Թույլ չենք տա փոքրամասնության բռնությունը մեծամասնության նկատմամբ, մայրը կինն է, իսկ հայրը՝ տղամարդը. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Մենք պաշտպանելու ենք բոլորի իրավունքները, բայց ինչպես թույլ չենք տա բռնություն փոքրամասնության նկատմամբ, այնպես էլ թույլ չենք տա փոքրամասնության բռնությունը մեծամասնության նկատմամբ։ Մենք չենք աջակցի փոքրամասնության փորձին՝ ագրեսիվ քարոզչությամբ փոխելու այն արժեքները, որոնք մեր բնակչության մեծամասնությունը համարում է Աստծո կողմից հաստատված, որոնց վրա հիմնված է վրացու ինքնությունը, էությունը, մեր ողջ պատմությունը»,- պահպանողականների միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հունգարիայում մայիսի 4-5-ը ընթացող այս միջոցառմանը Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը տևել է մոտ 20 րոպե, որի ընթացքում նա կենտրոնացել է ավանդական արժեքների, ընտանիքի և պահպանողական արժեքների վրա։ Ղարիբաշվիլիի հայտարարությունները հոմոֆոբ ուղերձներ էին պարունակում։

«Ավանդույթներին հավատարմությունը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք նորացումից, բայց մենք գիտենք, որ չարիքը հաճախ գալիս է նորացման անվան տակ»,- ասել է Ղարիբաշվիլին՝ մեջբերելով Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի խոսքը։ «Մեր պատրիարքը ասել է, որ ազատության դեմ պայքարում են կեղծ ազատության անվան տակ։ Այո, իսկապես այդպես է։ Ստրկության անվան տակ ոչ ոք չի պայքարում ազատության համար, այլ կեղծ ազատությամբ, ճշմարտությանը ոչ ոք չի հակադրվում ստով, այլ կեղծ ճշմարտությամբ:

Ինչպե՞ս են ուժերը, որոնք դեմ են ազատությանը, ճշմարտությանը, փորձում հասնել իրենց նպատակներին։ Դա ավանդական, ընտանեկան արժեքների ոչնչացման և կեղծ ազատությունից հրաժարվելու, ԼԳԲՏ քարոզչության, ծնողներին շրջանցելով անչափահաս երեխաների սեռափոխության օրինականացման փորձերի միջոցով է, այսպես կոչված նորացումներ պարտադրելով, որը մարդուն կպոկի իր արմատներից, ընտանիքից, ավանդույթից, մշակույթից, պատմությունից։ Հեշտ է կառավարել նման մարդուն, որը մոռացել է իր պատմությունը, հավատը, արմատազուրկ մարդուն կառավարելը հեշտ է։ Ուստի նման դժվարին ժամանակներում մեր հիմնական զենքն ու հենարանը ավանդական, քրիստոնեական, ընտանեկան, պահպանողական արժեքներն են»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ իր կառավարությունը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, ինչի օրինակն էր 2014 թվականին հակախտրականության օրենքի ընդունումը։

«Բայց մենք պաշտպանում ենք նաև մեծամասնության իրավունքները, որոնց համար ընտանիքը կնոջ և տղամարդու միություն է՝ մայրը կինն է, հայրը՝ տղամարդը։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը կիսում է ավանդական, պահպանողական, ընտանեկան արժեքները։ Այս արժեքները ոչ միայն անցյալի ժառանգությունն են, այլ կենդանի ներկան է, այն միջավայրը, որտեղ մենք մեծացել ենք և ցանկանում ենք մեծացնել մեր երեխաներին։ Ես չորս երեխաների հայր եմ և վրացի ծնողների մեծամասնության հետ միասին ցանկանում եմ, որ մեր ապագա սերունդները դաստիարակվեն քրիստոնեության վրա հիմնված յուրահատուկ արժեքներով, ինչպես մեզ դաստիարակել են մեր ծնողները»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Իր ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին գովաբանել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և ասել, որ «հունգարացի ժողովուրդը շատ բախտավոր է, որ այս դժվարին դարաշրջանում ունի նման իմաստուն և հեռատես ազգային առաջնորդ»։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Օրբանը, ով 2010 թվականից Հունգարիայի վարչապետն է, կանգնած է հիմնարար արժեքների պահակակետին, օրինակելի քաղաքական գործիչ է և պայքարող քրիստոնյա։

Այս տարի Հունգարիայում երկրորդ անգամ անընդմեջ անցկացվում է աջակողմյան և ուլտրա- աջակողմյան քաղաքական գործիչների միջազգային համաժողովը։ Ինչպես Օրբանն է ասել իր ելույթի ժամանակ, Հունգարիան դարձել է պահպանողական քաղաքականության ինկուբատոր։ «Մենք դադարեցրել ենք միգրացիան մեր սահմաններում, դադարեցրել ենք գենդերային քարոզչությունը դպրոցներում և անխոնջ աշխատում ենք հանուն խաղաղության: Սա է պրոգրեսիվ-լիբերալ վիրուսի դեմ դեղամիջոցը»,- ասաց նա։

Ղարիբաշվիլին քննադատության է ենթարկվել եվրոպացի խորհրդարանականների կողմից համաժողովին մասնակցելու համար, և Եվրոպական սոցիալիստների կուսակցությունը որոշել է վերանայել «Վրացական երազանքի» հետ 2015 թվականին ստեղծված գործընկերությունը։

Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունենում «Պահպանողական քաղաքական գործողությունների կոալիցիա» (CPAC) համաժողովում այն ​​ժամանակ, երբ Վրաստանը սպասում է Եվրոպական միության թեկնածու երկրի կարգավիճակին։

Խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուժեղացումը Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմաններից է, որոնք Վրաստանը պետք է կատարի մինչև տարեվերջ՝ կարգավիճակ ստանալու համար։ Հասարակական կազմակերպությունների գնահատմամբ՝ նշված պայմանը մնում է անկատար. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման փորձի տապալումից հետո «Վրացական երազանքի» առաջնորդները սկսել են նոր քարոզչություն LGBTQI+ խմբի դեմ, իսկ մինչ այժմ 2021 թվականի հուլիսի 5-ի բռնության կազմակերպիչները մնում են անպատիժ:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):