Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդարանին կներկայացնի «Օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծ, որի նպատակը Վրաստանում Ռուսաստանի թաքնված ազդեցությունների բացահայտումն է:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ինչպես խորհրդարանում կայացած ճեպազրույցում է հայտարարել պատգամավոր Բեքա Լիլուաշվիլին, խորհրդարանական մեծամասնության նախաձեռնած այսպես կոչված «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծով «Վրացական երազանքը» թիրախ է դարձնում ոչ թե օկուպանտ երկրին, այլ մեր ռազմավարական գործընկերներին ու բարեկամներին։
«Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար պարզ է, որ օկուպանտը Ռուսաստանն է, որը քարոզում է երկրի անվտանգության ու անկախության դեմ և բացահայտ կամ թաքնված միջոցներով վնասում է երկրի եվրոպական զարգացման ուղին։ Մեզ՝ Վրաստանի քաղաքացիների համար, այս թշնամին պատմության ընթացքում է բաժին հասել, իսկ ընկերներին մենք ինքներս ենք ընտրել։ Այս ընտրությունը ենթադրում է ժողովրդավարական և ազատ զարգացում, սահմանադրությամբ սահմանված եվրոպական և եվրատլանտյան կառույցներին երկրի ինտեգրման նպատակ։ Կառավարական բոլոր մարմինների, այդ թվում՝ խորհրդարանի պարտքն է անել ամեն ինչ այս նպատակին հասնելու համար։
Իշխանությունը հակառակն է անում: «Գործակալների» օրենքի թիրախը դարձնում է ոչ թե օկուպանտ երկիրը, այլ մեր ռազմավարական գործընկերներն ու ընկերները: Այս նախաձեռնությամբ իշխանությունը փորձում է հավասարության նշան դնել բարեկամների և թշնամիների միջև։ Սա ազգային, սահմանադրական նպատակի փոփոխություն է, արտաքին կողմնորոշման շփոթություն, որի իրավունքը չունի ու չի ունենալու ոչ մի իշխանություն։
Ուստի, մեր ծրագրին համապատասխան, «Հանուն Վրաստանի» կուսակցության խորհրդարանական թիմը նախաձեռնելու է «Օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է այս երկրում բացահայտել Ռուսաստանի գաղտնի ազդեցության աղբյուրները, երկրի շահերին դեմ ուղղված գործողությունները և դրանք իրականացնող անձանց», - ասել է Լիլուաշվիլին։
Նրա խոսքով, «Հանուն Վրաստանի» կուսակցության օրինագիծն ամեն ինչ իր անունով կկոչի.
«Միակ ճիշտ նպատակը, որ կարող է ունենալ նման օրենսդրությունը այս երկրում, թշնամուն թշնամի անվանելն է։ «Վրացական երազանքը» փորձում է օրենքի անվան տակ կանգնեցնել երկրում ժողովրդավարական զարգացումը, կորցնել ԵՄ թեկնածուի կարգավիճակը և կեղծել ընտրությունները։ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը Վրաստանի համար նշանակում է խաղաղություն և ժողովրդավարական զարգացում և նշանակում է ոչ ֆորմալ կառավարման ավարտ»։
«Հանուն Վրաստանի» կուսակցությունը խորհրդակցություններ կանցկացնի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի օրինագիծը ստանա նաև նրանց աջակցությունը։
Խորհրդարանական մեծամասնության անդամներ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն խորհրդարանին են ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որին աջակցում է նաև «Վրացական երազանքը»։ Եթե այն ընդունվի, ապա վրացական այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում միջազգային հիմնադրամներից, կգրանցվեն Վրաստանի «օտարերկրյա ազդեցության գործակալների» ռեգիստրում։ Օրինագծի հեղինակներն ասում են, որ իրենց պատրաստած փաստաթուղթը հիմնված է 1938 թվականին ԱՄՆ-ում ընդունված «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի» (Foreign Agent Registration Act - FARA) վրա, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ այն հիմնված է համանման ռուսական և հունգարական օրենքների և ոչ թե ամերիկյան որևէ օրենքի վրա։ Դրանից հետո «Ժողովրդի ուժի» անդամները ներկայացրեցին մեկ այլ օրինագիծ՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին», որը, ըստ նրանց, FARA-ի բառացի թարգմանությունն է: Օրինագծերից մեկը խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ընդունել մինչև հունիսի վերջ։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքերով, «այդ օրենքների նախագծերը հստակորեն համապատասխանում են ռուսական օրենսդրությանը, որի նպատակը քաղաքացիական հասարակությանն ու տարբերվող կարծիքը ճնշելն է»։
ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հուսով է, որ «Ժողովրդի ուժի» օրենսդրական նախաձեռնությունը չի դառնա օրենք, քանի որ այն հակասում է Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար սահմանված 12 հանձնարարականներից առնվազն երկուսին` քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցների ազատությանը։
Այսպես կոչված օտարերկրյա ազդեցության գործակալների մասին օրենքի նախագիծը քննադատել է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը, ով ասել է, որ դրա ընդունումը անհամատեղելի կլինի ԵՄ նորմերի և արժեքների հետ։
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) նշում է, որ նման օրենքի ընդունումը սպառնում է քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությանը, նրանց էական ներդրմանը երկրում ժողովրդավարության կառուցման գործում։ Բացի այդ, ՄԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ օրենքի ընդունումը կարող է խոչընդոտել Վրաստանում ՄԱԿ-ի գործունեությանը։