Չենք վստահում «Վրացական երազանքին». Խորհրդարանի դիմաց ժամը 19:00-ին հանրահավաք կանցկացվի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ այսօր՝ մարտի 9-ին, ժամը 19:00-ին հանրահավաք տեղի կունենա խորհրդարանի դիմաց։ Նրանց խոսքով, «Վրացական երազանքը» ստիպված նահանջել է, թեև չեն հավատում, որ հրաժարվել է գործակալների մասին ռուսական օրենքից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սա ստախոս ռուսների թիմ է, որը մեզ բազմիցս խաբել է։ Նա մեզ խաբեց հունիսի 20-ին, մեզ խաբեց համամասնական ընտրությունների վերաբերյալ, մեզ խաբեց Շառլ Միշելի փաստաթղթի հետ կապված։ Նա խաբեց մեզ ամեն ինչում։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը չունի առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը ետ կանչելու իրավական ընթացակարգ։ Միակ միջոցը հավատալու, որ «Վրացական երազանքը» հրաժարվել է այս օրենքից, հետևյալն է. ետ կանչել Վենետիկի հանձնաժողով ուղարկված ռուսական այս օրենքի երկու տարբերակները, երկուսն էլ դնել քվեարկության և մերժել։ Այս դեպքում կհամարենք, որ «Վրացական երազանքը» հրաժարվել է ռուսական օրենքից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք շարունակում ենք բողոքել»,- ասել է «Դրոա» կուսակցության անդամ Գիգա Լեմոնջավան։

Հանրահավաքի կազմակերպիչները պահանջում են ազատ արձակել վերջին երկու օրերին ձերբակալված ցուցարարներին։

«Այսօր անպայման ցույց է լինելու, քանի որ շատ երիտասարդներ չեն վստահում «Վրացական երազանքին»։ Մենք պահանջում ենք, որ երկու կետերն էլ կատարվեն՝ մի կողմից հստակություն է պետք, թե ինչպես են պատրաստվում ետ վերցնել այս օրենքի նախագիծը, որովհետև նրանց հայտարարությունները սուտ են, իսկ մյուս կողմից՝ ձերբակալել են մեզ հետ պայքարող մարդկանց, և մինչև նրանք ազատ չեն արձակվել, «Վրացական երազանքը» թող չմտածի, որ ամեն ինչ հեշտ է լինելու»,- ասել է «Գիրչի - ավելի շատ ազատություն» կուսակցությունից Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Ցոտնե Կոբերիձեն։

«Մեր բողոքը չի դադարել։ Սա լիակատար հաղթանակ չենք կարող համարել, մանավանդ, երբ մեր ընկերները ոչ միայն կալանավորված են, այլ նույնիսկ մենք չգիտենք նրանց գտնվելու վայրը։

Հիմնական պահանջի վերաբերյալ մենք պատասխան չունենք. «Վրացական երազանքն» իր հայտարարության մեջ խոսել է բնակչության հետ որոշակի խորհրդակցությունների մասին։ Այս [օրինագիծը ետ կանչելը] պետք է կատարվի անվերապահորեն: Վրաց ժողովուրդը դրան պատասխան տվեց՝ վտանգելով իր կյանքն ու առողջությունը։

Մենք Ռուսաստանին չենք զիջի եվրոպական ապագան, այս պայքարը լինելու է մինչև հաղթանակ: Մենք գիտենք, որ «Ռուսական երազանքը» չի կարող փոխել իր ռուսական բնույթը նույնիսկ այս օրինագիծը ետ կանչելով, բայց ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարել»,- ասել է «Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի անդամ Իրակլի Փավլենիշվիլին։

«Վրացական երազանքը» հայտարարել է, որ ետ է կանչելու երկու օր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ «Որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու իշխող ուժ՝ մենք որոշել ենք առանց պայմանների ետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց վերապահումների»,- ասված է իշխող կուսակցության հայտարարության մեջ։

Այս որոշմանը նախորդել են խորհրդարանի մոտ ընդդեմ ռուսական օրենքի ընդունման բազմահազարանոց բողոքի ցույցերը, որոնք ցրվել են իշխանությունների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլ միջոցներ։ Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Բանավոր և ֆիզիկական հարձակման են ենթարկվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները։

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողների վրա հարձակվելու մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել է ՔՕ 353-րդ հոդվածով, մանր խուլիգանություն և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հատկանիշներով ՝ վարչական կարգով ընդհանուր առմամբ կալանավորվել է 133 անձ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։