2023 թվականի վերջից եվրոպական երկրներ մեկնելու կանոնները կփոխվեն։ Շենգենյան տարածք մուտք գործելու համար վիզայից ազատված ավելի քան 60 երկրների մոտ 1,4 միլիարդ քաղաքացիների անհրաժեշտ կլինի թույլտվություն ստանալ։ Հայտը պետք է լրացվի նախապես՝ էլեկտրոնային եղանակով, որի արժեքը կկազմի 7 եվրո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) նպատակն է բարելավել անվտանգությունը՝ նախապես ստուգելով այցելուներին: ETIAS-ը վիզա չի հանդիսանում:
Ընթացակարգի համաձայն՝ հայտը լրացնելիս ճանապարհորդը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները.
- Անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և վայրը, ազգությունը, բնակության հասցեն, ծնողների անունները, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- Ճանապարհորդական փաստաթղթի մանրամասները,
- Կրթության մակարդակի և ներկայիս զբաղմունքի մանրամասները,
- Ճանապարհորդության և եվրոպական երկրում գտնվելու մանրամասները,
- Երբևէ դատապարտվել է, կամ ճանապարհորդել է պատերազմի կամ հակամարտության գոտիներ, երբևէ որոշում կայացվել է, որով նրան հրահանգել են լքել որևէ երկրի տարածք:
Եթե մեկ այլ անձ է լրացնում հայտը, նա պարտավոր է նշել իր ինքնությունը, կոնտակտային տվյալները, կազմակերպության կամ ֆիրմայի տվյալները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե ինչ կապ ունի ձեզ հետ: Մինչև 18 տարեկան անձանց դիմումը պետք է լրացվի ծնողի կամ խնամակալի կողմից:
Մինչև 18 տարեկան և 70 տարեկանից բարձր դիմորդներն ազատվում են վճարից։ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամները նույնպես ստիպված չեն լինի վճարել այս գումարը։
Դիմումների մեծ մասը քննարկվում է ներկայացվելուց հետո րոպեների ընթացքում, սակայն որոշների քննարկումը կարող է ավելի երկար տևել: Նման դեպքում դիմորդը որոշումը կստանա չորս օրվա ընթացքում։ Այս ժամկետը կարող է երկարաձգվել 14 օրով, եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր, իսկ բացառիկ դեպքերում՝ 30 օրով։ Ուստի ավելի լավ է լրացնել հայտը՝ նախքան տոմսեր գնելը կամ բնակարան ամրագրելը։ Դրանից հետո դուք կստանաք երկու նամակ նշված էլ. փոստի հասցեին՝ մեկը դիմումն ուղարկելուց հետո, կցված դիմումի համարով, իսկ երկրորդը՝ դիմումի քննարկման արդյունքների մասին: Պետք է համոզվեք, որ ձեր անունը, անձնագրի համարը և այլ տվյալները ճիշտ են գրված ձեր ETIAS փաստաթղթում, քանի որ սխալի դեպքում չեք կարողանա հատել սահմանը: Քանի որ ճանապարհորդության թույլտվությունը կապված է ճանապարհորդական փաստաթղթի (անձնագրի) հետ, պետք է ձեզ հետ ունենաք այն փաստաթուղթը, որով լրացրել եք դիմումը։
ETIAS-ի կողմից տրված ճանապարհորդության թույլտվությունը վավերական է մինչև երեք տարի կամ մինչև անձնագրի ժամկետի ավարտը: Եթե նոր անձնագիր եք ստանում, ապա ձեզ անհրաժեշտ կլինի նորից նոր թույլտվություն ստանալ: Վավեր թույլտվության դեպքում դուք կարող եք կարճատև այցի համար մուտք գործել եվրոպական երկրների տարածք այնքան անգամ, որքան ցանկանում եք։ Պետք է հիշել, որ կարճաժամկետ այցը վերաբերում է 90 օրվան՝ ցանկացած 180 օրվա ընթացքում:
Ճանապարհորդական թույլտվություն ստանալը ավտոմատ կերպով չի երաշխավորում ԵՄ երկիր մուտք գործելու իրավունքը: Սահմանապահները սահմանին ճանապարհորդներին կստուգեն այնպես, ինչպես նախկինում, իսկ նրանք, ովքեր չեն բավարարի առանց վիզայի համար նախատեսված մյուս պայմանները, կմերժվեն։
ETIAS համակարգի ներդրման հարցը քննարկվում է 2016 թվականից։ Ինչպես նշում է Եվրահանձնաժողովը, ներկայումս սահմանային և իրավապահ մարմինները քիչ տեղեկություններ ունեն այն քաղաքացիների մասին, ովքեր ազատված են վիզայի պահանջից: Հանձնաժողովի տվյալներով՝ ETIAS-ը կբացահայտի այն անձանց, ովքեր կարող են անվտանգության կամ անկանոն միգրացիայի վտանգ ներկայացնել նախքան սահման հասնելը:
30 եվրոպական երկրները, որոնք վիզայից ազատված ճանապարհորդներից պահանջում են ETIAS-ի թույլտվություն ունենալ հետևյալն են՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա և Շվեյցարիա:
Մինչ ETIAS-ի գործարկումը, 2023 թվականի մայիսից կգործի մուտքի և ելքի համակարգը (EES): Այս ավտոմատացված ՏՏ համակարգը գրանցելու է երրորդ երկրների ճանապարհորդներին ամեն անգամ, երբ նրանք հատում են ԵՄ արտաքին սահմանը: Ըստ Եվրահանձնաժողովի, EES-ը կփոխարինի անձնագրերի ձեռքով դրոշմելու գործող համակարգին, որը երկար ժամանակ է պահանջում։ Ըստ «Euronews»-ի՝ Ֆրանսիան նախատեսում է օդանավակայաններում տեղադրել ինքնասպասարկման կրպակներ, որտեղ ճանապարհորդները կարող են նախապես գրանցել իրենց կենսաչափական տվյալները (մատնահետքեր և դեմքի պատկեր) և անձնական տվյալները, որոնք այնուհետև կներկայացվեն սահմանապահներին՝ ստուգման համար։ Ցամաքային և ծովային սահմանները հատող այցելուները կկարողանան տեղեկատվություն գրանցել պլանշետային սարքերի միջոցով։ Ակնկալվում է, որ համակարգը կհեշտացնի ԵՄ-ում մնալու ժամկետը գերազանցող մարդկանց հայտնաբերումը: EES համակարգին հասանելի կլինեն ԵՄ անդամ պետությունների իրավապահ մարմինները և Եվրոպոլին՝ահաբեկիչների, հանցագործների, ինչպես նաև հանցագործության մեջ կասկածվողների և զոհերի նույնականացումը հեշտացնելու համար: