Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Եվրամիության և Հայաստանի միջև սերտ կապերի, իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Փաստաթղթին, որը մշակել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, սատարել է Եվրախորհրդարանի 504 պատգամավոր, դեմ է եղել 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 32։
Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց ցանկությունն են հայտնում քննարկել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված է թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում և շարունակի ժողովրդավարության ամրապնդմանը տանող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք ստեղծել ԵՄ-Հայաստան հարաբերություններում ձևափոխման փուլի համար»,- ասված է բանաձևում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները հիմնված են այնպիսի ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան հնարավոր է համարում Եվրամիությունը»,- 2023 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերել են եվրոպացի խորհրդարանականները։
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրամիության գործադիր մարմիններին՝ Հանձնաժողովին և Խորհրդին, ակտիվորեն աջակցել Հայաստանին Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման գործում, որը ներառում է ոչ միայն տնտեսական գործընկերություն, այլև քաղաքական երկխոսություն, անվտանգություն և մարդկանց միջև շփումներ։
Բանաձևը վերաբերում է նաև անցած սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Լաչինի միջանցքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո, ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի, Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածների վրա, որոնք դեռ նրա վերահսկողության տակ չէին։ Քանի որ ավելի քան 100 000 հայեր ստիպված են եղել լքել տարածքը, Լեռնային Ղարաբաղը գրեթե ամբողջությամբ զրկվել է դարեր շարունակ այնտեղ ապրող հայ բնակչությունից»,- ասված է բանաձևում։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ուշադրություն են հրավիրում նաև Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի իշխանությունների մշտական սպառնալիքներին՝ նշելով, որ «ադրբեջանական բանակը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտավորապես 170 քառակուսի կիլոմետրը»։
Եվրախորհրդարանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը և երկու կողմերին կոչ է անում «հավատարիմ մնալ երկարատև վեճի երկարաժամկետ և խաղաղ լուծմանը»: Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը շարունակել խաղաղության խթանումը տարածաշրջանում։
«Եվրախորհրդարանը նշել է Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, որոնք չափազանց կարևոր են միջազգային մակարդակով մեր երկրի ընկալման համար։ Հուսով եմ, որ տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ և ՀՀ քաղաքացիներ ակտիվորեն կհայտնեն իրենց վերաբերմունքը Եվրախորհրդարանի այս ուղերձի վերաբերյալ, քանի որ նման ուղերձները պետք է տարածվեն շատ ավելի լայն, քան կարող է անել կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բանաձևին արձագանքել է նաև ադրբեջանական կողմը։ Երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ բանաձևը կողմնակալ է և «Ադրբեջանի նկատմամբ մշտական երկակի ստանդարտների մոտեցման վառ օրինակ է»: