«Վրացական երազանք» կուսակցությունն այլևս «Եվրոպական սոցիալիստների կուսակցության» (PES) դիտորդ անդամ չէ։ «Վրացական երազանքի» գործունեությունն ու դիրքավորումը դուրս են «Եվրոպական սոցիալիստների կուսակցության» արժեքներից։ Հաշվի առնելով այս որոշումը՝ PES-ի ղեկավարներն առաջարկել են կառավարող մարմնին, որ «Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը» դադարեցնի բոլոր հարաբերությունները «Վրացական երազանքի» հետ և այդ որոշումը պետք է անհապաղ կիրառվի, ինչը միաձայն հավանության է արժանացել»,- ասվում է կուսակցության էջում հրապարակված հաղորդագրությունում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Եվրոպական սոցիալիստների կուսակցության» և «Վրացական երազանքի» հարաբերությունները լարվեցին այս տարվա մարտին, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի առաջին ընթերցումից հետո։ Բազմահազարանոց բողոքի ցույցերի և միջազգային աննախադեպ արձագանքի արդյունքում Վրաստանի իշխող կուսակցությունը ստիպված եղավ երկրորդ ընթերցմամբ տապալել ռուսական օրենքը, թեև «Եվրոպական սոցիալիստների կուսակցության» նախագահ, Շվեդիայի նախկին վարչապետ Ստեֆան Լոֆենը, դեռ մարտին հարցը բարձրացրել էր հունիսին «Վրացական երազանքի» անդամակցության կարգավիճակը վերանայելու համար։
PES-ի ղեկավարները բացահայտ քննադատել են «Վրացական երազանքը» այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 4-ին մասնակցել է Հունգարիայում ուլտրապահպանողականների համաժողովին և հանդես եկել հոմոֆոբ ուղերձներով։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ կան ուժեր, որոնք փորձում են հասնել իրենց նպատակներին՝ «ոչնչացնելով ավանդական, ընտանեկան արժեքները կեղծ ազատությամբ, ԼԳԲՏ քարոզչությամբ, փորձելով օրինականացնել անչափահաս երեխաների սեռափոխությունը՝ շրջանցելով իրենց ծնողներին, որպես նորություն ներկայացնելով այդ ամենը, որը մարդուն կպոկի իր արմատներից, ընտանիքից, ավանդույթից, մշակույթից, պատմությունից»։ Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանում իր կառավարությունը թույլ չի տա «փոքրամասնության բռնությունը մեծամասնության դեմ» և չի աջակցի «ագրեսիվ քարոզչությամբ արժեքները փոխելու փոքրամասնության փորձին»։
«Վրացական երազանքը» «Եվրոպական սոցիալիստների կուսակցությունից» ավելի շուտ է հասցրել որոշում կայացնել. կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն մայիսի 11-ին ասել է, որ «Երազանքը» որոշել է լքել PES-ը։
Կոբախիձեն բողոքել է, որ 2015 թվականից ի վեր PES-ը ոչ մի բարձրաձայն հայտարարություն չի արել՝ ի պաշտպանություն «Վրացական երազանքի»․ «Ավելին, կուսակցության առանձին ներկայացուցիչներ պարբերաբար միանում էին արմատական ընդդիմությանը սատարող քաղաքական արշավներին։ Անցյալ տարի և այս տարի «Եվրոպական սոցիալիստական կուսակցության» մի քանի տասնյակ պատգամավորներ սատարեցին անհեթեթ բանաձևերին, որոնցով Եվրոպական խորհրդարանը պահանջում էր պատժամիջոցներ կիրառել մեր կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ազատ արձակել երկու հանցագործներին՝ Միխեիլ Սաակաշվիլիին և Նիկա Գվարամիայի և դադարեցնել մեկ այլ հանցագործի՝ Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդումը։