Իմ փաստաբաններից ոչ մեկին երբեք չեմ ասել, որ թունավորման կասկածներ ունեմ. Սաակաշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ուզում եմ նշել, որ ես երբեք իմ փաստաբաններից ոչ մեկին չեմ ասել, որ թունավորման կասկածներ ունեմ։ Այս թեմայով շահարկումներն անտեղի են»,- այսօր՝ նոյեմբերի 21-ին, այս մասին հայտարարություն է տարածել բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Սաակաշվիլին ասում է, որ իր առողջական վիճակն իսկապես գնալով վատանում է և հատկապես վերջին երկու ամիսներին ավելի է վատացել. «Վիվամեդ»-ի բժիշկները չեն հրաժարվում իրենց ջանքերից։ Կարևոր է վստահել մասնագետներին և պետք չէ այս հարցը չափից ավելի քաղաքականացնել»,- գրել է նա Facebook-ում հրապարակված գրառման մեջ։

Նոյեմբերի 19-ին Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին և նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան, հայտարարեցին, որ Սաակաշվիլիին թունավորել են, իսկ օտարերկրյա փորձագետները նրա օրգանիզմում սնդիկ և այլ ծանր մետաղներ են հայտնաբերել։ Նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական ​​եզրակացությունը պատրաստել է «Էմպաթիա» կենտրոնը, որը հավանաբար կհրապարակվի մի քանի օրից։ Վրացի մասնագետների հետ փորձաքննությանը մասնակցել են նաև օտարերկրյա փորձագետներ։ Ըստ «Էմպաթիա»-ի տնօրեն Մարիամ Ջիշկարանիի, Սաակաշվիլիի ախտորոշումները լուրջ են և համապատասխանում են բանտից ազատվելու չափանիշներին։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով՝ իրենք դիմելու են Սամխարաուլիի անվան ազգային կենտրոնին՝ Սաակաշվիլիի վերաբերյալ թունաբանական փորձաքննություն անցկացնելու համար։ Մինչ այդ Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարել էր, որ ոչ ոք ծառայությանը չի տրամադրել պաշտոնական հաղորդում, որը հաստատում է Միխեիլ Սաակաշվիլիի պաշտպանի կողմից իր պաշտպանության տակ գտնվող անձի հնարավոր թունավորման մասին տարածած տեղեկատվության ճշմարտացիությունը։ Սաակաշվիլիի մայրը՝ Գյուլի Ալասանիան, հաստատում է, որ իրենք իրականում հաղորդումը չեն ներկայացրել Հատուկ քրեակատարողական ծառայություն, քանի որ սպասում են վերջնական տարբերակին, որից հետո այն կհանձնեն դատարան։

Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը, փաստաբանները, բժիշկները և «Միացյալ ազգային շարժման» անդամները պահանջում են երրորդ նախագահին տեղափոխել արտերկիր՝ բուժման համար։ Բժիշկների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին կառավարության աշխատակազմի մոտ ակցիա է տեղի ունեցել: Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել բժշկական հանրությանը աջակցության համար։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում, 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։

Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության, նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։

Սաակաշվիլին մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ։ Նա հացադուլ է հայտարարել ձերբակալության օրը։ Երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը վատացել է։ Նա նախ բուժվել են Գորիի զինվորական հոսպիտալում, ապա վերադարձվել բանտ։ Մայիսի 12-ից Վրաստանի երրորդ նախագահը տեղավորվել է քրեակատարողական ծառայության «Վիվամեդ» բժշկական կլինիկա։ Փաստաբանի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է՝ նա չի կարող ուտել, հրաժարվել է դեղորայքից։ Ընտանիքի անդամները պահանջում են հետաձգել Սաակաշվիլիի պատիժը, իսկ նրան բուժման նպատակով տեղափոխել արտերկիր։

Հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ արեց վերանայել և ազատ արձակել Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ հանդես եկող քաղբանտարկյալներին: Վեհաժողովը հոկտեմբերի 13-ին ընդունված բանաձևում որպես այդպիսի քաղբանտարկյալ է անվանել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։