ԱՄՆ-ը Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցների փաթեթ է մշակել․ «Ամերիկայի Ձայն»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է մշակել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ և քննարկում է դրանք մոտ ապագայում կիրառելու հարցը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայնը»՝ հիմնվելով ԱՄՆ կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների և վարչակազմին մոտ կանգնած երկու այլ աղբյուրների վրա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Աղբյուրների համաձայն՝ պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը կղեկավարեն ԱՄՆ գանձապետարանը և պետքարտուղարությունը։

«Մենք տեղեկություններ ունենք, որ նա [Բիձինա Իվանիշվիլին] քայլեր է ձեռնարկել ռուս օլիգարխների հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, քայլեր է ձեռնարկել վրացական շուկա Ռուսաստանին ավելի լավ մուտք ապահովելու համար։ Փաստորեն, նա որոշակի գործողություններ է կատարել ռուսական հետախուզական ծառայության հանձնարարականով»,- անանունության պայմանով «Ամերիկայի Ձայն»-ին է ասել Ամերիկայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։

Պատժամիջոցների հիմքում ընկած է 2021 թվականի ապրիլի 15-ին նախագահ Ջո Բայդենի կողմից տրված 14024 գործադիր հրամանը։ Ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, հրամանագիրը «լայն լիազորություններ ունի դեմոկրատական ​​ինստիտուտներն ու արժեքները խարխլող գործողություններ իրականացնող, միջազգային կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Կան մի շարք գործողություններ, որոնք ենթակա են պատժամիջոցների, եթե դրանք ձեռնտու են Ռուսաստանի Դաշնությանը»:

«ԱՄՆ կառավարությունն ունի պատժամիջոցների փաթեթ և պատրաստ է ընդունել այն... Պատժամիջոցների շեմը հաղթահարելու համար վարչակազմը պետք է ապացուցի, որ [պատժամիջոցների թիրախի] գործողությունները հատել են օրինական շեմը՝ ցույց տալու համար, որ այդ գործողություններ ակնհայտ օգուտ են բերում Ռուսաստանին, և վարչակազմն արեց դա։ Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք և ե՞րբ [փաթեթը] կիրականացվի, բայց անհրաժեշտ աշխատանքն արված է»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ վարչակազմը դեռ հույս ունի, որ Վրաստանի կառավարությունը կվերադառնա ժողովրդավարական կուրսի։

«Նորությունն այն է, որ նախկինում դա ուղղակի քննարկվում էր, իսկ հիմա կա փաթեթ, որը պատրաստ է կյանքի կոչելու»,- ասել է մեկ այլ աղբյուր՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է նոր, որ ԱՄՆ-ն աշխատում է այս ուղղությամբ։ Նրա տեղեկություններով՝ պատժամիջոցների փաթեթը կարող է ներառել նաև Իվանիշվիլիի հետ առնչություն ունեցող անձանց, սակայն նա ձեռնպահ է մնում մանրամասները հրապարակելուց։

Թիվ 14024 հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվում հետևյալ անձանց նկատմամբ.

  • Անհատներ կամ կազմակերպություններ, որոնք ներգրավված են վնասակար կիբեր գործունեության կամ ապատեղեկատվության արշավներում:
  • Նրանք, ովքեր ներգրավված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմոկրատական ​​ինստիտուտների կամ գործընթացների խարխլման մեջ:
  • Կազմակերպություններ կամ անհատներ, որոնք գործում են Ռուսաստանի տնտեսության որոշակի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը և էներգետիկան:
  • Անհատներ կամ կազմակերպություններ, որոնք աջակցում են Ռուսաստանի օկուպացիային կամ ագրեսիային Ուկրաինայում։
  • Ռուսաստանի հետ կապված մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և բռնաճնշումների համար բոլոր պատասխանատու անձինք։

«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում անձի նյատմամբ՝ հիմնվելով 14024 հրամանի վրա, նրա ակտիվներն ու շահերը ԱՄՆ իրավասության մեջ սառեցվում են, իսկ ԱՄՆ ընկերություններին ու քաղաքացիներին արգելվում է նրա հետ ունենալ ֆինանսական կամ առևտրային հարաբերություններ։ Բացի այդ, անձը կարող է ենթարկվել վիզայի սահմանափակումների: Արտասահմանյան ընկերությունները, որոնք կշարունակեն համագործակցել պատժամիջոցների տակ գտնվող անձի հետ, իրենք նույնպես կհայտնվեն պատժամիջոցների վտանգի տակ։

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, ԱՄՆ գանձապետարանը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրեն Զվիադ Խարազիշվիլիի, նույն ինքը՝ «Խարեբայի» և նրա տեղակալներից մեկի՝ Միլեր Լագազաուրիի նկատմամբ։ Պատժամիջոցների հիմքում ընկած է նրանց մասնակցությունը մարդու իրավունքների լուրջ խախտումներին ռուսական օրենքի դեմ խաղաղ ցույցերի բռնի ճնշման ժամանակ։ Ֆինանսական պատժամիջոցների են ենթարկվել նաև խաղաղ ցույցերի վրա հարձակումների կազմակերպիչները՝ «Ալտ-Ինֆո»-ի առաջնորդներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կամ մասնակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարմանը։ Պատժամիջոցների ենթարկվածների անուններն ու ազգանունները չեն բացահայտվում, սակայն, ըստ գերատեսչության, նրանց թվում են կառավարության և մունիցիպալ մակարդակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները, բիզնես առաջնորդներ, ապատեղեկատվություն տարածող և բռնի ծայրահեղականություն քարոզող անհատներ, իրավապահ պաշտոնյաներ։

Այս որոշումից հետո Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանին և ասել, որ «ամերիկյան կողմը հասել է կրիտիկական եզրագծի»։ Նա նաև նշել է, որ «նմանատիպ մեկ այլ որոշման դեպքում կարող է սկսվել վրաց-ամերիկյան հարաբերությունների նկատմամբ Վրաստանի դիրքորոշման որակական վերանայում»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):