Եվս 700 հեկտար Ռաճայում ռուս օլիգարխի բիզնես գործընկերոջը՝ ոսկու արդյունահանման համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռաճայի և ոչ միայն Ռաճայի բնակիչները այս անգամ նույնպես «Մթիս Ամբեբի»-ից են տեղեկացել, որ «Վրացական երազանքի» կառավարությունը ևս 700 հեկտար է փոխանցել ռուս օլիգարխի բիզնես գործընկերոջ ընկերությանը։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է մինչ ազնվացեղ եղնիկների և անտառացլերի բազմացման պատրվակով Ռաճայում և Քվեմո Սվանեթիում Դավիթ Խիդաշելիին շուրջ 105 հազար հեկտար անտառը կես դարով փոխանցելը:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

700 հեկտար հողի հանձնման սխեման նույնն է, ինչ Դավիթ Խիդաշելիի դեպքում:

Ընկերությունը, որին կառավարությունը լիցենզիա է տվել Ղեբիում, Գլոլայում, Շովիում, Ուրավիում և Գադամշիում մինչև 2036 թվականը ոսկի արդյունահանելու համար, առաջին հայացքից վրացական է և գտնվում է Թբիլիսիում։

Ձեռնարկությունը գրանցվել է 2015 թվականին, և հիմնադրման պահից մինչև 2021 թվականը բաժնետոմսերի 94%-ի սեփականատերը եղել է Ալեքսանդր Խարեբավան։ 2021 թվականի նոյեմբերին Ալեքսանդր Խարեբավան «Վրացական հեռանկար»-ի 94%-ը առքուվաճառքի պայմանագրով 200 լարիով վաճառել է Մուրման Ծոծորիային։ Այդ ժամանակ ՍՊԸ «Վրացական հեռանկար»-ը Օնիի մունիցիպալիտետում արդեն ոսկու արդյունահանման չորս լիցենզիա ուներ.

Մուրման Ծոծորիան «Դիզոն Լիմիթեդի վրացական ներկայացուցչության» տնօրենն է, որի հիմնադիրը 2006 թվականին Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Դիզոն Լիմիթեդն» է։ Այս ընկերությունը պատկանում է Ալեքսանդր և Թենգիզ Խարեբավա եղբայրներին։ 2006 թվականին Մոսկվայի նոտարի կողմից վավերացված փաստաթղթի համաձայն, «Դիզոն Լիմիթեդ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Վրաստանում Ալեքսանդր Խարեբավան էր, և ձեռնարկությունը նույնպես գրանցված էր նրան պատկանող տարածքում։

Թենգիզ Խարեբավան Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացի է։ Նրան է պատկանում Կալուգայի մարզում գրանցված ակտիվ դեղագործական նյութեր արտադրող «Բիոն» ՍՊԸ-ի 17%-ը։ Նույն ընկերության ամենամեծ մասնաբաժինը՝ 62 տոկոսը, պատկանում է «Ֆարմապոլիս» ՍՊԸ-ին, որի 99,9 տոկոս մասնաբաժինը պատկանում է «Արդյունաբերեկան ներդրումներ» ՍՊԸ-ին։ Այս ձեռնարկությունը հիմնել է ռուս օլիգարխ Միխայիլ Շելկովը, ով հանդիսանում է բաժնետոմսերի 99%-ի սեփականատերը։

Միխայիլ Եվգենիի Շելկովը VSMPO-AVISMA կորպորացիայի հիմնական բաժնետերն է. նրան է պատկանում կորպորացիայի բաժնետոմսերի 65,3%-ը և վերջինս հանդիսանում է նաև կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը։ VSMPO-AVISMA-ն տիտանի խոշորագույն արտադրող է աշխարհում: Տիտանը օգտագործվում է քիմիական և ռազմական արդյունաբերության մեջ։ Շելկովը ուկրաինական կառավարության կողմից պատժամիջոցների է ենթարկվել դեռևս պատերազմի սկսվելուց առաջ։

Շելկովն աշխատել է «Ռոսօբորոնէքսպորտում», որտեղ, ինչպես ինքն էր պնդում հասել է Սերգեյ Չեմեզովի շնորհիվ։ Forbes-ը գրում է, որ Չեմեզովը Պուտինի ընկերն է, և նա դե ֆակտո ղեկավարել է «Ռոսօբորոնէքսպորտը»։ Նշված պետական ​​կազմակերպությունն արտահանում է ռազմական և երկակի նշանակության ապրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ։ Ներկայում Սերգեյ Չեմեզովը «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրենն է։ «Ռոստեխը» ստեղծվել է 2007 թվականին՝ Պուտինի ստորագրած օրենքի արդյունքում։

