Բոլնիսիի շրջանային դատարանը վարույթ է ընդունել քաղաքացիական ակտիվիստներ Լաշա Չխվիմիանիի և Ռուսլան Օմարովի հայցերը, որով նրանք պահանջում են մանկապարտեզներ բացել Դմանիսիի մունիցիպալիտետի գյուղերում՝ Իրգանչայի և Ամամլոյի համայնքներում։ Երկու գործով էլ նիստերը տեղի կունենան ապրիլի 5-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Լաշա Չխվիմիանին 29 տարեկան է, բնակվում է Դմանիսիում։ 4 տարի ղեկավարել է Դմանիսիի պետական թատրոնը։ Թեա Ծուլուկյանիի՝ մշակույթի նախարար նշանակվելուց հետո նա նույնպես դարձել է «Ծուլուկիանիի ռեպրեսիվ քաղաքականության» զոհը և հեռացվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Թատրոնից հեռանալուց հետո Լաշան Դմանիսիում հիմնել է «Հանդիպումների վայր» հասարակական կազմակերպությունը և ակտիվորեն փորձում է դմանիսցիներին ոչ ֆորմալ կրթության տարբեր հնարավորություններ առաջարկել՝ հանրային ֆինանսավորմամբ մշակութային-կրթական տարածք է կառուցում։ Լաշան ունի երկու փոքրահասակ երեխա։ Մեծ աղջիկը, ով շուտով կդառնա 4 տարեկան, Դմանիսիի մանկապարտեզ է հաճախում: Ի տարբերություն նրա երեխայի՝ Դմանիսիի ազգությամբ ադրբեջանցիներով բնակեցված գյուղերի երեխաներից ոչ մեկը նախադպրոցական կրթություն չի ստանում։ Մունիցիպալիտետի 57 գյուղերից մանկապարտեզ կա միայն յոթում։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում չկա նախադպրոցական ուսումնական հաստատություն։ Այս անհավասար իրավիճակը փոխելու համար Լաշան ակտիվորեն ներգրավված է փաստաբանության գործընթացում, որի նպատակն է օգնել բարձրլեռնային և փոքրամասնությունների բնակավայրերում ապրող երեխաներին իրացնել կրթություն ստանալու իրենց սահմանադրական իրավունքը։ Փաստաբանության արշավն իրականացվում է «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի» կողմից՝ USAID-ի Քաղաքացիական հասարակության ներգրավման ծրագրի աջակցությամբ։
Թբիլիսիի պետական համալսարանի անգլերենի բանասիրության ֆակուլտետի ուսանող, 21-ամյա Ռուսլան Օմարովը բացառություն է այն երիտասարդների մեջ, ովքեր ապրում են Դմանիսիի մունիցիպալիտետում և, չնայած բազմաթիվ կողմերի ճնշմանը, չեն խուսափում բացահայտ պայքարել հավասար իրավունքների համար։ Ռուսլանը ապրում է Ամամլո համայնքի Սափարլո գյուղում։ Նա ունի 3 և 4 տարեկան հորեղբոր երեխաներ: Նույն գյուղում մինչև 6 տարեկան մոտ 20 երեխա կա, որոնք զրկված են մանկապարտեզից։ Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ռազմավարության մեջ գրված է, որ պետական լեզուն սովորելու ամենաարդյունավետ միջոցը այն սկսելն է նախադպրոցական կրթության մակարդակից։ Գրությունը գրություն է մնացել նաև նախորդ ռազմավարության փաստաթղթում։ Միայն Քվեմո Քարթլիի շրջանում մոտ 5 հազար երեխա զրկված է նախադպրոցական կրթությունից։
2022 թվականի նոյեմբերին «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի» աջակցությամբ Լաշա Չխվիմիանին և Ռուսլան Օմարովը պետիցիա են ներկայացրել Դմանիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյին և պահանջել են մանկապարտեզներ բացել Իրգանչայում և Ամամլոյում։
Պետիցիան, որպես ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության ձև, տեղական ինքնակառավարման օրենսգրքում ներառվել է 2015 թվականից, սակայն սա առաջին անգամն էր, որ պետիցիա է ներկայացվել Դմանիսիի սակրեբուլոյին: Յուրաքանչյուր պետիցիայի համար ստորագրում է ավելի քան 250 ընտրող։
Դմանիսի գյուղերում ստորագրահավաքի ժամանակ «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի» աշխատակիցներին մեկ անգամ չէ, որ փորձել են խանգարել աշխատել: Հարբած անձինք և գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչները մեքենաներով հետապնդել են ակտիվիստներին և փորձել հարվածել նրանց։
Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ Կոբա Մուրադաշվիլին «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի» ներկայացուցիչներին հեռախոսազրույցում ասել է, որ «օտար անձինք» առանց իր թույլտվության չպետք է շրջեն Դմանիսիի գյուղերով։
