Ինչո՞ւ է դպրոցի տնօրենը թաքցրել 14-ամյա աղջկա առևանգումը. Իսմայլովը հերքում է մեղադրանքները

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Զեմո Կարաբուլախի հանրակրթական դպրոցի տնօրեն Գամլետ Իսմայլով

Դմանիսիի Զեմո Կարաբուլախ գյուղի հանրակրթական դպրոցի տնօրեն Գամլետ Իսմայլովը հոկտեմբերին 6-ին «Վրաստանի լուրերի» խմբագրից նույնիսկ այն ժամանակ է թաքցրել իր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտի՝ 14-ամյա Այթաջ Շախմարովայի առևանգման փաստը, երբ աղջիկն արդեն սպանված էր։ Գամլետ Իսմայլովը «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով Դմանիսիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ է։ Նա մինչ այս պահը նույնիսկ քննիչի կողմից չի կանչվել հարցաքննության։ Իսմայլովը հերքում է քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովայի կողմից իրեն ուղղված մեղադրանքները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հոկտեմբերի 6-ին, երբ «Վրաստանի լուրերը» պարզեց Սագարեջոյի Լամբալո գյուղում սպանված աղջկա ինքնությունը, մենք հեռախոսով կապ հաստատեցինք դպրոցի տնօրենի հետ և հարցրինք, թե ինչու վերջին երեք շաբաթվա ընթացքում, երբ հանրային դպրոցներում սկսվել է ուսումնական գործընթացը, իսկ աղջիկը դպրոց չի ներկայացել, նա այդ մասին չի հայտնել ոստիկանությանը կամ սոցիալական ծառայություններին։ Օրենսդրությունը պարտավորեցնում է դպրոցի տնօրինությանը նման փաստերի վերաբերյալ անհապաղ տեղեկություն տրամադրել համապատասխան ծառայություններին։

«Երեկ էլ է դպրոցում եղել»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը։

- Այթաջ Շախմարովա, 8-րդ դասարանում, այս անուն-ազգանունով այլ աշակերտ ունե՞ք:

- Ոչ, մեկն է:

- Ինչպե՞ս էր նա երեկ դասի նստել, երբ ամառվանից հետո առևանգված է եղել, սեպտեմբերին ընդհանրապես դպրոց չի եկել, իսկ այս ամբողջ ընթացքում ոչ մեկին տեղյակ չեք պահել այդ մասին։ Դուք գիտե՞ք, որ նա սպանվել է:

- Սպանվե՞լ։

- Այո, այսօր սպանվել է։ Երկու ամիս է՝ Լամբալո գյուղում է, իսկ երեկ դասերին ինչպե՞ս էր Դմանիսիում։

Դրանից հետո դպրոցի տնօրենը դադարեցրեց շփվել մեզ հետ։

«Վրաստանի լուրերն» այսօր առավոտյան կրկին զրուցել է դպրոցի տնօրենի հետ։ Գամլետ Իսմայլովն այժմ ասաց, որ դասարանի ղեկավարը զրուցել է Այթաջի մոր հետ, ծնողը հոկտեմբերի 5-ին եկել է նաև դպրոց և խոստացել, որ աղջիկը երկու օրից կգա դասերի։

Քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան դպրոցի տնօրեն Գամլետ Իսմայլովի մասին տեղեկություն է տարածել, որ մի քանի տարի առաջ նա նույնպես ամուսնացել է անչափահաս աղջկա՝ իր աշակերտի հետ, ինչը դպրոցի տնօրենը հերքում է և ասում, որ դատի է տալու Բայրամովային զրպարտության համար։

«Այս օրերին անցկացրել են նույն գյուղի մեծամասնական պատգամավորի անչափահաս աղջկա հարսանիքը։ Նա նույնպես երկու տարի նշանված է եղել, դպրոց չի գնացել։

2015 թվականին Գամլետը ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ, ով եղել է իր աշակերտը։ Հետո պարզվում է, որ գյուղը դիմել է ՆԳ նախարարություն՝ Գամլետի ու անչափահաս աղջիկների հետ ընտանիք կազմած այլ անձանց դեմ։ Սկսվել է հետաքննություն։ Բոլորին տուգանել են, բացի Գամլետից։

Դպրոցի տնօրենը թաքցրել է բազմաթիվ անչափահասների նշանադրության փաստը, նշանված աղջիկները դպրոց չեն գնացել, բայց նրանց գնահատականներ են դրել։

Այթաջին նշանադրել են (ամուսնության համար) 2022 թվականի դեկտեմբերին։ Երբ նրան նշանադրել են, մայրը գնացել է դպրոց, խոսակցություն է եղել տնօրենի հետ, և այս տարիների ընթացքում տնօրենը հոգ էր տանում ոչ միայն Այթաջի, այլ նաև մյուս աղջիկների մասին։ Նա մի քանի անգամ սպառնացել է դպրոցի ուսուցիչներին, որ կհեռացնի դպրոցից, իսկ ուսուցիչները դպրոց չգնացող աշակերտներին գնահատականներ են դրել։

