Ընդդիմադիր դաշինքների առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Զուրաբ Ջափարիձեն հարցաքննության համար կանչվել են Գլխավոր դատախազություն։ Գործը վերաբերում է խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա սկսված հետաքննությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Ինձ զանգահարել են գլխավոր դատախազությունից, որպես վկա կանչում են հարցաքննության, ես կգնամ ընտրակեղծիքների ապացույցներով հանդերձ, տեսնեմ՝ ինչպե՞ս կպահի իրեն Բիձինայի հնազանդ դատախազությունը։ Մենք հաղթելու ենք ամենուր»,- Facebook-ում գրել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի հիմնադիր Մամուկա Խազարաձեն։
Նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին հարցաքննության է կանչվել նաև «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն։ Հայտնի չէ՝ նա կգնա քննչական մարմին, թե ոչ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ընտրությունների «ենթադրյալ կեղծիքի» մեղադրանքներն արդեն լայն մասշտաբներ են ստացել, ինչը «համալիր և օբյեկտիվ քննություն է պահանջում»։ Հենց հաջորդ օրը դատախազությունը քրեական գործ է հարուցել ընտրակեղծիքների հոդվածով, և առաջինը, ով հրավիրվել է հարցաքննության, եղել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Զուրաբիշվիլին հրաժարվել է գնալ դատախազություն և կոչ է արել քննչական մարմնին «նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց զերծ մնալ»։
Հարցաքննության է կանչվել նաև «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլին։ Նրա խոսքով՝ նշված հետաքննությունը «կեղծ» է, և դրա նպատակը միայն պարզելն է, որ ընտրությունները չեն կեղծվել։ Ըստ այդմ՝ Մեզվրիշվիլին չի պատրաստվում ներկայանալ քննչական մարմին։ Նույն որոշումն է կայացրել դիտորդական կազմակերպությունների կոալիցիայի՝ «Իմ ձայնի» մամուլի խոսնակ Լոնդա Թոլորաիան։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,93 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են», իսկ Վրաստանը «ռուսական հատուկ գործողության» զոհ է դարձել։
