«Վրացական երազանքը» հրաժարվել է «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» անդամությունից

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» անդամները Բեռլինում, PES-ի կոնգրեսին, հոկտեմբեր, 2022 թ

«Վրացական երազանքը» լքում է «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցությունը» (PES), որի դիտորդ անդամ էր հանդիսանում 2015 թվականից։ PES-ը պլանավորում էր հաջորդ ամիս վերանայել Վրաստանի իշխող կուսակցության հետ համագործակցությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Քաղխորհրդի այսօրվա նիստից հետո «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն խոսել է որոշման պատճառների մասին։ Նրա խոսքով, իրենց համար անընդունելի են Հունգարիայում կայացած «Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին» վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցության վերաբերյալ PES-ի ղեկավարների հայտարարությունները։

«Մեր կուսակցության ամենաբարձր քաղաքական մակարդակով մասնակցությունը նշված համաժողովին և վարչապետի ելույթը ավանդական համամարդկային արժեքներին մեր հանձնառության և հաստատակամ աջակցության արտահայտությունն էր։ Մենք խորապես հավատում ենք, որ ցանկացած պետության առաջընթացի և հաջողության համար անհրաժեշտ է ամուր արժեքային բազա։ Ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է լրջորեն մտածի այն արժեքային ճգնաժամի մասին, որը ստեղծվել է ժամանակակից աշխարհում, և որը գիտակցաբար սրում են կեղծ լիբերալները։ Համաժողովին մեր մասնակցությունը քննադատորեն գնահատեցին եվրոպական քաղաքական կուսակցության առաջատար պաշտոնյաները, որի դիտորդ անդամ է «Վրացական երազանքը»։ Ավելին, նրանց կողմից հնչեց հանրային սպառնալիք՝ վերանայելու համագործակցությունը, որին չի նախորդել երկկողմանի շփում։ Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» անդամների նման գործողությունն ու վերաբերմունքը»,- ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքը» դժգոհել է նաև եվրոպական կուսակցության աջակցության պակասից: Ինչպես ասել է Իրակլի Կոբախիձեն, 2015 թվականից ի վեր PES-ը ոչ մի բարձրաձայն հայտարարություն չի արել՝ ի պաշտպանություն «Վրացական երազանքի»։

«Ավելին, կուսակցության առանձին ներկայացուցիչներ պարբերաբար միանում էին արմատական ​​ընդդիմությանը սատարող քաղաքական արշավներին։

Անցյալ տարի և այս տարի «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» մի քանի տասնյակ պատգամավորներ սատարեցին անհեթեթ բանաձևերին, որոնցով Եվրոպական խորհրդարանը պահանջում էր պատժամիջոցներ կիրառել մեր կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ազատ արձակել երկու հանցագործներին՝ Միխեիլ Սաակաշվիլիին և Նիկա Գվարամիայի և դադարեցնել մեկ այլ հանցագործի՝ Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդումը։

Ցավոք սրտի, Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցությունը երբեք չի դատապարտել իր անդամ պատգամավորների կողմից անհեթեթ բանաձևերին աջակցությունը։ Նման պայմաններում «Վրացական երազանքի» անդամակցությունը Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցությանը ոչ թե դրական դեր խաղաց Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, այլ ընդհակառակը՝ լիովին հակաարդյունավետ դարձավ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, «Վրացական երազանքի» համար անընդունելի է նաև «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» գաղափարախոսությունը։ Վրաստանի իշխող կուսակցության նախագահն ասել է, որ վերջին տարիներին PES-ը «ավելի ու ավելի է հեռանում դասական սոցիալ-դեմոկրատականից և անցնում կեղծ լիբերալ հարթակ, ինչը հանգեցնում է ժամանակակից աշխարհում ստեղծված արժեքային ճգնաժամի խորացմանը»:

«Նման գաղափարական վերափոխումը մեզ համար անընդունելի է և անհամատեղելի մեր կուսակցության, ինչպես նաև վրաց հասարակության արժեքների ու տեսլականների հետ։

Ելնելով վերը նշվածից՝ մենք որոշում ենք կայացրել հրաժարվել «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» դիտորդ անդամի կարգավիճակից և «Եվրոպական սոցիալիստական ​​կուսակցության» հետ առնչվող այլ միավորումներից։ Այսօրվանից «Վրացական երազանքը» հավասար հիմունքներով կհամագործակցի եվրոպական բոլոր քաղաքական կուսակցությունների հետ՝ հասնելու այն արտաքին քաղաքական նպատակներին, որոնք մենք դրել ենք մեր երկրի, հասարակության և իշխանության համար»,- ասել է Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեի նշած ամենամյա համաժողովի կազմակերպիչը «Պահպանողական քաղաքական գործողությունների կոալիցիա» ամերիկյան կազմակերպությունն է։ Հունգարիան այս տարի երկրորդ անգամ հյուրընկալեց միջոցառումը, և հիմնական բանախոսներից մեկը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն էր, ով քննադատվում է Եվրոպական միությունում իր ռուսամետ դիրքորոշման և հոմոֆոբ քաղաքականության համար:

Մայիսի 4-ին Իրակլի Ղարիբաշվիլին համաժողովին հանդես եկավ հոմոֆոբ ուղերձներով։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք փորձում են հասնել իրենց նպատակներին՝ «ոչնչացնելով ավանդական, ընտանեկան արժեքները կեղծ ազատությամբ, ԼԳԲՏ քարոզչությամբ, փորձելով օրինականացնել անչափահաս երեխաների սեռափոխությունը՝ շրջանցելով իրենց ծնողներին, որպես նորություն ներկայացնելով այդ ամենը, որը մարդուն կպոկի իր արմատներից, ընտանիքից, ավանդույթից, մշակույթից, պատմությունից»։ Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանում իր կառավարությունը թույլ չի տա «փոքրամասնության բռնությունը մեծամասնության դեմ» և չի աջակցի «ագրեսիվ քարոզչությամբ արժեքները փոխելու փոքրամասնության փորձին»։

Ապրիլի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը պատրաստվում է մասնակցել համաժողովին, PES-ի ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստվում են հունիսին վերանայել «Վրացական երազանքի» կարգավիճակը։ Ինչպես պարզվեց, այս հարցը դեռ մարտին բարձրացրել էր PES-ի նախագահ, Շվեդիայի նախկին վարչապետ Ստեֆան Լոֆենը, երբ «Վրացական երազանքը» կողմ քվեարկեց «գործակալների մասին» ռուսական օրենքի ընդունմանը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):