Այս տարվա հունվարին ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից Վրաստան են ներկրվել 420 304 330 դոլար արժողությամբ կտավներ։ Այն ենթադրությանը, որ արվեստի գործերը պատկանում են «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին, կուսակցությունը դեռ չի արձագանքել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
- 6 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
Ֆինանսների նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ հունվարին 97012100000 ապրանքային ծածկագրով, որը ներառում է կտավներ, գծանկարներ և պաստելներ, Միացյալ Նահանգներից ներկրվել է 4698,5 կգ ապրանք՝ 167 600 406 դոլար արժողությամբ, իսկ Մեծ Բրիտանիայից 1,432 կգ ապրանք՝ 252 703 924 դոլար արժողությամբ։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում Գերմանիայից ներկրվել է 417 524 դոլար արժողությամբ 398 կգ նկար։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը կարծում է, որ արվեստի գործերը ներկրել է Բիձինա Իվանիշվիլին։ Տնտեսագետ Բեքա Լիլուաշվիլին դա պայմանավորում է պատժամիջոցներով։
«Սկսվել է Իվանիշվիլիի միլիարդ դոլար արժողությամբ արվեստի գործերի տեղափոխումը Վրաստան։ Սա Ֆինանսների նախարարության հրապարակած ներմուծման պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մոտ 500 մլն դոլար արժողությամբ թանկարժեք նկարներ։ Դրանց թվում՝ ԱՄՆ-ից, ինչը նշանակում է, որ Իվանիշվիլին, ով Թրամփի հետ «դասավորվել է», իրականում ոչինչ էլ չի դասավորել, այնտեղից էլ փախցնում է կտավները։ Ահա թե Իվանիշվիլին չի վախենում պատժամիջոցներից»,- գրել է Լիլուաշվիլին Facebook-ում։
Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեի խոսքով՝ Իվանիշվիլին օգտվել է անցյալ տարի «Վրացական երազանքի» կողմից ընդունված այսպես կոչված «օֆշորային օրենքից» և խուսափել է 86 մլն դոլար ներմուծման հարկ վճարել բյուջե։
«Իվանիշվիլին որտե՞ղ է պահելու այս նկարները։ Տանը բացառվում է, պետք է բանակը տեղակայեն պաշտպանության համար։ «Քարթուի» նկուղը սրա համար հարմար չէ, հատուկ ռեժիմ է պահանջվում։ Միակ տեղը, որտեղ խոնավությունն ու ջերմաստիճանը կայուն են և համապատասխանում են չափանիշներին, Ազգային բանկի դրամական ոսկու պահեստն է, որտեղ պահվում է 7 տոննա ոսկու ձուլակտոր։
Տեսնենք՝ Ազգային բանկը հերթական անգամ օգնության ձեռք կմեկնի՞ Բիձինա Իվանիշվիլիին։ Ազգային բանկի պահոցում, որտեղ պահվում են կանխիկ և ոսկու պահուստները, չի թույլատրվում այլոց իրեր պահել։ Դրամարկղային կենտրոնի տարածքը մասնավոր անձանց վարձակալելու համար հատուկ որոշում է պահանջվում։ Նման բան երբեք չի եղել»,- ասում է Ռոման Գոցիրիձեն։
ԱՄՆ-ն Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան հօգուտ Ռուսաստանի խաթարելու համար։ Պատժամիջոցներից մի քանի օր անց միլիարդատերը սկսել է իր ընկերությունները օֆշորային գոտիներից տեղափոխել Վրաստան:
Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնություն է եղել նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատում։ Առաջարկի հեղինակ, Լիբերալ-դեմոկրատ պատգամավոր Ջեյմս Մաքլինը և ևս 26 պատգամավորներ կարծում են, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հետևի ԱՄՆ օրինակին «ժողովրդավարական հետընթացի դեմ ամուր դիրքորոշում ցուցաբերելու հարցում»:
Bloomberg-ը, որը Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատում է 7,75 միլիարդ դոլար, գրում է, որ միայն նրա արվեստի հավաքածուն արժե 1 միլիարդ դոլար։