Թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ֆոնին, 30 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը։ 100 տոննա մարդասիրական բեռներով Հայաստանի կողմից ուղարկված հինգ բեռնատարները փետրվարի 11-ին հատել են սահմանը Թուրքիայի հետ կապող ամենակարճ մայրուղով՝ Մարգարայի կամրջով։ Օգնությունը հասել է սահմանից 600 կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղետի գոտի՝ Ադիյաման քաղաք։ Այս քաղաքում աշխատում է նաև 27 հոգանոց հայ փրկարարների խումբը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
«Միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած այս առատաձեռն աջակցությունն՝ օգնելու մեղմել երկրաշարժից տուժած շրջանում մեր ժողովրդի տառապանքները»,- ասել է Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում թուրքական կողմի ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը։
Դիվանագետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին և արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Վահան Կոստանյանին ջանքերի համար։ «Ուրախ ենք, որ կարող ենք օգնել»,- պատասխանել է Ռուբինյանը: Նրա խոսքով, Թուրքիա օգնություն ուղարկելը ճիշտ քայլ է, և մեծածավալ աղետների ժամանակ բոլոր երկրները պետք է օգնեն միմյանց։
«Գիտեք վերջին 100 տարում հայ-թուրքական հարբերությունները շատ բարդ են եղել և բազմաթիվ խնդիրներով լի։ Բայց, ամեն դեպքում, մենք հիմա գործ ունենք հումանիտար աղետի հետ, և անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, կամ անցյալում ինչպիսի հարբերություններ են եղել և ինչ իրադարձություններ են եղել, փաստ է, որ մեր պետությունները հարևաններ են և հարևանները պետք է օգնեն միմյանց աղետների ժամանակ»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ռուբինյանը։
Հայաստանը նաև փրկարարներ և մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա։
Մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 6-ին, լուսադեմին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որին հաջորդել են 7,6 մագնիտուդով կրկնակի ցնցումներ նույն օրվա ընթացքում։ Վեց օր անց երկու երկրներում զոհերի թիվը գերազանցում է 33 000-ը։ Թուրքական կողմից զոհվել է 29 605, իսկ սիրիական կողմից՝ 3 574 մարդ։ Շենքերի փլատակների տակ դեռ մարդկանց են փնտրում։ Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ 80 հազար մարդ հոսպիտալացվել է, իսկ ավելի քան մեկ միլիոնը գտնվում է ժամանակավոր կացարաններում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում առնվազն 870 հազար մարդ տաք սննդի հրատապ օգնության կարիք ունի։ Նույն տվյալներով՝ միայն Սիրիայում ձմռան պայմաններում անօթևան է մնացել շուրջ 5,3 միլիոն մարդ։
Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից։ Հարևան երկրները տարբեր տեսակետներ ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ 1915 թվականի իրադարձությունների հետ կապված: Մասնավորապես, Հայաստանը, ինչպես շատ այլ պետություններ, ճանաչում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն։ Թուրքիան համաձայն չէ նման գնահատականի հետ։ Ինչ վերաբերում է ցամաքային սահմանին, ապա այն Թուրքիայի կողմից փակվել է 1993 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ՝ ի նշան Ադրբեջանին աջակցության։ 2022 թվականի մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Սա վերջին տասնամյակում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Թուրքիա։ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և բացել իր սահմանները։