Մեկ տարի առաջ «Մթիս Ամբեբին» տեղեկություն էր հրապարակել, որ Վրաստանի կառավարությունը Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 49 տարով Դավիթ Խիդաշելիի ընկերությանն է հանձնել 104 712 հա անտառ՝ որսորդական տնտեսություն կազմակերպելու համար։ Խիդաշելիին փոխանցված անտառային ֆոնդը շատ ավելի մեծ է, քան Լագոդեխիի, Վաշլովանիի, Ջավախեթիի, Էրուշեթիի ազգային պարկերը միասին։ Դավիթ Խիդաշելին ռուսական խոշորագույն «Սիստեմ» կորպորացիայի նախկին փոխնախագահն է, Պուտինի հետ մտերիմ ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկերն ու ընկերը։ Որսորդական տնտեսությունների ստեղծման համար փոխանցված տարածքը սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը և օկուպացված Ցխինվալիի շրջանին։

2022 թվականի դեկտեմբերի վերջին Ռաճայում՝ Մամիսոնի լեռնանցքի մոտ գտնվող Շովի հանգստավայրի տարածքում, «Վրացական երազանքի» հետ կապված խմբերը իրավունք են ստացել կառուցել 18 մետրանոց հյուրանոցային տեսակի բնակելի շենքեր։ Տեղի բնակիչները մտավախություն ունեն, որ Շովիի բնակարանները հիմնականում կգնեն Ռուսաստանի քաղաքացիները, որոնք զանգվածաբար Վրաստան են տեղափոխվում Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո։ Սահմանամերձ շրջանում ՌԴ քաղաքացիների կողմից մասնավոր սեփականություն ունենալն էլ ավելի կմեծացնի վտանգները։ Շովի հանգստավայրը վրացական իշխանությունների կողմից վերահսկվող սահմանների վերջին կետն է այսպես կոչված Օսեթական ռազմական ճանապարհին, որը միացնում է Վրաստանը և Հյուսիսային Օսիան (Ալանիա) Մամիսոնի լեռնանցքով։ Մամիսոնի լեռնանցքը Ռուսաստանի կողմից օկուպացված է 2009 թվականից։ Օկուպացիոն գծից այն կողմ անմարդաբնակ Ղուրշևին է, Ճանճախի գետի հովտի մի մասը և Մամիսոնի տանող մայրուղու 2 կիլոմետրանոց հատվածը։ Գործընկերության հիմնադրամի գործադիր տնօրեն և Բիձինա Իվանիշվիլիի վստահելի անձ Դավիթ Սագանելիձեն խոսել է այս ճանապարհի բացման անհրաժեշտության մասին 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Օնիում՝ բնակչության հետ հանդիպման ժամանակ։ Ռուսական կողմից այս ճանապարհի շինարարությունն ակտիվորեն ընթանում է, և 2022 թվականի դեկտեմբերի 13-ին կես կիլոմետրանոց թունել է բացվել դեպի Նիժնի Զարամագ, որը Մամիսոնի լեռնանցքին ամենամոտ վարչական կենտրոնն է։ Միջոցառմանը հեռակա կարգով մասնակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռաճայի բնակիչ Վաժա Ցեցաձեն, ով նախ Վրաստանում, ապա Ուկրաինայում մասնակցել է Ռուսաստանի դեմ պատերազմին, համոզված է, որ Ռուսաստանի նպատակն է ձեռքը գցել վերին Ռաճան, որը հատկապես հարուստ է օգտակար հանածոներով: Մի կողմից՝ դատարկված գյուղերը հեշտացնում են, որ Վրաստանի կառավարությունը ռուսական որոշումներ կայացնի, մյուս կողմից օգնում են Ռուսաստանին, որ վրացական հողերը հեշտությամբ գրավի:

Ռաճան Վրաստանի ամենաշատ լքված շրջանն է։ Վերջին 20 տարիների ընթացքում բնակչության թիվը նվազել է շուրջ 40 տոկոսով։ Վերին Ռաճայի 13 գյուղերում մշտապես բնակվում է մեկ կամ երկու մարդ, 6 գյուղեր արդեն լրիվ դատարկվել են։ Մահացությունը երեք անգամ գերազանցում է ծնելիությանը։

Ռաճայի ավելի քան 30 տոկոսը 49 տարով, այսօրվա դրությամբ գտնվում է Պուտինի դաշնակիցների ձեռքում։ Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որով տարիներ շարունակ խոչընդոտվել է Ռաճայում ազգային պարկի ստեղծումը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):