Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա կառավարության նիստում արձագանքել է BBC-ի լրագրողական հետաքննությանը, որը վերաբերում է խարդախության համաշխարհային ցանցի գործունեությանը և դրա հետ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլիի առնչությանը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ղարիբաշվիլիի խոսքով՝ վրացական կողմը «շատ ինտենսիվ» համագործակցել է գերմանական քննչական ծառայության հետ, և զգալի ներդրում են ունեցել միջազգային խարդախության սխեմայի հետաքննության գործում։
«Ճշմարտությունը բացահայտված է: Բացահայտվեց, որ մեր քաղաքացուն, ցավոք սրտի, պաշտպանության նախկին նախարար պարոն Կեզերաշվիլիին արդեն կոչում են որպես միջազգային մակարդակի խաբեբա, ինչն, իհարկե, աղետալի է, և առավել անհանգստացնողն այն է, որ նշված անձը, ով, ինչպես գիտեք, նախկինում թալանել էր բանակը, հաջորդ օրը նա տեռորի էր ենթարկում բիզնեսը, այժմ նրա ընկերությունը մշակել է ամբողջ Եվրոպայում աննախադեպ խարդախության սխեմա և թալանել թոշակառուներին։ Պատճառվել է մեկ միլիարդ դոլարի վնաս»,- նշել է վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է Վրաստանի եվրոպացի ընկերներին և գործընկերներին, որ երբ նրանք հանդիպում են վրացական «արմատական, ծայրահեղական ընդդիմության» ներկայացուցիչների հետ, հանդիպում են «մի կուսակցության ներկայացուցիչների, որոնք ֆինանսավորվում են իրենց քաղաքացիներին թալանողի կողմից»։
«Սա, իհարկե, ամոթալի փաստ է, բայց, իհարկե, ուրախ եմ, որ ճշմարտությունը ի հայտ եկավ։ Հիշում եք, որ անցյալ տարի, ընդհակառակը, ենթադրվում էր, որ այս գործում ներգրավված են պետական պաշտոնյաներ, իսկ հիմա ի վերջո դա բացահայտել է բրիտանական հանրային հեռարձակող BBC-ն, որի մասին արդեն տեղեկացվել է ողջ հանրությանը։
Այնպես որ, փոխանակ մեր ընդդիմությունն ամեն օր ներքաշվի ապակառուցողական գործունեության մեջ, պետք է ամեն օր ներողություն խնդրեն, հիմա թե՛ մեր հանրությունից, թե՛ եվրոպական հանրությունից, և բացատրություններ տան, թե ինչու է ֆինանսավորվում ողջ ընդդիմադիր սպեկտրը, գրեթե ողջ ընդդիմությունը, նրանց հեռուստաընկերությունները թալանված փողերով, եվրոպացի թոշակառուներից գողացված փողերով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի քննչական ծառայություններին «շատ ինտենսիվ աշխատանքի» համար և հույս հայտնել, որ այս խարդախության սխեմայի մեջ ներգրավված բոլոր հանցագործները պատասխանատվության կենթարկվեն։
BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիայի պատրաստած լրագրողական հետաքննության համաձայն՝ Դավիթ Կեզերաշվիլին կապված է Milton Group-ի հետ, որը հասարակ մարդկանցից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից թալանել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Ինքը՝ Կեզերաշվիլին, ասում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները զրպարտչական են, և մի շարք փաստեր դիտավորյալ խեղաթյուրված են քննչական նյութում։ Այսօր՝ ապրիլի 18-ին, նա հայտարարել է, որ հրաժարվում է «Ֆորմուլա»-ի վերահսկիչ փաթեթից և իր բաժնեմասի կեսը՝ 51 տոկոսը, կփոխանցի հեռուստաընկերության կոլեկտիվին։ Ըստ Կեզերաշվիլիի, այս որոշումն էլ ավելի է բարձրացնում «Ֆորմուլա»-ի խմբագրական անկախությունը։ Դավիթ Կեզերաշվիլին պատրաստվում է դատարանում ապացուցել BBC-ի նյութում ներկայացված մեղադրանքների անարդարությունը։ Միաժամանակ նա ասում է, որ պատրաստ է Եվրոպայի ցանկացած հետաքննչական գործակալության տրամադրել իր ունեցած տեղեկությունները «այն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, որոնք իրականում ներգրավված են այսպես կոչված քոլ ցենտրերի հովանավորչության մեջ»։