Հակակոռուպցիոն բյուրոյին մեղադրում են հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները թաքցնելու մեջ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Հակակոռուպցիոն բյուրոն թաքցնում է 2023 թվականի հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները՝ դրանով իսկ ուղղակիորեն խախտելով հակակոռուպցիոն օրենքը։ Այսօր այս մասին հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հասարակական կազմակերպությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Խոսքը 720 պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրի մասին է։ Անցյալ տարի դիտարկվել են նաև այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարագրերը։ Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից ստուգման ենթակա պաշտոնյաների թվում են եղել 9 նախարար, 13 փոխնախարար, 68 պատգամավոր, 5 դատավոր, 2 դատախազ, ինքնավար հանրապետության կառավարության նախագահներ։

Ըստ օրենքի՝ մոնիտորինգի արդյունքները պետք է ակտիվորեն հրապարակվեն յուրաքանչյուր տարվա վերջում։ 2017-2022 թվականներին հայտարարագրերի մոնիտորինգի համար պատասխանատու գործակալությունը Հանրային ծառայության բյուրոն էր, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից այդ գործառույթը փոխանցվեց Հակակոռուպցիոն բյուրոյին։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» նշում է, որ Հակակոռուպցիոն բյուրոն չի հրապարակել տեղեկատվություն այն մասին, թե արդյոք խախտումներ են հայտնաբերել պաշտոնյաների հայտարարագրերում, ինչ խախտումներ են ունեցել նրանք և ինչ տեսակի պատժամիջոց (նախազգուշացում կամ տուգանք) է կիրառվել ի պատասխան։

«Հակակոռուպցիոն բյուրոն 2024 թվականի մարտի 29-ին Վրաստանի խորհրդարանին ներկայացված տարեկան գործունեության հաշվետվության մեջ արտացոլել է մինչև 2023թ. սեպտեմբերի 1-ը Հանրային ծառայության բյուրոյի կողմից իրականացված հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքների միայն ընդհանուր վիճակագրությունը՝ չնշելով պաշտոնատար անձանց խախտումներն ու նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները։

Հակակոռուպցիոն բյուրոն չի հրապարակել սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից ստուգված հայտարարագրերի արդյունքները՝ ներառյալ ընդհանուր վիճակագրությունը։ Բյուրոն հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները չի տվել նույնիսկ հանրային տեղեկատվության հարցման հիման վրա»,- նշում է հասարակական կազմակերպությունը։

Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի տարեկան հաշվետվության համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև տարեվերջ ստուգման ենթակա պաշտոնատար անձանց ընդհանուր թիվը կազմել է 220։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի»՝ Բյուրոյի հայտարարությունը, որ 2024 թվականի մարտի 29-ի դրությամբ իր կողմից ստուգվող 220 հայտարարագրերի վերաբերյալ վարչական վարույթը շարունակվում էր, և դրա հիման վրա արդյունքները հրապարակել չէր կարող, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին հակասում է։

Բյուրոն ասում է, որ մոնիտորինգի արդյունքները կներկայացնի 2024 թվականի զեկույցում, որը պետք է հրապարակվի 2025 թվականի մարտին։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» կոչ է անում հակակոռուպցիոն բյուրոյին ամբողջությամբ հրապարակել 2023 թվականին գույքի հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները՝ հակակոռուպցիոն օրենքի պահանջներին համապատասխան։

Կազմակերպությունը պնդում է, որ հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է Եվրահանձնաժողովի առաջարկության հիման վրա։ Սակայն «կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու և դրա կանխարգելման փոխարեն այն կտրուկ վատթարացրեց պաշտոնյաների հայտարարագրերի մոնիտորինգի և թափանցիկության չափանիշները»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):