Պետական անվտանգության ծառայությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու մեղադրանքով ձերբակալել է Վրաստանի 6 քաղաքացու: Ըստ ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաչա Մգելաձեի՝ ձերբակալվածները կապեր են ունեցել «Իսլամական պետության» ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ և նրա ղեկավարությամբ ծրագրում էին տարբեր տեսակի ահաբեկչական գործողություններ մի քանի երկրներում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 4 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 5 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 6 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է միաժամանակ չորս վայրում։ Մգելաձեի խոսքով՝ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներ, էլեկտրոնային տեղեկատվություն կրող սարքավորումներ, զինամթերք, պայթուցիկ նյութեր և հետաքննության համար կարևոր տարբեր ապացույցներ։
«Նշված հետաքննության շրջանակներում հակաահաբեկչական կենտրոնը ձեռք բերված ապացույցների հիման վրա հայտնաբերել է որոշակի ահաբեկչական գործողություններ օտարերկրյա տարբեր երկրների տարածքում և, հաշվի առնելով վտանգների աճը, տեղեկատվությունն օպերատիվ կերպով փոխանցվել է գործընկեր երկրներին։ Նույն գործի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել օտարերկրյա երկրի մեկ քաղաքացու նկատմամբ, որը դատարանի որոշմամբ գտնվում է ՆԳՆ միգրացիոն վարչության ժամանակավոր տեղակայման կենտրոնում»,- ասել է Մգելաձեն։
Հակաահաբեկչական կենտրոնը գործը քննում է քրեական օրենսգրքի 328-րդ և 236-րդ հոդվածներով, որոնք ներառում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելը, ահաբեկչական գործունեությանն օժանդակելը, հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերումն ու պահումը։
Մայիսի սկզբին թուրքական մի քանի լրատվամիջոցներ գրել էին, որ «Իսլամական պետությունը» Թուրքիայում նոր կառույց է ստեղծել, որն ակտիվ է նաև Վրաստանում և Ադրբեջանում։ «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում քարոզչական գործունեության արդյունքում ստեղծված «Ջիհադ խմբավորման» անդամները ռազմական պատրաստություն են անցել Վրաստանում, որից հետո ուղարկվել են հակամարտության գոտիներ, աշխատել են Սիրիայում և Վրաստանում։ Թուրքիայի ոստիկանության և Ազգային հետախուզական կազմակերպության կողմից միաժամանակ 23 նահանգներում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 74 կասկածյալ։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հերքել է, որ ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները Վրաստանում վարժանքներ են անցել։
