Human Rights Watch-ը և Amnesty International-ը քննադատում են «գործակալների մասին» օրինագիծը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը © Reuters / Իրակլի Գեդենիձե

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch և Amnesty International կազմակերպությունները նշում են, որ «Օտարերկրյա գործակալների մասին» երկու օրենքների նախագծերը, որոնք քննարկում է Վրաստանի խորհրդարանը, ոտնահարում են մարդու իրավունքները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Օրինագծերն ուղղված են մարգինալացնելուն և վարկաբեկելու անկախ, օտարերկրյա ֆինանսավորմամբ զբաղվող խմբերին և հանրային լայն շահերին սպասարկող լրատվամիջոցներին: Օրինագծերի նպատակն է սահմանափակել քննադատական ​​խմբերին և կարևոր լրատվամիջոցներին, խախտել Վրաստանի միջազգային պարտավորությունները։ Դա լուրջ սառեցնող ազդեցություն կունենա խմբերի և անհատների վրա, ովքեր աշխատում են պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», - ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Կազմակերպությունների այսօր՝ մարտի 7-ին, տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի խորհրդարանը պետք է վճռականորեն մերժի այն օրինագծերը, որոնք պահանջում են անհատներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և լրատվամիջոցներից Արդարադատության նախարարությունում գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալ», եթե իրենց եկամտի առնվազն 20%-ը ստանում են արտերկրից։ Նշվում է, որ խախտումների համար օրենքների նախագծերը նախատեսում են նաև լրացուցիչ, ծանր հաշվետվությունների պահանջներ, ստուգումներ, վարչական և քրեական պատասխանատվություն՝ ներառյալ մինչև 5 տարի ազատազրկում։

«Օրինագծերը անհամատեղելի են մարդու իրավունքների միջազգային օրենսդրության և չափանիշների հետ, որոնք պաշտպանում են խոսքի և միավորումների ազատության իրավունքը։

Օրենքների նախագծերը հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով (ICCPR) ստանձնած պարտավորություններին:

Թեև միջազգային իրավունքի համաձայն՝ արտահայտվելու և միավորվելու իրավունքների որոշակի սահմանափակումներ թույլատրելի են, դրանք [սահմանափակումները] պետք է հստակ ձևակերպվեն և հասանելի լինեն օրենքով, պետք է լինեն անհրաժեշտ և համաչափ՝ օրինական նպատակին հասնելու համար: Նշված օրենքների նախագծերը չեն համապատասխանում այս փորձությանը և չափից դուրս սահմանափակում են այդ իրավունքները։ Ազգային, միջազգային և օտարերկրյա աղբյուրներից ռեսուրսներ փնտրելը, ստանալը և օգտագործելը հավաքների ազատության իրավունքի անբաժանելի մասն է: Սա հաստատված է մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային մեխանիզմներով, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում հասարակական կազմակերպությունների իրավական կարգավիճակի մասին» 2007 թվականի հանձնարարականով:

2022 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռեց, որ Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքը, որը նման է վրացական օրինագծերին, խախտում է Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանված միավորման իրավունքը։ Դատարանը գտել է, որ միջազգային կամ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստացող կազմակերպությունների համար հատուկ կարգավիճակի և իրավական ռեժիմի ստեղծումն արդարացված չէ, և սահմանափակումները միջամտություն են նրանց օրինական գործառույթներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի տնօրեն Մարի Ստրութերսը նշել է, որ առաջարկվող օրինագծերը ոտնահարում են խոսքի և միավորումների ազատության իրավունքները, հակասում են մարդու իրավունքների պաշտպանության Վրաստանի պարտավորություններին, և այդ պատճառով խորհրդարանը չպետք է ընդունի դրանք:

«Կառավարությունը պետք է մտածի քաղաքացիական հասարակության համար անվտանգ և բարենպաստ միջավայր ապահովելու ուղիների մասին, այլ ոչ թե օրենքներ ընդունի, որոնք կխափանեն անկախ ձայների գործունեությունը, որոնք իրեն դուր չեն գալիս», - ասել է Ստրութերսը:

Ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և քաղաքացիների բողոքի ակցիաների ֆոնին Վրաստանի խորհրդարանը քննարկում է «Օտարերկրյա գործակալների գրանցման» և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքների նախագծերը, որոնք նախաձեռնել են խորհրդարանական մեծամասնության անդամները։

 

Այս թեմայով՝

«Երկու օրինագծերն էլ հակասահմանադրական են». ՍԴ նախկին դատավոր

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։