«Չի հեղեղվի ոչ գյուղ, ոչ էլ եկեղեցի»․ Ղարիբաշվիլին՝ Խուդոն ՀԷԿ-ի կառուցման ծրագրի մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կառավարությունը հենց ինքն է մտադիր Խուդոն ՀԷԿ-ը կառուցել Զեմո Սվանեթիում, սակայն նախագիծը կփոխվի այնպես, որ «ոչ գյուղ կհեղեղվի, ոչ էլ եկեղեցի» և «դա շատ նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա»։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության գործունեության 2023 թվականի հաշվետվությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Հիմա մենք աշխատում ենք չորս խոշոր ՀԷԿ-երի զարգացման վրա, որոնց թվում կլինի «Խուդոն ՀԷԿ»-ի նախագիծը։ Սակայն սա փոխվելու է, որպեսզի ոչ գյուղը, ոչ եկեղեցին չհեղեղվեն ու շատ նվազագույն ազդեցություն լինի շրջակա միջավայրի, ընդհանրապես տարածաշրջանի վրա։ Ընդհակառակը, կարծում եմ, որ դա կլինի օրինակելի նախագծերից մեկը և Էնգուրի ՀԷԿ-ից հետո՝ մեր երկրի էներգետիկ ոլորտի համար ամենակարևորը։ Ինչպես գիտեք, 2012 թվականին Խուդոն ՀԷԿ-ի նախագիծը օտարվեց։ Մենք վերագնել ենք, և պետությունը մտադիր է հենց ինքը սկսել կառուցել այս մեծ, ազգային նշանակություն ունեցող հիդրոէլեկտրակայանը։ Նաև մենք շարունակում ենք աշխատել Նենսկրայի զարգացման ուղղությամբ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը նշել է, որ էներգետիկայի զարգացումը կառավարության հիմնական ուղղություններից ու առաջնահերթություններից է։

«Մինչև 2012 թվականը Վրաստանի էներգահամակարգի դրվածքային հզորությունը կազմել է մոտ 3 325 մեգավատ։ Կայանների մեծ մասը կառուցվել է Խորհրդային Միության տարիներին։ Մինչև 2012 թվականը կառուցվել է 7 էլեկտրակայան՝ 140 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, իսկ մեր կառավարության օրոք կառուցվել է 66 էլեկտրակայան՝ 1 200 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ՝ մոտ 2 մլրդ դոլար ընդհանուր ներդրումով։ Սա կոնկրետ արդյունք է էներգետիկայի ոլորտում։ Իհարկե, արդյունքում ունենք ռեկորդային էլեկտրաէներգիայի արտադրություն, արտահանում և տարանցում։ Այս տարի, 11 ամսվա տվյալներով, արտադրությունն արդեն կազմել է 13 միլիարդ կիլովատ ժամ, իսկ անկախ Վրաստանի պատմության մեջ սա արտադրության պատմական առավելագույնն է։ Մեր երկրից արտահանումն ու տարանցումը նույնպես ռեկորդային են. եկամուտները կազմել են տասնյակ միլիոնավոր լարի, որոնք ուղղվել են բյուջեին, և, իհարկե, դա 4,5 անգամ ավել է, եթե համեմատենք 2012 թվականի հետ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ պետությունը ներդրողից վերագնել է «Խուդոն ՀԷԿ»-ի նախագիծը 13․5 մլն դոլարով։ Ինչպես այն ժամանակ էր հայտարարել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, հիդրոէլեկտրակայանի շինարարությունը կվերսկսվի 2023 թվականից։

«Խուդոն ՀԷԿ»-ը պետք է լիներ Վրաստանի երկրորդ ամենամեծ հիդրոէլեկտրակայանը Էնգուրի ՀԷԿ-ից հետո։ Դրա շինարարությունը սկսվել է 1979 թվականին՝ Խորհրդային Միության տարիներին, սակայն այն դադարեցվել է ազգային շարժման, ուսանողների և տեղի բնակչության համատեղ բողոքի ակցիաների պատճառով։ 2011 թվականին «Ազգային շարժման» իշխանության օրոք հնդկական «Տրանս-էլեկտրիկան» շահեց Խուդոն ՀԷԿ-ի կառուցման իրավունքը և 1 դոլարով պետությունից ստացավ 1 536 հեկտար հողատարածք Խաիշում։ Ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում։ Այդ ժամանակվանից ի վեր «Տրանս-էլեկտրիկան» ոչ մի գործունեություն չի իրականացրել, բացառությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության պատրաստման։

Նախագծի համաձայն՝ Խուդոնի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի բարձրությունը պետք է կազմեր 200 մետր, իսկ ջրամբարը ստեղծելու համար նախատեսվում էր ջրով լցնել 528 հեկտար տարածք։ Ջրի տակ պետք է անցներ գյուղեր, եկեղեցիներ, գերեզմանատներ, պատմական հուշարձաններ, Ջվարի-Մեստիա կապող ճանապարհի մի մասը։ Շուրջ 2000 մարդ պետք է վերաբնակեցվեր։

2013 թվականի մայիսի 8-ին Խաիշի համայնքում բնակվող մոտ 200 ընտանիք Սուրբ Գիորգի եկեղեցու սրբապատկերի վրա երդվել է, որ թույլ չի տա, որ Խաիշին և շրջակա գյուղերը, գերեզմաններն ու եկեղեցիները հայտնվեն ջրի տակ, նրանք հրաժարվել են որևէ փոխհատուցումից։

Այս տեսքով «Խուդոն ՀԷԿ»-ի կառուցմանը դեմ են նաև բնապահպանական կազմակերպությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):