանակցությունների սեղանի շուրջ], բայց նրանք նստել են երեք տարի և դրանից շատ առաջ։ Սա կարող էր շատ հեշտությամբ լուծվել։ Կարծում եմ, որ ուժ ունեմ վերջ տալու այս պատերազմը և կարծում եմ, որ ամեն ինչ լավ է ընթանում, բայց այսօր հասկանում եմ, որ մեզ չեն հրավիրել: Որտե՞ղ եք եղել երեք տարի: Դուք պետք է ավարտեիք այս [պատերազմը] երեք տարում։ Դուք երբեք չպետք է սկսեիք»,- ասել է Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում, որտեղ նա պատասխանել է լրագրողների հարցերին։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել, և Զելենսկիի վարկանիշը նվազել է մինչև 4%, թեև պարզ չէ, թե ինչ աղբյուրի վրա է նա հիմնավորում իր հայտարարությունը։
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ է ընտրվել 2019 թվականին՝ հինգ տարի ժամկետով։ Հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2024 թվականի գարնանը, սակայն չեղարկվեցին շարունակվող պատերազմի և Ռուսաստանի կողմից ուկրաինական հողերի օկուպացիայի պատճառով։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս Զելենսկիին հայտարարել է ոչ լեգիտիմ նախագահ։