2012 թվականից Մուրադաշվիլին աշխատել է նախ Ներքին գործերի նախարարության, ապա՝ Պետական անվտանգության ծառայության ղեկավար պաշտոններում։
Ըստ օրենքի՝ սակրեբուլոն իրավունք ունի պետիցիան ուղարկել քաղաքապետին՝ քննարկելու, ստեղծել հատուկ աշխատանքային խումբ կամ ուղարկել հանձնաժողով՝ ուսումնասիրության։ Դմանիսիի սակրեբոլոն երկու պետիցիան էլ փոխանցել է քաղաքապետին, ով պետք է մեկամսյա ժամկետում քննարկեր այն և սակրեբուլոյի հետ միասին տեղեկացներ ներկայացնողներին: Քաղաքապետը խախտել է օրենքով սահմանված պահանջները:
Դմանիսիի սակրեբուլոն դեկտեմբերի 26-ին ի գիտություն է ընդունել սակրեբուլոյի տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի որոշումը և աննպատակահարմար է համարել պետիցիայի քննարկումը։ Մինչդեռ նախադպրոցական կրթության իրավունքը երաշխավորված է սահմանադրությամբ։ Օրենսդրությունն ուղղակիորեն պարտավորեցնում է ինքնակառավարման մարմիններին ապահովել նախադպրոցական դաստիարակությունն ու կրթությունը համապատասխան տարիքի բոլոր երեխաների համար։
Սակրեբոլոն իր որոշումը բացատրել է նրանով, որ վարչապետի նախաձեռնությամբ 2023 թվականից ամբողջ երկրում կմեկնարկի մանկապարտեզների կառուցման-վերականգնման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում նաև Դմանիսիի մունիցիպալիտետում։
Իրակլի Ղարիբաշվիլին անցյալ տարվա նոյեմբերի 28-ին կառավարության նիստում իսկապես խոսել է մանկապարտեզների կառուցման-վերականգնման ծրագրի մեկնարկի մասին։
«Մանկապարտեզներն ամբողջ երկրում շատ վատ վիճակում են։ Պարոն Իրակլի Քարսելաձեն իմ հանձնարարությամբ այս հարցին ընթացք է տվել։ Պարզվել է, որ 885 մանկապարտեզ կառուցման և վերականգնման կարիք ունի։ Ուստի որոշեցինք սկսել մանկապարտեզների կառուցման և վերականգնման ծրագիր։ Սա կիրականացվի երեք փուլով և առաջին փուլը կսկսենք 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 100 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, մենք կծախսենք 1.3 միլիարդ լարի, ամբողջությամբ կվերականգնվեն և նոր մանկապարտեզներ կկառուցվեն ողջ երկրում»,- վարչապետի այս հայտարարությունը ճշտելու համար «Մթիս Ամբեբի» առցանց հրատարակությունը երկու անգամ դիմել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և հանրային տեղեկություն պահանջել այսպես կոչված նոր ծրագրի վերաբերյալ:
Միայն վարչական բողոք ներկայացնելուց հետո նախարարությունը գրավոր պատասխանել է, որ ծրագրի վերաբերյալ որևէ փաստաթուղթ գոյություն չունի։
Հայցվորներ Լաշա Չխվիմիանին և Ռուսլան Օմարովը պահանջում են Դմանիսիի սակրեբոլոյին ներկայացված պետիցիաները քննարկել, ուսումնասիրել և լուծել առաջ քաշած խնդիրը։ Երկու գործերն էլ քննելու է դատավոր Նինո Գիորգաձեն։
Վերջին 7 տարում, ինչ ինքնակառավարման օրենսգիրքը նախատեսում է պետիցիայի մեխանիզմ, Վրաստանում ոչ ոք չի բողոքարկել պետիցիան բավարարելու մերժման որոշումը, ավելին՝ ոչ ոք դատարանի միջոցով չի պահանջել իրացնել նախադպրոցական կրթության հասանելիության իրավունքը։
Նախադպրոցական կրթության հասանելիության արշավի շրջանակներում «Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնը» ուսումնասիրել է 32 մունիցիպալիտետների պրակտիկան։ Ամենավատ իրավիճակը Քվեմո Քարթլիում է՝ Դմանիսիի, Բոլնիսիի և Ծալկայի շրջաններում։
Բոլնիսի 48 գյուղերից միայն հինգն ունեն մանկապարտեզ։ Շրջանի բնակչության 63%-ը էթնիկ ադրբեջանցիներ են։ Փոքրամասնություններով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։
Ծալկայի մունիցիպալիտետի 43 գյուղերից մանկապարտեզ կա միայն վեցում։ Բնակչության մոտ 53%-ը էթնիկ փոքրամասնություններ են։ Նրանցից 39%-ը հայեր են, գրեթե 7%-ը՝ ադրբեջանցիներ, նույնքանը՝ հույներ։ Հայերով ու հույներով բնակեցված ոչ մի գյուղում մանկապարտեզ չկա։ Նախադպրոցական կրթությունը հասանելի է հայերով բնակեցված միայն մեկ գյուղում՝ Կիզիլ-Կիլիսայում։
«Քաղաքացիական ակտիվությունների կենտրոնի» կազմակերպմամբ Ծալկայի, Բոլնիսիի, Դմանիսիի, Ախալքալաքի, Բորջոմիի, Ասպինձայի, Տղիբուլիի, Սաչխերեի, Ցագերիի, Սագարեջոյի սակրեբուլոներին ներկայացվել 16 պետիցիա։