Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Պաշտպանության ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում արձագանքել է «Վրացական երազանքի» հանրահավաքին հնչած հակաարևմտյան ուղերձներին և ասել, որ վրացական բանակը լավ գիտի, թե ով է թշնամին և ով՝ բարեկամ։ Նախագահը նշել է, որ վերջին 33 տարիների ընթացքում, մինչ այժմ, ոչ ոք կասկածի տակ չի դրել Վրաստանի եվրոպական նպատակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ես դիմում եմ բանակին, որի գլխավոր հրամանատարության կոչումը հպարտությամբ եմ կրում․ ես դիմում եմ վրացական բանակին որպես երկրի պահակ և մեր հուսալի վահան։ Ես այսօր եկել եմ ձեզ մոտ, քանի որ դուք Վրաստանի անկախության և ազատության պաշտպանության խորհրդանիշն եք։ Դուք 33 տարի ծառայում եք այս նպատակին։ Նույն նպատակին ծառայել է անկախ Վրաստանի բանակը 1918-1921 թթ.։ Դիմում եմ ձեզ, որովհետև այսօր աշխատում են սև ու մութ ուժերը և փորձում են պառակտել երկիրը, որը չեն կարողացել ծնկի բերել՝ ո՛չ ազգամիջյան բախումներ առաջացնելով, ո՛չ եղբայրների միջև կոնֆլիկտ հրահրելով, ո՛չ ուղղակի պատերազմով ու օկուպացիայով։ Հակառակորդը շատ լավ գիտեր և գիտի, որ Վրաստանի թուլությունը պայմանավորված է միայն հասարակության մեջ ճեղքի ի հայտ գալով։
Ավելի քան 30 տարի այս երկիրը և նրա հասարակությունը համախմբված են մեկ նպատակի շուրջ՝ եվրոպական հեռանկարի, որը մեր անկախության, ինքնիշխանության, ինքնության, բազմազանության, հանդուրժողականության, խաղաղության և զարգացման միակ ճանապարհն է: Այս 33 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ ճգնաժամեր, կրքեր, տարբեր քաղաքական շարժումներ, բայց ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել այս մեկ նպատակը։
Վրացական բանակը շատ լավ գիտի, թե ով է թշնամին և ով է բարեկամ, ով է փորձել մեզ ոչնչացնել և ով է օգնել մեզ ստեղծել ժամանակակից պաշտպանական ուժեր։ Վրացական բանակը ամենից լավ գիտի, թե ինչու ենք մենք կռվել միջազգային առաքելություններում, քանի որ մենք մեր արժանի ներդրումն ենք ունեցել համաշխարհային անվտանգության գործում։ Մեր զինվորներից քանիսն են արժանապատվորեն զոհվել այս մարդասիրական նպատակի՝ ահաբեկչության դեմ պայքարի համար։
Այսօր ոմանք ցանկանում են մեր 30-ամյա դաշնակիցներին և գործընկերներին ներկայացնել որպես ինչ-որ անհայտ և անդեմ «պատերազմի կուսակցություն», որը Վրաստանին հրավիրում է արկածախնդրության կամ առճակատման, սա մեծ սուտ է և վնաս։ Մենք և առաջին հերթին դուք բոլորդ շատ լավ գիտենք, ոչ միայն վերջին 30 տարվա օրինակով, թե ով է վրաց պետականության և անկախության թշնամին, ով է 19-րդ դարից սկսած պայքարել վրաց լեզվի դեմ, ով է անընդհատ պայքարել վրաց եկեղեցու և հավատքի դեմ, ով է պայքարել Վրաստանի անկախության ցանկացած փորձի դեմ։
Այսօր քարոզել, որ թշնամին թշնամի չէ և բարեկամն ու դաշնակիցը դաշնակից չեն, նույնն է, ինչ հերքել, որ մայրը մայր է, իսկ հայրը` հայր:
Ո՞վ գիտի, եթե ոչ վրացական բանակը, ով է մեզ վարժեցրել, ով է ընդունել մեր ուսանողներին տարբեր ռազմական ուսումնարաններում, ով է մեզ քաջալերել, երբ դժվարությունների մեջ ենք եղել, երբ մեզ անհրաժեշտ է եղել տեխնիկա և շատ այլ բաներ։ Այսօր էլ, ով մեր կողքին է հենց այն պահին, երբ երկիրը գտնվում է խաչմերուկում, և ամենաէկզիստենցիալ ընտրությունը պետք է անել լինել-չլինելու համար, քանի որ առանց ազատության գոյությունը գոյություն չէ։
Մեր բոլորի պարտքն է գտնել միասնության ուղի, տոկունություն, արիություն, հայրենիքի հանդեպ վերաբերմունքի ու սիրո օրինակ դրսևորել, իսկ ով հակասություն ու սադրանք է սերմանում, նա դեմ է դուրս գալիս իր բանակին ու հայրենիքին։ Ով միասնություն է քարոզում, նա խաղադրույք է կատարում երկրի ապագայի, երիտասարդության վրա։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել անցյալի և վաղվա հաղթանակի համար։ Ձեր և մեր հաղթանակը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Խաղաղ Վրաստանը կարելի է պատկերացնել միայն Եվրոպայի գրկում և իրավահավասար հանրության մեջ, դուք կանգնած եք այս ապագայի պահակակետին։
Կեցցե վրացական բանակը, պաշտպանական ուժերը, յուրաքանչյուր զինվոր, կեցցեն հերոս զինվորները, ովքեր զոհվել են հանուն երկրի անկախության, ինքնիշխանության և ազատության, նրանց հիշատակը անմահ է։ Կեցցեն բոլոր նրանք, ովքեր դարեր շարունակ կանգնել են այնտեղ, որտեղ դուք եք այսօր, ովքեր հավատացել են նրան, ինչին դուք այսօր հավատում եք և ովքեր պաշտպանելու են վաղվա հզոր, միասնական, եվրոպական Վրաստանը։ Կեցցե Վրաստանը, շնորհավորում եմ այսօրվա օրվա կապակցությամբ»,- ասել է Վրաստանի նախագահը։
Սալոմե Զուրաբիշվիլիից հետո ելույթ է ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով չի ողջունել նախագահին և չի նշել նրա անունը։ Վարչապետի խոսքով՝ ինքը դա միտումնավոր է արել։ «Ես թույլ չեմ տալիս վրացական բանակի առջև արձագանքել նրա քաղաքական հայտարարություններին, որոնք լիովին հարիր չէին այս օրվա և նախագահի բարձր պաշտոնի համար։ Սահմանադրության առաջ երդումը դրժելու և երկրին դավաճանելու համար բոլորը Աստծո առջև են պատասխան տալիս»,- բանակին ուղղված իր ուղերձի սկզբում ասել է Իրակլի Կոբախիձեն։