Թբիլիսիի քաղաքապետը և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել է, որ կառավարությունը «կխաղա վրացական կանոններով», իսկ այն դեպքում, եթե Եվրամիությունը Վրաստանին չշնորհի անդամակցության թեկնածուի կարգավիճակ, նրանք կարող են դա «պահել իրենց»:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Կալաձեի մեկնաբանությունը հաջորդել է Եվրախորհրդարանի անդամ Անդրյուս Կուբիլիուսի հայտարարությանը, ով ասել է, որ Վրաստանի կառավարությունը կարգավիճակ չի ստանա, եթե չխաղա Եվրամիության կանոններով։
«Սա այն խաղի և շանտաժի մի մասն է, որը մենք տեսնում ենք այս ամբողջ ընթացքում, և դա տեսնում է նաև հանրությունը: Վրաստանի կառավարությունը կխաղա վրացական կանոններով, կգործի ելնելով երկրի և մեր ժողովրդի ազգային շահերից։ Մեր կառավարությունն ամեն ինչ արել և անում է այս դժվարին ճանապարհին։ Սակայն եթե նրանց կողմից քաղաքական որոշում կայացվի՝ կապված թեկնածուի կարգավիճակ չշնորհելու հետ, և մեզ չտան կարգավիճակ, կարող են պահել իրենց»,- լրագրողներին ասել է Կալաձեն։
Նրա իսկ հայտարարության համաձայն, այսպես կոչված ընկերների համար, որոնց ասելով նա նկատի ունի Եվրախորհրդարանի պատգամավորներին, Վրաստանի կառավարությունը ընդունելի չէ, քանի որ «նա չի ներքաշվել պատերազմի մեջ և անում է այն ամենը, ինչը վերաբերում է մեր երկրի և ժողովրդի շահերին»։
«Այն, ինչ կատարվում է Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ուղղակի ռեկետ է բառի ողջ իմաստով, և ափսոս, որ դա տեղի է ունենում եվրոպական զարգացած երկրներում, որտեղ, ինչ ասեմ... Մենք միշտ ասել ենք, խոսել դեմոկրատիայի մասին, ձգտել և կատարել ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, կոնկրետ քայլեր, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, ինչի հետ որ առնչվում ենք այսօր, կտրականապես անընդունելի է և մտահոգիչ։ Տեսել ենք մի քանի անհեթեթ բանաձևեր, որոնք բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։
2012 թվականից մեր կառավարությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում մեր երկրի եվրաինտեգրման համար, բայց այն, ինչ հիմա ենք լսում, թեկուզ Սաակաշվիլիի հետ կապված, մեր երկրի դեմ արշավը, կտրականապես անընդունելի է, և այսպես կոչված մեր ընկերները ուղիղ կապ ունեն դրա հետ: Նրանց յուրաքանչյուր հայտարարություն հիմնված է աբսուրդի, ստի, ապատեղեկատվության վրա»,- նշել է Կալաձեն։
Փետրվարի 14-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Անդրյուս Կուբիլիուսը «Մթավարի արխի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նման քաղբանտարկյալ ունենալը փորձություն է Վրաստանի իշխանության համար։ Կուբիլիուսի խոսքով՝ եթե «Վրացական երազանքը» չփոխի իր վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ, դա կազդի Վրաստանի եվրոպական կարգավիճակի վրա։
ԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ են Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ, որը Ուկրաինան և Մոլդովան ստացել են 2021 թվականի հունիսին, այն բանից հետո, երբ երկիրը կկատարի Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները։ Նշված հանձնարարականները վերաբերում են քաղաքական բևեռացման, ապաօլիգարխացման, դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացման, հանրային պաշտպանի պաշտոնում անկախ անձի ընտրության խնդրի լուծմանը և այլն։ Եվրահանձնաժողովը առաջարկությունների կատարման վերաբերյալ սեփական զեկույցը կներկայացնի 2023 թվականի աշնանը։