Դատախազությունը Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրում է Իվանիշվիլիին պատկանող 39 միլիոն դոլարի հափշտակման մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Ինտերպրեսնյուս» գործակալության

Վրաստանի դատախազությունը «Համաներդրումային հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Գիորգի Բաչիաշվիլիին մեղադրում է «Վրացական երազանքի» հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող 39 215 820 դոլար արժողությամբ բիթքոյինների յուրացման մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Թբիլիսիի քաղաքային դատարանում այսօր կայացած դատավարության ժամանակ դատախազությունը Բաչիաշվիլիի համար որպես խափանման միջոց պահանջել է 3 մլն լարի վճարել։ Դատավոր Թամար Մճեդլիշվիլիի որոշմամբ մեղադրյալին 2․5 մլն լարի գրավ է նշանակվել, բացի այդ, մինչև գործով վերջնական որոշում կայացնելը նրան արգելվել է լքել երկրի տարածքը՝ առանց դատախազության համաձայնության, և նրան հանձնարարվել է հետաքննության համար հանձնել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրերը։

Գիորգի Բաչիաշվիլին, ով 2013-2019 թվականներին զբաղեցրել է «Համաներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոնը, չի ընդունում ներկայացված մեղադրանքը։

«Ես մեղավոր չեմ։ Ես երբեք հանցագործություն չեմ կատարել, ուստի անհասկանալի է, թե ինչու եմ այս գործընթացում: Բացի այն, որ մեկ անձ է պնդում, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, գործում չկա որևէ այլ ապացույց»,- ասել է Գիորգի Բաչիաշվիլին։

Այսօր Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել խոշոր չափի կրիպտոարժույթի յուրացման և անօրինական եկամուտների օրինականացման դեպքի վերաբերյալ։ Գերատեսչությունը մեղադրյալին նշել է իր սկզբնատառերով, իսկ տուժող ճանաչված ներդրողի ինքնության մասին ոչինչ չի հայտնել։ Միայն դատավարության ժամանակ է պարզ դարձել, որ հայցվորը ներդրող Բիձինա Իվանիշվիլին է։

«Մենք գործ ունենք մի պարզ իրավիճակի հետ՝ ներդրումների շրջանակներում գոյացած կրիպտոարժույթի յուրացում և այս ակտիվի հետագա օրինականացում։ Նախաքննությունը սկսվել էր այս տարվա մարտին, երբ ստացանք տեղեկությունը։ Հայտարարությամբ մեզ դիմեց տուժողի ներկայացուցիչը և, բնականաբար, այս շրջանակներում, ինչպես ցանկացած դեպքի և հանգամանքի դեպքում, մենք հետաքննություն սկսեցինք»,- ասել է գործի դատախազ Միխեիլ Սադրաձեն։

Գործի նյութերի համաձայն՝ 2015 թվականի ամռանը Գիորգի Բաչիաշվիլին ներդրում է կատարել կրիպտոարժույթի՝ բիթքոյինի արտադրության/մայնինգի մեջ՝ անձամբ իր կողմից մոբիլիզացված և ներդրողի՝ Բիձինա Իվանիշվիլիի կողմից փոխանցված միջոցներով։ Բիթքոյին մայնինգի ծառայությունները մատուցել է արտասահմանյան ընկերությունը՝ 2015 թվականի հուլիսին Բաչիաշվիլիին պատկանող ձեռնարկության հետ կնքված 1 տարվա պայմանագրի հիման վրա։ Պայմանագրի արժեքը որոշվել է 6.305.000 ԱՄՆ դոլար, որից Բիձինա Իվանիշվիլիին պատկանող գումարը կազմել է 5.000.000 ԱՄՆ դոլար, իսկ Գիորգի Բաչիաշվիլիինը՝ 1.305.000 ԱՄՆ դոլար։ Ենթադրելի է, որ ստացվող շահույթը կողմերի միջև պետք է բաշխվեր ներդրված գումարների համամասնությամբ։

«Մեկ տարվա ընթացքում գեներացվել է 24 661․85 բիթքոյին, որից ներդրված միջոցներին համամասնորեն և կատարված ծախսերը հաշվի առնելով՝ որպես մաքուր շահույթ ներդրողի համար որպես մաքուր շահույթ կրիպտոարժույթը կազմել է 8 253․13 բիթքոյին։ 2017 թվականի հոկտեմբերին մեղադրյալը, որն ուներ օրինական սեփականություն և վերահսկողություն ամբողջ մայնինգ կրիպտոարժույթի վրա, ներդրողին տվել է ընդամենը 536․900 ԱՄՆ դոլար՝ ներդրումներից ստացված ամբողջ շահույթի համար, և անօրինական ճանապարհով յուրացրել է ներդրողին պատկանող մնացած 8 253․13 բիթքոյնները, որոնց արժեքը դրանց անօրինական ճանապարհով տիրանալու ժամանակ կազմել է 39 215 820 ԱՄՆ դոլար»,- հայտնում են դատախազությունից։

Մեղադրող կողմի խոսքով՝ կրիպտոարժույթը յուրացնելուց հետո Գիորգի Բաչիաշվիլին թաքցրել է առգրավված ակտիվների ապօրինի ծագումը և «օրինականացրել է անօրինական կերպով յուրացված կրիպտոարժույթը՝ 8 253․13 բիթքոյինը և դրա տնօրինման արդյունքում ձեռք բերված առանձնապես մեծ գումարը»։

Դատախազությանն ի պատասխան՝ Գիորգի Բաչիաշվիլիի փաստաբան Լևան Մախարաշվիլին հայտարարել է, որ գործը վերաբերում է «Քարթու բանկի» և Բաչիաշվիլիի ընկերության միջև կնքված վարկային համաձայնագրին, որն ապացուցում է, որ ընկերությունը վերցրել է 5 միլիոն վարկ, որը վճարվել է մեկ տարի անց։

«Դա ավելի մեծ հարց է առաջացնում, թե ինչու է հետաքննությունը շահագրգռված այս փաստով 8 տարի անց, հատկապես, որ այս տարիների ընթացքում Բաչիաշվիլին աշխատել է առաջատար դիրքերում այն ​​ընկերություններում, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն տուժողի հետ»,- ասել է փաստաբանը։

Եթե ​​Գիորգի Բաչիաշվիլին մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 9-ից 12 տարվա ազատազրկում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։