«Երազանքի» ոչ լեգիտիմ խորհրդարանը նախագահի ընտրությունները նշանակել է դեկտեմբերի 14-ին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» պատգամավորները, որոնք 11-րդ գումարման խորհրդարանում սահմանադրության խախտմամբ ճանաչեցին իրենց լիազորությունները, որոշում են ընդունել Վրաստանի նախագահի հաջորդ ընտրությունների նշանակման մասին։ Ընտրությունները նշանակվել են դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Սահմանադրության համաձայն նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ 2017 թվականին սահմանադրական բարեփոխումների գործընթացում փոխվել է նախագահի ընտրության կարգը՝ նախագահին այսուհետ կընտրի 300 անդամից բաղկացած կոլեգիան։ Անմիջապես անցումային դրույթներում ասվում էր, որ 2018 թվականին ընտրված նախագահը կընտրվի 6 տարի ժամկետով։ Պատճառը 2024-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն էին, և գաղափարն այն էր, որ կոլեգիայի մի մասը համալրվի նորընտիր խորհրդարանի կողմից։ Գործող նախագահը երդվել է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ նրա պաշտոնավարման վեց տարին լրանում է դեկտեմբերի 16-ին։

Բացի այդ, սահմանադրության համաձայն, այն դեպքում, երբ նախագահական ընտրությունները համընկնում են խորհրդարանական ընտրությունների հետ, նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը 45 օրվա ընթացքում։ Կարևոր է, որ ընտրություններն անցկացվեն այս տարի, ինչպես նաև երդմնակալությունը՝ 2024 թվականին, որպեսզի նորընտիր նախագահը ունենա 5 տարի ժամկետ։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունները տեղափոխվեն 2025, հաջորդ ընտրությունները պետք է անցկացվեին 2030 թվականի հոկտեմբերին, և փաստացի կլիներ 6 տարի ժամկետով ընտրված նախագահ, ինչը հակասում է սահմանադրության ոգուն»,- ասել է ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

300 հոգանոց ընտրական կոլեգիան ներառում է խորհրդարանի բոլոր անդամները, Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինները։ Ընտրական կոլեգիայի մյուս անդամներն առաջադրվում են համապատասխան քաղաքական կուսակցությունների կողմից տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմիններից՝ ԿԸՀ-ի կողմից օրգանական օրենքի հիման վրա սահմանված քվոտաների համաձայն:

«Այս 300 անդամներից 150-ը խորհրդարանի անդամներ են, Աջարիայի Գերագույն խորհրդի ամբողջական կազմը՝ 21 անդամ, Աբխազիայի Գերագույն խորհրդի ամբողջական կազմը՝ 20 անդամ, մնացած 109 անդամները կազմված կլինեն սակրեբուլոների անդամներից այն համամասնությամբ, որը որոշվել է 2021 թվականի ընտրությունների արդյունքում»,- ասել է Պապուաշվիլին։

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամ։ Ընտրական կոլեգիայի մեկ անդամ կարող է աջակցել միայն մեկ թեկնածուի առաջադրմանը։ Նախագահ ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա կոլեգիայի ամբողջական կազմի 2/3-ի աջակցությունը։ Հակառակ դեպքում կնշանակվի երկրորդ փուլ։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, եթե անհրաժեշտ լինի երկրորդ փուլ, այն կանցկացվի նույն օրը։

«Նույն օրենսդրական կարգավորումների համաձայն՝ երդմնակալությունը տեղի է ունենում ընտրություններից հետո երրորդ շաբաթը, այսինքն՝ նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 29-ին»,- ասել է Պապուաշվիլին։

«Վրացական երազանքը» նոյեմբերի 25-ին անցկացրել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը և ճանաչել բոլոր 150 անդամների լիազորությունները, ընտրել նախագահին, նրա տեղակալներին և հանձնաժողովների նախագահներին։ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Սահմանադրագետները բացատրում են, որ խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու այն անձանց լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Նրանց պարզաբանմամբ՝ խորհրդարանի որոշումները համարվում են անօրինական։

 

Այս թեմայով՝

Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):