Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին հետաքննել ոստիկանների բռնությունները, նրանց «դաժան գործողությունները»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել Վրաստանի քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը և պատշաճ կերպով հետաքննել ոստիկանների կողմից բռնության դեպքերը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նա ասել է, որ ԵՄ-ն տեսել է «դաժան գործողություններ», և ինքը խստորեն դատապարտել է ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական հարձակումները ցուցարարների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրագրողների դեմ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Վրաստանում, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության իսկապես տպավորիչ նվիրվածությունն ու ցանկությունն է դեպի իրենց երկրի եվրոպական ապագան։ Մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունը կարտացոլի այդ ցանկությունը և իր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը և եվրոպական արժեքներին, որոնք մենք կիսում ենք։

Այն, ինչ մենք տեսանք Վրաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում իշխանությունների, հատկապես ոստիկանության արձագանքի առումով, բռնություն էր, և մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկումները, սպառնալիքներն ու ֆիզիկական բռնությունները ցուցարարների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, քաղաքական գործիչների, լրագրողների և լրատվականների աշխատակիցների նկատմամբ։ Սրանք դաժան գործողություններ են, և մենք այս դաժան գործողությունները տեսանք նաև երեկ երեկոյան։ Մենք խստորեն դատապարտում ենք սա։ Մենք իշխանություններին կոչ ենք անում ապահովել բողոքի ցույցի իրավունքը, կոչ ենք անում իշխանություններին պատշաճ կերպով հետաքննել բոլոր չարաշահումները և խախտումները, եթե դրանք կատարվել են, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն»,- ասել է Փիթեր Ստանոն։

Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները ուշադիր հետևում են իրավիճակին և բարձր ու հստակ արտահայտում են իրենց կարծիքը, հատկապես՝ այսպես կոչված թափանցիկության օրենքի վերաբերյալ։

Պատասխանելով Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին՝ Փիթեր Ստանոն նշել է, որ դա պետք է լինի անդամ երկրների ընդհանուր որոշումը։

«Պատժամիջոցները այն հարցը չէ, որի վերաբերյալ բարձրագույն ներկայացուցիչը որոշում է կայացնում։ Այս որոշումն ընդունվում է անդամ երկրների կողմից, երբ նրանք հասնում են կոնսենսուսի, որ այլ բան չի բերի ցանկալի արդյունքի։ Մենք դեռ այդ փուլում չենք։ Վրաստանը, չնայած ամեն ինչին, թեկնածու երկիր է, և մենք հուսով ենք, ակնկալում և կոչ ենք անում իշխանություններին վերադառնալ եվրոպական ուղի և կատարել այն պարտավորությունները, որոնք կամավոր ստանձնել են, երբ դիմել են իրենց երկրի թեկնածուի կարգավիճակի համար»,- ասել է Ստանոն։

Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր՝ մայիսի 13-ին, երրորդ ընթերցմամբ քննարկվել և հավանության է արժանացել «Վրացական երազանքի» նախաձեռնած ռուսական օրենքը։ Ընդդիմությունը չի կարողացել մասնակցել նիստին, որը տևել է մեկ րոպե։

Հանձնաժողովի նիստի նախորդ գիշերը քաղաքացիներն անցկացրել են խորհրդարանի մոտ։ Վաղ առավոտյան իշխանությունները ցրել են խաղաղ ցույցը և ազատել խորհրդարանի մուտքերը, որպեսզի «Վրացական երազանքի» պատգամավորները մտնեն օրենսդիր մարմին։ Ներքին գործերի նախարարությունը հավաքի ժամանակ ձերբակալել է 20 հոգու։ Նրանցից մի քանիսին դաժան ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։

2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։ 150-ից ավելի հասարակական և լրատվական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «արժանապատվությունը ոտնահարող ռեգիստրում»։ Իշխող կուսակցությունը մտադիր է մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):