Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականներից Վրաստանն ամբողջությամբ կատարել է միայն 3-ը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրահանձնաժողովը գնահատել է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով մեկ տարի առաջ սահմանված 12 հանձնարարականների կատարումը։ Այսօրվա դրությամբ մեդիան միակ ոլորտն է, որտեղ երկիրը ոչ մի առաջընթաց չի գրանցել։ Ընդամենը 3 հանձնարարական է համարվել ամբողջությամբ կատարված: Որոշակի առաջընթաց է արձանագրվել 7 հանձնարարականի ուղղությամբ, իսկ մեկի դեպքում՝ դեօլիգարխիզացիայի վերաբերյալ Վրաստանը սահմանափակ առաջընթաց է ցույց տվել:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բանավոր զեկույցը Ստոկհոլմում ներկայացրել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

Ըստ Օլիվեր Վարհեի, 12 հանձնարարականներից երեքն իրականացվել են՝ գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության, դատական ​​գործընթացներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հաշվի առնելու և թափանցիկ գործընթացի արդյունքում հանրային պաշտպան նշանակելու ուղղությամբ։

Վրաստանը որոշակի առաջընթաց է գրանցել հետևյալ ոլորտներում.

Քաղաքական բևեռացման խնդրի լուծում. Եվրահանձնակատարն ասել է, որ խորհրդարանի անդամների մեծ մասը դադարեցրել է բոյկոտը, և մի քանի օրենքներ ընդունվել են բազմակուսակցական աջակցությամբ: Ըստ Օլիվեր Վարհեի՝ այս առաջնահերթությունը/հանձնարարականն ամբողջությամբ իրականացնելու համար Վրաստանը պետք է ապահովի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն, դադարեցնի կոշտ հռետորաբանությունը և հարգի նախկին քաղաքական համաձայնագրերը, հատկապես ԵՄ միջնորդությամբ ապրիլի 19-ի համաձայնագիրը։

Ապահովել պետական ​​ինստիտուտների կատարյալ գործունեությունը և ընտրական օրենսդրության դաշտի հետագա կատարելագործումը․ կառավարությունն ընդունեց պետական ​​կառավարման բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում և «Քաղաքական միավորումների մասին» օրենքում՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին համապատասխանեցնելու համար: Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանը պետք է բարելավի խորհրդարանական վերահսկողությունը, որպեսզի պատշաճ կերպով հետաքննի ընտրական խախտումների մասին պնդումները, ինչպես դա նշվում է նաև ԺՀՄԻԳ-ի զեկույցներում: Բացի այդ, Եվրահանձնաժողովը Վրաստանին կոչ է անում մերժել ընտրական օրենսդրության փոփոխությունները, որոնք փոխում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակման կարգը։

Դատական ​​համակարգի ներառական բարեփոխում, ներառյալ Արդարադատության բարձրագույն խորհուրդը. Վրաստանը պետք է Վենետիկի հանձնաժողովին երկրորդ կարծիքի համար ներկայացնի դատական ​​օրենսդրության փոփոխությունները, ինչպես նաև իրականացնի դատական ​​համակարգի, հատկապես Արդարադատության բարձրագույն խորհրդի ավելի լայն բարեփոխում, և վերջապես նշանակի Արդարադատության բարձրագույն խորհրդի մնացած ոչ դատավոր անդամներին։

Հակակոռուպցիոն գործակալության հզորացում. ստեղծվել է հակակոռուպցիոն նոր բյուրո։ Այս հանձնարարականն ամբողջությամբ իրականացնելու համար Վրաստանը դեռ պետք է ապահովի հակակոռուպցիոն բյուրոյի անկախ գործունեությունը և օրենքի նախագծի վերաբերյալ խորհուրդներ ստանա Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Եվրահանձնաժողովը Վրաստանին հանձնարարում է վերանայել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցից դուրս գալու որոշումը։

Պայքար կազմակերպված հանցավորության դեմ. Վրաստանն ամրապնդել է համագործակցությունը «Եվրոպոլի» և անդամ երկրների հետ։ Այն այժմ պետք է հաշվի առնի Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի կոմիտեի (MONEYVAL) բոլոր կարևոր առաջարկությունները:

Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանություն. Վրաստանը պետք է ապահովի մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների պլանի և հավաքների ազատության և ԼԳԲՏՔ համայնքի անդամների պաշտպանությունը:

Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում բոլոր մակարդակներում. Վրաստանը պետք է վերսկսի կառուցողական երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ, կանոնավոր և թափանցիկ խորհրդակցություններ ունենա։

Դեօլիգարխիզացիայի առումով Վրաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել։ Եվրահանձնակատար Վարհեին նշել է հունիսի 12-ին Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքը, որում ասվում է, որ խորհրդարանը չպետք է ընդունի «Դեօլիգարխիզացիայի մասին» օրինագիծը ներկայիս տեսքով։

«Այս առումով ես ողջունում եմ իշխող կուսակցության հայտարարությունը, որ այս օրինագիծը չի ընդունվելու։ Այժմ Վրաստանը պետք է կենտրոնանա և ընդունի այնպիսի օրենք, որը կսահմանի համակարգված մոտեցում Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան, այդ թվում՝ ուժեղացնելով մրցակցային քաղաքականության և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման կանոնները»,- ասել է եվրահանձնակատարը։

Վրաստանը որևէ առաջընթաց չի գրանցել ԶԼՄ-ների բազմակարծության և լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական դատավարության վերաբերյալ հանձնարարականի վերաբերյալ: Այս հանձնարարականը կյանքի կոչելու համար Վրաստանին կոչ է արվում փոխել «Հեռարձակման մասին» օրենքը՝ Եվրոպայի խորհրդի իրավական կարծիքին համապատասխան՝ ապահովելու լրագրողների անվտանգությունը և բարձրացնելու լրագրողների և լրատվամիջոցների սեփականատերերի ազատության պաշտպանության մակարդակը։

Հարցին, թե ինչ խորհուրդ կտա վրացական իշխանություններին, Վարհեին ասել է․

«Ընդլայնումը օրակարգային հարցերի եռյակում է։ Այնպես որ, եթե որևէ մեկը ցանկանում է մտնել ԵՄ, ապա սա հենց այդ պահն է, օգտագործեք այն, օգտագործեք այս հնարավորությունը: Ես բախտ ունեցա տեսնելու ձեր վարչապետին անցյալ շաբաթ Բրյուսելում, և սա էր ուղերձը: Դուք գիտեք, թե ինչ է պահանջվում: Այսպիսով, պարզապես արեք դա, քանի որ սա եզակի հնարավորություն է, որից յուրաքանչյուրը պետք է առավելագույն օգուտ քաղի: Մենք այստեղ ենք օգնելու, բայց չափանիշները պետք է պահպանվեն բոլորի կողմից։ Իմ հանձնարարականը կառավարությանը կլինի արագացնել աշխատանքները բոլոր ոլորտներում, որպեսզի հոկտեմբերին ունենանք ամբողջությամբ ավարտված հաշվետվություն»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։