Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը եղել է նաև Վրաստանում. Բաստրիկին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով՝ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը գտնվել է նաև Վրաստանում։ Այս մասին Բաստրիկինն ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ՌԴ Քննչական կոմիտեն հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը համարում է ահաբեկչություն։ Բաստրիկինի խոսքով՝ «ահաբեկչական հարձակումը» նախապատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները, իսկ նպատակը եղել է ոչնչացնել Ռուսաստանի համար շատ կարևոր «քաղաքացիական» ենթակառուցվածքային օբյեկտը։ Ինչպես նա է նշել, «ահաբեկչական հարձակման» նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին Ռուսաստանի և արտասահմանյան երկրների քաղաքացիներ են օգնել։

«Մենք որոշել ենք բեռնատարի երթուղին, որտեղ տեղի է ունեցել պայթյունը։ Դրանք են՝ Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի մարզը։ Բացի այդ, բացահայտվել են փոխադրողները՝ անձինք, որոնք մասնակցել են այս բեռնատարի տեղաշարժի կազմակերպմանը։

Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների օգնությամբ հնարավոր է եղել բացահայտել այն կասկածյալներին, որոնք կարող էին ահաբեկչություն նախապատրաստել, և մարդկանց, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- ասել է Բաստրիկինը։

Հոկտեմբերի 8-ին՝ վաղ առավոտյան, ուժգին պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանին բռնակցված Ղրիմի հետ կապող կամրջի վրա, ինչի հետևանքով փլուզվել է 19 կիլոմետրանոց կառույցի մի մասը, դադարեցվել է ավտոճանապարհային ու երկաթուղային երթևեկությունը։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ կամրջի վրա բեռնատար է պայթել, որից հետո բռնկվել է վառելիքի բաքերով բեռնված գնացքը։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Ուկրաինական լրատվամիջոցները, հենվելով ուժային կառույցների սեփական աղբյուրների վրա, գրել են, որ պայթյունը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողության արդյունք է։ Ծառայությունը չի մեկնաբանել այս հարցը, սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում գրել է. «Ուկրաինական Ղրիմում խորտակվել են ռուսական ուժի երկու խորհրդանիշ՝ հրթիռային հածանավ «Մոսկվան» և Կերչի կամուրջը։ Ո՞րն է լինելու հերթում հաջորդը, ռուսնե՛ր»։

«Այն ամենը, ինչ անօրինական է, պետք է ոչնչացվի։ Այն ամենը, ինչ գողացվել է, պետք է վերադարձվի Ուկրաինային: Պետք է վտարել այն ամենը, ինչ ռուսական է՝ օկուպացիոն»,- պայթյունից անմիջապես հետո ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։

Օրվա վերջում Ղրիմի մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում հոկտեմբերի 8-ը հիմնականում արևոտ օր էր, թեև Ղրիմում ամպեր էին. «Բայց ինչքան էլ ամպոտ լինի, ուկրաինացիները գիտեն, թե ինչ անել և գիտեն, որ մեր ապագան արևոտ է։ Դա ապագան է՝ առանց օկուպանտների մեր ողջ տարածքում, այդ թվում՝ Ղրիմում»։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին պետք է լինի միայն «ահաբեկիչների ոչնչացումը»։

Ռուսաստանը Կերչի նեղուցով երկու զուգահեռ կամուրջների կառուցումը սկսել է 2016 թվականին՝ Ղրիմի թերակղզու բռնակցումից երկու տարի անց։ Ավտոմոբիլային մասը բացել է նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի մայիսի 15-ին և այդ օրը նա անվանել է «պատմական»։ Երկաթուղին շահագործման է հանձնվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր, Ռուսաստանը օգտագործում է այս կամուրջը Ուկրաինայի հարավում գտնվող իր զորքերի մատակարարման համար։

Ուկրաինայի իշխանությունները կամուրջը համարում են անօրինական շինարարություն։ Եվրոպական միությունը կամրջի կառուցումը գնահատում է որպես Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հերթական խախտում, որի նպատակը Ռուսաստանի կողմից ապօրինի կերպով բռնակցված Ղրիմն Ուկրաինայից մեկուսացնելն է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։