Ինչ վերաբերում է Այթաջի առևանգման դեպքին, ապա պարզվում է, որ մայրը Այթաջին տարել է Մառնեուլի` համոզելով, թե ինչ-որ գործ ունեն և ցանկացել է նրա համար հագուստ գնել։ Մառնեուլիում նրան սպառնացել է, որ պետք է ամուսնանա այդ տղայի հետ։ Լիովին անպաշտպան Այթաջը այլընտրանք չի ունեցել։ Այդ պատճառով նա երկու ամիս մնացել է տղայի տանը, քանի որ մայրն ավելի վատ է վարվել նրա հետ։

Երբ այս պատմությունը հայտնի դարձավ բոլորին, դպրոցի տնօրենը ուսուցիչներին և Այթաջի դասընկերներին կանչել է իր սենյակ և երկու ժամ շարունակ սպառնացել նրանց։ Նա բազմիցս ասել է, որ ունի աջակիցներ՝ Դմանիսիի կրթական ռեսուրս կենտրոնը, սակրեբուլոն, կրթության նախարարությունը պաշտպանում են իրեն և այս հարցում պաշտպանելու են բոլոր ուսուցիչներին։ Ուստի ուսուցիչները համաձայնել են, որ կասեն այն, ինչ անհրաժեշտ է։

«Այթաջի հայրը կնոջը և դպրոցի տնօրենին է մեղադրում աղջկա սպանության մեջ»,- գրում է Սամիրա Բայրամովան։

«Վրաստանի լուրերի» հետ զրույցում դպրոցի տնօրենը հերքել է Սամիրա Բայրամովայի կողմից հնչած բոլոր մեղադրանքները։ Գյուղի մեծամասնական պատգամավորի աղջկա հետ կապված դրվագի մասին նա ասել է, որ աղջիկը դուրս է եկել դպրոցից, սովորել է քոլեջում և անչափահաս տարիքում չեն ամուսնացրել։

Մինչ այժմ մեզ չի հաջողվել Դմանիսիի կրթական ռեսուրս կենտրոնից և կրթության նախարարությունից տեղեկություն ստանալ, թե արդյոք Այթաջի սպանությունից հետո ներքին հետաքննություն է սկսվել։

Սպանված Այթաջ Շախմարովան

Հոկտեմբերի 6-ին Սագարեջոյի Լամբալո գյուղում սպանվել է 14-ամյա Այթաջ Շախմարովան։ Երեխային ատրճանակով կրակել է 26-ամյա Ալի Սադիգովը, ով ամռանն առևանգել է աղջկան՝ նրա հետ ամուսնանալու համար և Քվեմո Քարթլիից տարել է Կախեթի։

Դատախազության հայտարարության համաձայն՝ անչափահասը չի ցանկացել ապրել առևանգողի հետ, կարողացել է փախչել, անծանոթի բջջային հեռախոսով կապվել մոր հետ և հայտնել իր առևանգման մասին, ինչի մասին հայտնի է դարձել նաև առևանգված երեխայի հորեղբորը, թեև նրանք ստիպել են աղջկան ապրել առևանգողի հետ։

Սպանությունից հետո մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նա ձերբակալվել է չորս օր տևած հետախուզումից հետո։ Ալիմ Սադիգովը չի ընդունում դիտավորյալ սպանությունը։ Ասում է, որ զենք գործածել չի իմացել ու միայն ցանկացել է աղջկան վախեցնել։

«Ես անչափահասի հետ չեմ ամուսնացել։ Նրա մայրն ինձ ասում էր, որ նա 18 տարեկան է»,- դատական ​​նիստին ասել է մեղադրյալը։ Դատավորը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Եթե ​​նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում: Դատախազությունը շարունակում է քննությունը՝ պարզելու երեխայի հնարավոր բռնաբարության փաստը։

Դատախազության պահանջով Ռուսթավիի դատարանը հոկտեմբերի 11-ին կալանավորել է սպանված աղջկա մորն ու հորեղբորը։ Դատախազի խոսքով՝ 14-ամյա աղջկա այսպես կոչված նշանադրության, այսինքն՝ հանցագործության կազմակերպիչը մայրն է եղել։ «Մայրն է եղել այն անձը, ում դուր է եկել տարիքով մեծ տղամարդը, հետևաբար՝ հարուստ, մայրն է եղել կազմակերպիչը, որ տեղի ունենա իր աղջկա և այս տղամարդու միջև նշանադրությունը, իսկ հետո, երբ արդեն առևանգված աղջիկը զանգահարել և օգնություն է խնդրել նրանից, հենց մայրն է եղել այն անձը, ով այս երեխային վերադարձրել է առևանգողին»,- ասել է դատախազը։

Դատախազությունը աղջկա մորն ու հորեղբորը մեղադրում է նրան ստիպողաբար ամուսնացնելու և հանցագործության մասին չհայտնելու մեջ։ Նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։